Ի՞նչ է նշանակում՝ «Ադրբեջանը վերադառնում է Երևան». այսինքն՝ դա նշանակում է, որ նրանք հանցափո՞րձ են անում հայկական պետության անկախության նկատմամբ
Գլխավոր » Լրահոս » Ի՞նչ է նշանակում՝ «Ադրբեջանը վերադառնում է Երևան». այսինքն՝ դա նշանակում է, որ նրանք հանցափո՞րձ են անում հայկական պետության անկախության նկատմամբ

Ի՞նչ է նշանակում՝ «Ադրբեջանը վերադառնում է Երևան». այսինքն՝ դա նշանակում է, որ նրանք հանցափո՞րձ են անում հայկական պետության անկախության նկատմամբ

Իսրայելցի հրապարակախոս և հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը, որը բազմիցս եղել է թե՛ Երևանում, թե՛ Բաքվում ու թե՛ Արցախում, կարծում է, որ հարաբերությունների խաղաղ ու երկարաժամկետ կարգավորումը պետք է ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ավիգդոր Էսկինը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի այսօրվա կարգավիճակը աշխարհում զգալի չափով կախված է Հայաստանի հետ խաղաղ համաձայնագիր կնքելու իր պատրաստակամությունից: Այս համատեքստում իսրայելցի հրապարակախոսը կոչ արեց Ադրբեջանի նախագահ Ալիևին հրաժարվել Հայաստանի հանդեպ ռազմատենչ հռետորաբանությունից՝ ընդգծելով, որ այն խանգարում է բանակցություններին:

«Ալիևը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանի կարգավիճակը աշխարհում այսօր զգալիորեն կախված է Հայաստանի հետ երկարաժամկետ, խաղաղ համաձայնագրի գնալու իր պատրաստակամությունից: Թուրքիայի հետ ավելորդ մոտիկությունը և Ադրբեջանի ներքին իրադրությունը լուրջ քննադատության են ենթարկվում ամբողջ աշխարհում: Դա ոչ միայն այն ուժերն են, որոնք հակամարտության մեջ են Ադրբեջանի հետ: Առաջին հերթին խոսքը սորոսական կազմակերպությունների մասին է, որոնց հետ Ալիևը արդեն մի քանի տարի է՝ պատերազմի մեջ է: Այլև Միացյալ Նահանգների վարչակազմն է և Եվրամիությունը, որը քննադատաբար է վերաբերվում Ադրբեջանին: Ուստի լավ կլիներ՝ ձեր հարևանները հասկանային, որ խաղաղ, երկարաժամկետ կարգավորման հարցում Հայաստանին ընդառաջ կատարվող քայլերը պետք են ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին», — ասաց իսրայելցի հրապարակախոսը՝ հավելելով, որ խաղաղ կարգավորումը ձեռնտու է բոլորին թե՛ տնտեսական և թե՛ այլ առումներով:

Էսկինի խոսքով՝ Ալիևի հայտարարությունները Զանգեզուրի, Սևանի, Երևանի մասին երկդիմի են՝ ուղղված լինելով նաև ներքին լսարանին ու հատկապես բնակչության այն հատվածին, որոնք արյան ծարավ են և կարծում են, թե խնդիրները կարելի է լուծել ռազմական ճանապարհով: Մեր զրուցակիցը շեշտեց, որ նման հռետորաբանությամբ հանդես գալը սխալ քայլ է Ալիևի կողմից:

«Եթե դա քաղաքականություն է, ապա դա սխալ քաղաքականություն է, որը կյանքի կոչվելու հնարավորություն չունի: Եթե դա հռետորաբանություն է, ապա արժե հրաժարվել դրանից, քանի որ այն նոր վիճաբանություն է հրահրում՝ Հայաստանում առաջացնելով բնական մտավախություններ: Ի՞նչ է նշանակում՝ «Ադրբեջանը վերադառնում է Երևան»: Այսինքն՝ դա նշանակում է, որ նրանք հանցափո՞րձ են անում հայկական պետության անկախության նկատմամբ: Նման բան չի լինի: Բայց այդ հռետորաբանությունը ամեն դեպքում խանգարում է բանակցություններին», — նշեց Էսկինը:

1