Նոյյան տապանը մանրանկարիչների պատկերացմամբ

Հայկական ձեռագրերում Նոյյան տապանի պատկերագրական տիպերի մասին շատ անգամներ ենք հանդիպում, սակայն կան հարցեր, որոնք ավելի խորը ուսումնասիրման առարկա պետք է դարձնել: Ծննդոց գրքում կարդում ենք, որ Ղամեքը 188 տարեկանում ծնեց Նոյին և շատ մեծ հույսեր կապեց նրա հետ, իսկ Նոյը 500 տարեկանում երեք որդիներ ունեցավ՝ Սեմին, Քամին և Հաբեթին: Ինչպես հիմա, այնպես էլ այն ժամանակ, այնքան շատ էին մարդկանց չարագործությունները, որ Աստված զղջաց, որ կյանք է տվել նրանց և որոշեց իր ստեղծած էակներին ջնջել երկրի երեսից՝ ջրհեղեղի միջոցով: Սակայն մեկ մարդ կար, ում Աստված վստահեց և արդար համարեց: Նոյն էր: Նոյին հանձնարարեց մեծ տապան պատրաստել, որտեղ պետք է տեղ գտնեին Նոյն ու իր ընտանիքը, ինչպես նաև բոլոր կենդանիներից ու թռչուններից մեկական զույգ, որպեսզի այդ ջրհեղեղից հետո կյանքը ծաղկեցնելու և միջավայր ստեղծելու համար լինի ամեն ինչ:
Տերը Նոյին պատվիրեց, թե ինչպես կառուցի տապանը.
«Արդ, դու քեզ համար փայտից տապան կշինես: Տապանը բաժանմունքներով կպատրաստես և ներսից ու դրսից կուպրով կծեփես… թող երեք հարյուր կանգուն լինի տապանի երկարությունը, հիսուն կանգուն՝ լայնությունը, և երեսուն կանգուն՝ բարձրությունը: Տապանն աստիճանաբար նեղացնելով կշինես՝ այնպես, որ նրա ծածկը մի կանգուն լինի: Տապանի դուռը կողքից կանես. ներքնահարկ, միջնահարկ ու վերնահարկ թող ունենա տապանը» (Ծն. Զ 14-16):
Ջրհեղեղը ոչնչացրեց կենդանի արարածներին, իսկ տապանի մեջ գտնվողները ողջ մնացին: Տապանը կանգ առավ Արարատ լեռան վրա: Աստված օրհնեց Նոյին ու նրա հետ եկող սերունդներին, նաև համերաշխության ուխտ հաստատեց Նոյի և նրա սերնդի հետ՝ խոստանալով այլևս ջրհեղեղեով չպատժել մարդկանց:
Միջնադարյան հայ մանրանկարիչները եկեղեցածիսական մատյաններում բազմաթիվ անգամներ պատկերել են Նոյյան տապանի պատմությունը: Նշենք, որ ուշագրավ է Համիթի Ս. Սարգիս եկեղեցու գրչատան շնորհալի նկարիչ Հովհաննեսի ընդօրինակած Գավազանագրքում զետեղված Նոյյան տապանի գծապատկերները: Թվով չորսն են և ունեն հետևյալ ձևերը: Տապանի առաջին գծապատկերն ունի վեց բաժանմունք. ա) բնակություն մարդկանց և թռչնոց, բ) բնակություն բարեկամ անասնոց, գ) բնակություն թշնամի անասնոց (այս բաժնում է նաև տապանի մուտքը), դ) կերակրարան պտղոց և խոտոց, ե) տեղի գարշության աղբից, զ) քամոց, ջրոց: Տապանի հաջորդ գծապատկերներն ունեն 5 բաժանմունք, որտեղ ջուրը և աղբը միասին են:
Նաև յուրովի է պատկերված տապանի բնակիչներին ներկայացնող պատկերները, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում:
Երզնկայի 1362 թվականի Ճաշոցում նկարված տապանն ունի հետևյալ հորինվածքը: Ծածկի տակ երկու փոքր թռչուններ են, որոնք, ըստ իս, հավանաբար ագռավ ու աղավնի են: Վերևից, առաջին հարկաբաժնում թռչուններ են՝ յուրաքանչյուր տեսակից մեկական զույգ: Տապանի կենտրոնում, շրջանակի մեջ պատկերված է Նոյն իր կնոջ հետ, իսկ ստորին մասը երկու մասի է բաժանված, որը ձևավորված է, և պատկերված է ընտանի և վայրի կենդանիներից մեկական օրինակ:
Մարկոս Պատկերահանի 1651 թվականին Կ.Պոլսում ընդօրինակված Հայսմավուրքում Նոյան տապանի հորինվածքը նույնպես եզակի է: Այստեղ պատկերված տապանն իր արտաքին տեսքով հիշեցնում է իսկույն, որ սովորական նավ չէ, այլ Աստծո պատվիրածը: Տապանի մոտ կանգնած Նոյը ձեռքերը վեր է պարզել, որտեղ պատկերված է Աստված: Այստեղ նաև ներկայացված է կենդանիների երթը: Նրանք ուղղված են դեպի տապանի մուտքը՝ ստեղծելով մի ինքնատիպ, գեղարվեստորեն հագեցած տեսարան:
Հայկական Ավետարանների կանոնական պատկերաշարում, հատկապես Վասպուրականում գրված ձեռագրերում, հանդիպում են Հին Կտակարանին վերաբերող նկարներ՝ «Իսահակի զոհաբերությունը», «Ադամի դրախտը», «Արարչագործություն» և այլն: Այս նկարների առկայությունը ավետարանական պատկերաշարում խորհրդանշում է Հին և Նոր Կտակարանների ներքին կապը: Այս առումով, բացառիկ օրինակ է Սյունիքում ԺԶ-ԺԷ դարերում ընդօրինակված գրիչ և նկարիչ Իսրայել աբեղայի Ավետարանի նկարաշարը: Ձեռագիրն սկսվում է Հին Կտակարանից վերցված մի քանի տեսարաններով, որոնց մեջ է նաև Նոյան տապանը: Այն նույնպես եզակի է իր անսովոր հորինվածքով: Պատկերի վերնամասում Նոյն է՝ երկնագույն, քարաշեն հիշեցնող խորքի վրա: Նոյի առջև տապանն է՝ դարձյալ պատկերված անսովոր տեսքով: Նոյը բռնել է ավանակի ականջներից և ձգում է դեպի տապանի ներսը, իսկ ներքևում պատկերված թևավոր սատանան իր հերթին բռնել է ավանակի պոչից և ցած է քաշում:
Պատրաստեց ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ