Հայրենի եզերքի կարոտը մի օր հնչելու է Դիզակում և Շուշիում
Հուլիսի 2-ին Երևանում տեղի է ունեցել հադրութեցի գրող Վիտալի Պետրոսյանի «Պատերազմի դուռը» գրքի շնորհանդեսը: Այն հեղինակի թվով 5-րդ գիրքն է: Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ հրապարակված գիրքը խտացված գույներով ներկայացնում է պատերազմին նախորդող ժամանակի և հաջորդող իրողությունների տրամադրությունները:
«Ապառաժ»-ի հետ զրույցում երիտասարդ գրողը նշել է, որ ի տարբերություն նախորդ գրքի, այս գրքում մի քանի բանաստեղծություններում են նկարագրվում բուն պատերազմական գործողությունները, որին հաջորդում են պատերազմի թողած ավերածությունները, բազմաթիվ զոհերը, սեփական երկրում գաղթական դարձած արցախցիների մի մասը:
Գրքում մեծ տեղ է հատկացվում պատերազմից հետո ստեղծված քաղաքական իրադրությանը, օրվա իշխանությունների ապազգային քայլերին: Իր բանաստեղծություններից մեկում Վիտալի Պետրոսյանը նշում է, որ ամեն օր կարող է դառնալ վերջինը: Նա նոր օրվա մեջ նոր հնարավորություններ կտեսնի միայն մի դեպքում. «Երբ Հայաստանի չարաբաստիկ իշխանությունները փոխարինվեն ազգային արժեհամակարգով առաջնորդվող մարդկանցով: Ինչքան այս իշխանությունները շարունակում են իշխանավարել, մենք միայն տեսնում ենք նորանոր տագնապալի իրավիճակներ, ՀՀ սահմաններում խորացող թշնամու բանակ, Արցախի ճակատագրի անորոշություն, հետզհետե ճգնաժամի մեջ խորացող տնտեսություն, արտաքին քաղաքականության իսպառ բացակայություն»:
Հարազատ վայրերից հեռու ապրելով՝ հեղինակը չի կորցնում ոգեշնչման աղբյուրը: «Ինչքան էլ հարազատ միջավայրից հեռու ապրեմ, իմ երակներով հոսում է հայրենի աղբյուրների ջուրը, իսկ իմ թիկունքին մեր լեռների բանակն է: Հայրենի եզերքի կարոտը, որն այսօր հնչում է որպես բանաստեղծություն, մի օր հնչելու է Դիզակում և Շուշիում. ես դրանում համոզված եմ»,- նշում է նա:
Հադրութում ուսուցանելու ժամանակ՝ նախքան պատերազմը, Վիտալի Պետրոսյանն անդրադարձել էր հայ գրականության չափորոշիչներին և ահազանգել ազգային ինքնաոչնչացման մասին: Նրա խոսքով, բարեբախտաբար, այդ չափորոշչի նախագիծն այդպես էլ նախագիծ է մնացել: «Այդ նախագիծը չի իրագործվել, բայց դրանց հեղինակներն իրագործել են ավելի սարսափելի ու ստոր մի ծրագիր, որի արդյունքն այն է, ինչ ունենք: Այժմ ազգային գաղափարական կրթության խիստ կարիք ունի հայ ազգի այն հատվածը, որ կանգնել է ապազգային իշխանությունների կողքին»,- կարծում է գրողը:
Անդրադառնալով ազգային մտածելակերպը վերականգնելու մասին հարցին՝ Վիտալի Պետորսյանը նշել է, որ ջանք ու եռանդ չպետք է խնայել և ամենօրյա աշխատանքով պետք է կրթել հասարակությանը. «Խոսքս այն մարդկանց է վերաբերում, որ Նիկոլ են ընտրել: Պետք է ազգային մշակույթը դառնա իրոք ազգային, իսկ կրթությունը դիտարկվի որպես ազգային անվտանգության խնդիր: Այդ ճանապարհին շատ անելիքներ ունի մտավորականությունը: Կարծում եմ՝ պետք է մշակվի աշխատանքի հստակ ռազմավարություն և աշխատանքները կազմակերպվեն համակարգված մոտեցմամբ»:
Ստորև ներկայացնում ենք գրքում հրապարակված «ԱՄԵՆ ՕՐ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՎԵՐՋԻՆԸ» բանաստեղծությունը.
Հայրենիք Հայաստան,
որի կենտրոնում կանգնելիս,
տեսանելի են բոլոր սահմանները…
Հայրենիք Արցախ,
որ բզկտել են օտարներն ու
յուրայինները և դարձրել կղզյակ…
հայրենի Հադրութ, հինավուրց Դիզակ,
որից սկսվում է իմ Հայրենիքը…
Հայրենի Շուշի, Արցախի բարձունք…
ձեզ նվիրել են թշնամուն,
չգիտեմ ինչի դիմաց։
Հիմա փոշին սրբում են
քաղաքականության դեմքից
ցախավելով, բայց հետքերը,
ցախավելի հետքերը գծագրվել են
Հայաստանի ու Արցախի
բոլոր փողոցների դեմքերին.
դրանք բծեր են, արյան լերդացած բծեր,
որ չեն սրբվում մարդկային աչքերից։
Ամբոխը, տգետ ամբոխը, օրեցօր
կրճատում է Հայրենիքը դեպի նոր սահմաններ,
որին առաջնորդում է բրիտանական փարավոնն`
իր երգեցիկ ագռավային աղմկոտ հիվանդագին
ու մտագար ձայնով:
Գոռում են բարձրախոսները,
փարավոնը փողոցում է,
ոստիկանների պատը գերազանցում է
սահմանապահ զորքերի քանակը,
նրանք պահպանում են չափազանց թանկ
մի հետույք, որն ունի խոսելու կարողություն։
Անտեր մի երկրում,
որտեղ բոլորը խոսում են,
չկա զանգ կախող:
Յուրաքանչյուր առավոտ,
որ կարող է վերջինը դառնալ,
ինքնասպանվում է քաղաքի փողոցներում,
որպես սովորական առօրյա:
Մարդիկ կախվել են սեփական հոգսերից,
այնինչ ազգային կախաղանից
ճոճվում է Հանրապետության
գալարվող մարմինը։
Ամեն օր կարող է դառնալ վերջինը: