ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հանդիպել է ՀՄԸՄ-ի պատվիրակության հետ
Այսօր՝ հուլիսի 18-ին, Ստեփանակերտի ՀՅԴ Նիկոլ Դուման կենտրոնում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հանդիպել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության Կենտրոնական վարչության պատվիրակության հետ:
Հանդիպման ընթացքում ՀՄԸՄ վարչության ատենապետ Վաչե Նաճարյանը նշեց, որ պատանիների և երիտասարդների ազգային դաստիարակությունը ՀՄԸՄ-ի հիմնական նպատակներից է: Ելնելով առողջ մտքով, մարմնով և հոգով սերունդներ դաստիարակելու կարևորությունից՝ կազմակերպությունը իր գործունեությունն է ծավալում սփյուռքի գրեթե բոլոր համայնքներում և Հայաստանի հանրապետությունում:
«Արցախում պատանիների և երիտասարդների ազգային դաստիարակության հարցը ևս ՀՄԸՄ աշխատանքների գերակա ուղղություններից է»,- ասել է նա:
ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Դավիթ Իշխանյանը հիշեցրեց, որ Արցախում ՀՄԸՄ-ն՝ որպես ՀՅԴ ուղեկից կառույց, իր աշխատանքները սկսել է 1919թ. օգոստոսից: Դ. Իշխանյանը մասնավորապես իր խոսքում նշեց, որ Արցախում ՀՄԸՄ-ի աշխատանքների վերսկսումը պատանիների և երիտասարդների շրջանակներում այսօր առավել քան կարևորվում է՝ նկատի ունենալով Արցախում պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները:
Հանդիպմանը ներկա էր նաև ԱՀ նախագահի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով խորհրդական Արմեն Սարգսյանը, ՀՄԸՄ ԿՎ անդամներ Օշին Փիրումյանը, Դավիթ Հակոբյանը, և Սանդրա Վարդանյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ Արա Պուլուզյանն ու Ալյոնա Դադամյանը:
Հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով՝ ՀՄԸՄ Արցախի վարչության անդամների մասնակցությամբ: