Թուրքերի հետ հնարավոր չէ ապրել
Գլխավոր » Լրահոս » Թուրքերի հետ հնարավոր չէ ապրել

Թուրքերի հետ հնարավոր չէ ապրել

«Ալիևը Քաջ Նազարն է. Թուրքիան կռվել է հայերի դեմ, ինքը Քաջ Նազարի նման դրոշակը տարել-տնկել է: Սա հաղթանա՞կ է»,- ասում է թաղավարդցի 97-ամյա Արուսյակ Ալավերդյանը ու շարունակում ծոռների համար գուլպա գործելը: Նա Թաղավարդում թողել է իր տունը, ողջ կյանքի ընթացքում ստեղծածը, իսկ այժմ բնակվում է Թաղավարդ-Կալերում գտնվող՝ որպես ամառանոց ծայառող տանը: 6 զավակ, 18 թոռ, 19 ծոռ ունեցող տատիկն իրեն երջանիկ մարդ է համարում, անհանգստացնողը տնից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանական դիրքերն են ու քաղաքական ղեկավարների քայլերը:

Արուսյակ տատիկին հատկապես ջղայնացրել են Նիկոլ Փաշինյանի խոսքերը Շուշիի մասին, ինչպե՞ս կարող էր ղեկավարն այդպես խոսել հայկական Շուշիի մասին: «Կյողեն փափաղը կլխետս տիրալ՝ դուխով հա դուխով, էդ պրեզիդենտու պեներա՞: Չագուճ յոր կոնին, թա հու ինձ ձայն չտա գլուխը թակլա՞ն ում, տի պրեզիդենտու շնորհքա ինո՞ւմ (Գողի գլխարկը դրել ես գլխիդ, թե դուխով, հա դուխով, դա նախագահի խոսք է՞: Չագուճը կվերցնեն, թե ով ինձ ձայն չտա, գլուխը թակելու եմ, դա նախագահի շնորհք է՞)»,- ասում է Արուսյակ տատին ու զարմանում, որ այդպիսինին ձայն են տվել:

Հիմա Փաշինյանը Քոչարյանին է մեղադրում, Սերժին է մեղադրում: «Ի՞նչ է եղել, համ հաղթել են, համ երկիրը պահել: Դո՞ւ ինչ ես արել, երկու պետություն ես տանուլ տվել. գիտի, թե Երևանն իրենն է, չհավատաք»,- խոսքն ուղղելով Փաշինյանին՝ ասում է տատիկը:

«Որ Ալիևն ասում է՝ Ղարաբաղը իմն է, Հայաստանը իմն է, ինքն էլ կանգնի ասի՝ ո՞նց է քոնը: Էդ, որ կոտրած ձեռքով ստորագրեցիր, Ղարաբաղը հանձնեցիր, դու Ղարաբաղում կռվե՞լ ես, Ղարաբաղում զենք ե՞ս վերցրել: Ինքը սկի իր ընտանիքը չի կարողանում պահել, ասում է՝ կինս պատերազմում էր: Կինդ Գորիսում էր: Կինդ, որդիդ պատերազմին մասնակցե՞լ են, դու մասնակցե՞լ ես: Եթե Քոչարյանը կերել է, դու երկու անգամ շատ ուտեիր, բայց պահեիր, ինչո՞ւ ես տալիս թուրքին»,- վրդովված խոսում է Արուսյակ տատիկը: Համոզված է՝ եթե Փաշինյանը մարդ լիներ, ինքն իրեն կսպաներ:

Նա նաև շատ լավ է ճանաչում թուրքերին, ադրբեջանցիներին: Հայերն իրենց զավակներին սովորեցնում են՝ խելոք, գրագետ մարդ դառնալ, նրանք սովորեցնում են՝ գող, մարդասպան դառնալ:

«Մենք դպրոցում ադրբեջաներեն, հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներն էինք անցնում: Վերջում դրանք այնպես զարգացան, թե՝ միայն ու միայն ադրբեջաներեն պետք է սովորեք»,- ասում է դպրոցում 8 տարի ուսանած տատիկը. 1941թ. պատերազմից հետո չի շարունակել ուսումը:

Պատմում է, որ Ակնա (Աղդամ) առևտրի էին գնում, այնտեղ հայերին ամեն կերպ ճնշում էին: Իրար մոտ երկու մեքենաներ էին կանգնեցված՝ մեկը հայի, մյուսը թուրքի: Թուրքի վաճառած բանջարեղենի գինը երեք մանաթ էր, հայինը՝ երկու: Բայց հայից իրավունք չունեին գնումներ անել, քանի որ սկզբից պիտի թուրքինը վաճառվեր, հետո հայինը: «Դե հայ, գնա թուրքի հետ ապրիր: Արժե՞ ապրել: Ո՞ր մեկն ասեմ: Մեր տանը եկել կերել-խմել են՝ քիրվաս ես (բարեկամ, ծանոթ), քիրվաս ես ասելով: Հաջորդ առավոտ արթնանում ենք, տեսնում՝ ոչ իրենք կան, ոչ մեր ոչխարները. գողացել են: Թուրքն այսպիսի տիպ է: Կարելի՞ է այդպիսինի հետ ապրել. եթե կարելի է՝ ապրեք, իմ փայը պրծել է»,- ասում է տատիկը: Պատմում է Սումգայիթում հայերին, հատկապես հղիներին առանձնակի դաժանությամբ սպանելու դեպքերը և փաստում՝ այդպիսի ազգի հետ չես կարող ապրել:

Նրա երկու եղբայրները Հայրենական պատերազմում են զոհվել, երեք քույրերով մնացել են մոր հետ: «Թող ստուգեն, թե 1941թ. պատերազմում քանի զոհ են տվել ադրբեջանցիները, քանի մարդ է մասնակցել: Միայն Թաղավարդ գյուղում 243 զոհ է եղել, հիմա նրանք եկել՝ մեր գերեզմանները, հուշարձանները քանդում են: Ինչո՞ւ են կոտրում, ավերում հուշարձանները, եթե մարդասպան չեն, ցեղասպան չեն»,- լացակումած հարցնում է տատիկը:

Արցախյան առաջին պատերազմի օրերին իր տանը 27 հոգի էր պահում, ամեն օր հաց թխում նրանց համար: Վերջին պատերազմի ժամանակ էլ չէր ուզում գնալ՝ ո՞նց թողեր որդուն, թոռներին, ծոռներին: Բայց երբ արդեն թուրքերը Թաղավարդ են մտել, որդին մի կերպ հասցրել է Երևան:  

Ստեփանակերտում մի քանի ամիս մնալուց հետո վերադարձել է գյուղ: «Այնտեղ մնամ՝ ի՞նչ անեմ. իմ տունը չէ»,- ասում է Արուսյակ տատին ու տան պատուհանից կարոտած նայում դեպի Թաղավարդի տունը:

Հարցազրույցը Տ. Աղաջանյանի

1