Շուշիի ուղղությունից այսօր ադրբեջանական կողմը 4-5 անգամ կարճ կրակահերթ է արձակել ինքնաձիգից. ԱՀ ՄԻՊ
Շուշիի ուղղությունից այսօր արձանագրված կրակահերթերի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները ստուգելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվել է միջադեպի վերաբերյալ փաստերի հավաքագրում։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից:
Նա իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է.
«ՄԻՊ ներկայացուցիչները եղել են Ստեփանակերտի Արմենավան թաղամասում, բնակիչների հետ հանդիպման ընթացքում հաստատվել է փաստը, որ մոտավորապես ժամը 17:00-ին ադրբեջանական կողմը 4-5 անգամ կարճ կրակահերթ է արձակել ինքնաձիգից։
Տեղեկությունը հաստատել են նաև պետական լիազոր մարմինները:
Միջադեպի մասին տեղեկացվել են ռուսական խաղաղապահ ուժերը։
Առողջապահության նախարարությունից և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ստացված տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, վերջին օրերին առավել հաճախ է դիմում սադրիչ գործողությունների` այդ կերպ հետապնդելով խաղաղ բնակչությանը մշտապես ահաբեկելու, վախի ու լարվածության մթնոլորտ ձևավորելու նպատակ։
Միջադեպերի քննության հստակ մեխանիզմների ներդրումը ուղղակի անհրաժեշտություն է ադրբեջանական կողմի նկրտումները զսպելու և սադրանքները բացառելու համար։
Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության դեմ ադրբեջանական ոտնձգությունները ռուս խաղաղապահների և միջազգային հանրության կողմից պետք է արժանանան համապատասխան գնահատականի` այդ թվում հրապարակային»։
Հավելենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առավոտյան հայտնել է հունիսի 15- ի գիշերը Շուշի քաղաքի մոտակայքում ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի կրակը բացել են «անօրինական հայկական» ռազմական կազմավորումները:
Ադրբեջանի ՊՆ-ն այսօր հայտնել է նաև ժամը 14:15-ին Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին :