Հանրությունը գիտակցել է, թե ինչի համար է պահանջում Ա. Հարությունյանի հրաժարականը
Գլխավոր » Լրահոս » Հանրությունը գիտակցել է, թե ինչի համար է պահանջում Ա. Հարությունյանի հրաժարականը

Հանրությունը գիտակցել է, թե ինչի համար է պահանջում Ա. Հարությունյանի հրաժարականը

Ստեփանակերտում հունիսի 21-ին և 22-ին տեղի են ունեցել հանրահավաքներ՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Հավաքի պատճառ էր դարձել Ա. Հարությունյանի՝ ՔՊ նախընտրական շտաբում հայտնվելը, իսկ ապա՝ Նիկոլ Փաշինյանին շնորհավորելը ՀՀ ԱԺ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:  Տեղի ունեցած գործընթացների մասին «Ապառաժ»-ը զրուցել է ակցիան համակարգող արցախցի բժիշկ Մարատ Հարությունյանի հետ:

-Որտեղի՞ց ծագեց հանրահավաքի միջոցով Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջելու նախաձեռնությունը։

— Հունիսի 21-ին համացանցում տարածվեց հավաքի մասին հայտարարություն, որը պետք է տեղի ունենար ժամը 19։00-ին։ Հանրության առողջ ներկայացուցիչները պատրաստվում էին դժգոհություն հայտնել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի վարքագծի ու պահելաձևի վերաբերյալ և պահանջել նրա  հրաժարականը։ Ես՝ որպես քաղաքացի, հարկ համարեցի նույնպես մասնակցել այդ հավաքին, քանի որ բազմիցս հրապարակայնորեն արտահայտել եմ իմ կարծիքը:

Ես կարծում եմ, որ անհրաժեշտ են փոփոխություններ, և ժողովրդին պետք է ցանկացած գործողության ու քայլի վերաբերյալ հաշվետվություն ներկայացվի։ Պատերազմից հետո մտահոգությունս այն էր, որ միանձնյա որոշումներ  այլևս չպետք է կայացվեն: Այսօրվա արցախի կացությունը հենց միանձնյա և սխալ որոշումների հետևանք է:

Գնալով այդ հավաքին՝ տեղեկացա, որ կան մարդիկ, այդ թվում՝  նաև պետական աշխատողներ, ովքեր իրենց դժգոհության խոսքն էին ուզում ասել ՀՀ Աժ ընտրությունների ընթացքում նախագահ Ա․Հարությունյանի ՔՊ նախընտրական շտաբ այցելության և այդ կուսակցության անդամների հետ հանդիպման վերաբերյալ։

Արցախում մեղադրում են ՀՀ ներկայիս իշխանություններին պատերազմը ժամանակին չկանգնեցնելու համար: ՀՀ իշխանությունները, ըստ իրենց վկայության, վախեցել են, որ իրենց դավաճան կանվանեն: Շարունակելով պատերազմը՝ անհավասար կռվում թուրքերը հասել են Շուշի և անմիջական վտանգ ստեղծել Ստեփանակերտի համար։

Տեսնելով Արցախի նախագահի կեցվածքը ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ՝ Արցախի հանրությունը ցասում է ապրել:

-Ինչպե՞ս եք մեկնաբանում Ա. Հարությունյանի այցելությունը ՔՊ  նախընտրական շտաբ:

-Ինչպես Ա. Հարությունյանը նշել է իր ելույթում, թե հանդիպել է նաև այլ ուժերի հետ, չեմ բացառում։ Սակայն, գիտակցելով Արցախի հանրության տրամադրությունը, նրա ժպտադեմ այցելությունը ՔՊ-ի շտաբ վերքի վրա աղ լցնելու նման արարք է:

Եթե նա գնացել է աջակցություն հայտնելու՝ մտածելով, որ կախված է նրանցից և ֆինանսավորվում է այնտեղից, ապա ոչ ոք չի ասում՝ մի արա։

Ինչ-որ տեղ կարող է հասկանալի դառնալ Մայր Հայաստանի իշխանություների հետ լավ հարաբերություններ պահելու հանգամանքը, սակայն, ամեն պարագայում, պետք է հաշվի առնել նաև հանրության տրամադրություններն ու հոգեվիճակը:

-Ձեր կարծիքով՝ հունիսի 21-ին և 22-ին  տեղի ունեցած հանրահավաքներին մասնակցության բարձր ցուցանիշը ինչո՞վ էր պայմանավորված:

— Այո՛, պետք է ասեմ, որ այդ օրերին ստեփանակերտցիները ցուցաբերեցին իրենց առողջ դատողությունն ու սրտացավությունը երկրի նկատմամբ: Նրանք գիտակցում էին՝ ինչի համար են եկել և ինչու են պահանջում Ա․ Հարությունյանի հրաժարականը։

Երբ հնչեց վերջին ելույթը, կարծես թե ամեն ինչ հասել էր իր ավարտին, սակայն քաղաքացիների մեջ մարդիկ կային, ովքեր ինչ-որ ձևով փորձում էին ուղղորդել հավաքը, որի արդյուքնում էլ  բախում  առաջացավ քաղաքացիների և ոստիկանների միջև։ Մասնակիցները գնում էին դեպի նախագահի նստավայր, որպեսզի «հեռացի՛ր» գրությամբ թերթիկները փակցնեին նախագահական շենքի դռանը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, որի հետևանքով անախորժություն տեղի ունեցավ։

— Շրջանառության մեջ է դրվել այն միտքը, որ իրականում հանրահավաքը կազմակերպել են Արցախի ընդիմադիր քաղաքական ուժեր: Ի՞նչ կասեք այդ մասին:

— Հավաքն ի սկզբանե եղել է ինքնաբուխ։ Ոչ մի քաղաքական ուժ կամ կուսակցություն մեր հայտարարություններին չի արձագանքել։ Ես հավաքից հետո հանդիպել եմ ԱԺ պատգամավորների, ովքեր ընդիմադիր կեցվածքով են հանդես գալիս ԱԺ-ում և ամիսներ առաջ պահանջել են նախագահի հրաժարականը: Նրանք եղել են ժողովրդի կողքին, սակայն որևէ մեկը չի մոտեցել ինձ ելույթի համար, որովհետև մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ հավաքը կուսակցականացված չէ:

-Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր ակտիվ մասնակցությունը այդ օրվա հավաքին:

-Հրապարակում տեսնելով պայթունավտանգ իրավիճակը՝ չէի կարող անտարբեր հետևել այդ ամենին, և ավելի ակտիվ սկսեցի գործել, որպեսզի հանդարտեցնեմ իրավիճակը և մեղմացնեմ լարվածությունը:

— Հավաքի առաջին օրը Դուք բանակցել եք պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ: Ինչպիսի՞ պայմանավորվածություններ եք ձեռք բերել:

— Պետնախարար Արտակ Բեգլարյանը նույն օրը ելույթ ունեցավ և հանրահավաքի մասնակիցների հետ պայանավորվեց, որ կապ կհաստատի ԱՀ նախագահի հետ և ներկայացնի հանրության պահանջը:

Նա մեզ հավաստիացրեց, որ նախագահը հունիսի 22-ին ելույթ կունենա, կպատասխանի մտահոգող հարցերին, ինչպես նաև կխոսի իր հրաժարականի մասին:

Մենք ակնկալում ենք, որ իշխանությունը կպատրաստի իրավական այնպիսի դրույթներ, որոնց հիման վրա նախագահի հրաժարականը իրավաչափ համարվի և որի հետևանքով կազմակերպվի արտահերթ համապետական ընտրություններ:

-Հաջորդ օրը Ա. Հարությունյանն ինքը հավաքի կոչ արեց՝ «բաց և անկեղծ» զրույց ունենալու համար: Ի՞նչ կասեք այս մասին:

— Հունիսի 22-ին, մինչ մեր նախատեսած հավաքը, Ա․ Հարությունյանը նախաձեռնել էր հավաք ժամը 18։00-ին։  Սկզբում նշվել էր, որ Ա․ Հարությունյանի հավաքին մասնակցությունը կամավոր է, սակայն 17։45-ին բոլոր պետական հիմնարկների աշխատակիցներին զանգել և պարտադրել են ներկայանալ հավաքին։ Ինձ տարբեր նախարարություններից մարդիկ զանգել և տեղեկացրել են, որ իրենց պարտադրում են մասնակցել հավաքին, ինչպես նաև նույն օրը առավոտից հավաքին մասնակցելու համար կազմակերպական աշխատանքներ են տարել զանազան համայնքների ղեկավարներ: Կիրառելով վարչական ռեսուրսներ՝ պետական համակարգում աշխատողներին և գյուղապետերին ու իրենց մտերիմներին փորձել են բերել հրապարակ՝ ցույց տալու, որ իրենք այստեղ աջակիցներ ունեն:

-Այնուամենայնիվ,  հունիսի 22-ին հրաժարականի պահանջով հանրահավաք կայացավ, որին ըստ երևույթին մասնակցեցին նաև իշխանությունների նախաձեռնությամբ հանրահավաքին բերված քաղաքացիներ:

— Իշխանությունների կողից կազմակերպված  հավաքից  և նախագահի ելույթը լսելուց հետո այդ հավաքի մասնակիցների մեծ մասը մնաց  հրապարակում, որի հետևանքով նախօրեին հանրության կողմից հայտարարված նախագահի հրաժարականի պահանջով 19:00-ին  հանրահավաքը զգալիորեն բազմամարդ  դարձավ: Այս հանրահավաքում միակ օրակարգը Ա․ Հարությունյանի հրաժարակաի հարցն էր:  

Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ հայտնվել ենք բավականին բարդ իրավիճակում. նախագահի ինստիտուտը պահելու խնդիր ունենք, գիտակցում ենք, որ ամեն ինչ օրենքի շրջանակում պետք է կատարվի։ Պետք է կարողանանք ելքեր գտնենք այս իրավիճակից և օրինական ձևով՝ Սահմանադրությունը չխախտելով, արտահերթ ընտրություններ կազմակերպենք, որպեսզի ժողովուրդը նոր առաջնորդ ընտրի և դուրս գա այս հիասթափված վիճակից։

Հայտնվել  ենք մի այնպիսի իրավիճակում, երբ մեր անվտանգությունն ապահովում են ՌԴ խաղաղապահ ուժերը: Հայաստանի Հանրապետությունը մինչ պատերազմն իրեն հայտարարում էր Արցախի անվտանգության միակ երաշխավոր, իսկ պատերազմից հետո ՀՀ գործող իշխանությունները հայտարարում են, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է: Այս պայմաններում մեր առաջնային խնդիրը  մեր անվտանգության  ապահովումն է, որից հետո՝ ներքաղաքական որևէ գործընթաց սկսելը: Այդ հանգամանքներից ելնելով՝ այս պահին նախագահի ինստիտուտը պահելու խնդիր ունենք: Անշուշտ, ժողովուրդն էլ է դա հասկանում:

-Չե՞ք կարծում, որ  ժողովրդին մենակ չպետք է թողնեիք: Ճի՞շտ եք համարում ժողովրդի ցասումը կոտրելը։

— Ժողովուրդն իր զայրույթն էր արտահայտում՝ վանկարկելով՝ հեռացիր, դավաճա՛ն։ Երբ հավաքի օրակարգը մեզ բոլորիս հայտնի՝ ուղղորդված  մարդիկ փորձեցին այլ ուղղությամբ տանել, ժողովրդին դա դուր չեկավ։

Ուշ երեկոյան ես հայտարարությամբ հանդես եկա՝ հիմնավորելով և բացատրելով ժողովրդին, որ մեր պահանջն արդարացի է և օրակարգում է մնում, սակայն չպետք է թույլ տանք այս ամենում շահարկումներ կատարել։ Ես հայտարարել եմ, որ հունիսի 23-ին հայտարարված հավաքին չեմ մասնակցելու նաև այն պատճառով, որ համարում եմ, որ առաջին 2 օրվա հավաքները տվել են իրենց արդյունքը, և Ա․ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ներողություն խնդրելով և ասելով, որ լուծումներ է փնտրում։ Սա նույնպես հաղթանակ է, որը ձեռք բերվեց հանրության վճռականության շնորհիվ: Այս առումով՝ ժողովրդի ցասում կոտրելու մեղադրանքը արդարացի չեմ համարում:

-3-րդ օրվա հավաքը սակավամարդ էր: Ըստ Ձեզ, ինչո՞ւ:

— Ակներև էր, որ նախօրդ օրերի հանրահավաքի մասնակիցներն զգացին, որ 3-րդ օրվա հանրահավաքի հրավերը իր մեջ պարունակում էր անառողջ տարրեր, և ապացուցեց, որ հավաքի կազմակերպիչները հանրության կողմից ընդունելի անձինք չեն: Մյուս կողմից ցանկանում եմ նշել, որ հավաքին չներկայանալը չի նշանակում, որ իշխանությունները խնդիրը լուծված պետք է համարեն: Ես վստահ եմ, որ առողջ ուժերի կազմակերպած հավաքն այս անգամ ավելի բազմամարդ է լինելու:

-Արդյո՞ք հիասթափվել է ժողովուրդը:

-Ո՛չ, դա չի նշանակում ժողովրդի  հիասթափություն, հակառակը՝  յուրաքանչյուր մասնակից հասկանում էր, որ այս ճնշումը շարունակելով, 4-րդ և 5-րդ օրը փողոց դուրս գալով՝ Ա․ Հարությունյանը անխուսափելիորեն հրաժարական էր տալու և հեռանալու: Իսկ դրանից հետո արդյո՞ք իրավական դաշտն ապահովված է:

Իրավական տեսակետից պետք է երաշխիքներ ունենանք, որ նոր ընտրություններ կազմակերպելու պարագայում ավելի լուրջ խնդիրների առջև չենք կանգնելու։

-Ունե՞ք հետագա քայլերի և անելիքների մասին պատկերացումներ:

Մենք տեղեկացանք, որ հավաքներից 2 օր անց Ա. Հարությունյանը հանդիպել է հավաքները շարունակող անհատների և խմբերի հետ, ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և այլն։ Այդ շրջանակների հետ հանդիպումներն ինձ հետաքրքիր չեն: Ինձ հետաքրքրում են  Ա. Հարությունյանի ելույթում նշված օրինական ձևով հրաժարվելու ճանապարհային քարտեզը և օրինական ձևով համապետական ընտրությունների կազմակերպման հարցի լուծումը:։

Ինձ և բազմահազար քաղաքացիներին հուզող հարցը Ա. Հարությունյանի գլխավորությամբ ձևավորած կառավարության հաշվետվությունն է հանրության առջև:

Ես հուսով եմ, որ այս ամենից հետո զգալի փոփոխությունների ականատեսն ենք լինելու։ Եթե այդ հույսերը չարդարանան, ապա  հանրության ճնշումն ավելի է հզորանալու: Հանրությունը պետք է զգա, որ իր մեջքին կանգնած իշխանությունը երբեք իրենց մենակ չի թողնելու։

-Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ ակնկալում եք, որ իշխանությունը հաշվետու և անկեղծ լինի ժողովրդի հետ: 44 օրվա ընթացքում իշխանությունը «հաղթում ենք» կոչելով ի վերջո պարտվեց: Արդյո՞ք նման կեցվածք ցուցաբերած իշխանություններից ակնկալում եք անկեղծություն:  

Շատ ճիշտ եք ասում: Մարդ եթե 2-3 անգամ սուտ է ասում, նրան դադարում են վստահել և այլևս որևէ ձևով նրա խոսքին լուրջ չեն վերաբերվում։  Ես փորձում եմ հավատալ, որ լինելու են փոփոխություններ։ Սուտն ու կեղծիքը այլևս տեղ չպետք է ունենան մեր կյանքում։

Սա չի նշանակում, որ ձեռքներս ծալած նստելու ենք՝ ասելով՝ այլ տարբերակ չկա։ Կան տարբերակներ: Հաջորդիվ արված ամեն մի ստի համար պատասխանատվության պետք է ենթարկվեն։

Արցախի կառավարման համակարգում առկա են 2 կարևորագույն նախարարությունններ՝ ՏԿԵ և սոցապ նախարարությունները, որոնք շատ կասկածելի ձևով են ղեկավարվում կասկածելի մարդկանց կողմից: Ցանկալի է, որ այդ նախարարությունները հաշվետվություն ներկայացնեն՝ ցույց տալով, թե իրենց վստահված ահռելի գումարներն ինչ  ուղղությամբ են ծախսվում։ Այդ ոլորտների աշխատանքը հնարավորինս պետք է թափանցիկ լինի և պարզեցված ձևով ներկայացվի հանրությանը: Ազնիվ ղեկավարը պետք է պարզությամբ ժողովրդին ներկայացնի արածն ու չարածը:

— Դուք տեսնո՞ւմ եք անհատների, որոնք կարող են փոխարինել Արայիկ Հարությունյանին:

-Անփոխարինելի մարդիկ չկան, մանավանդ՝ Արայիկի նման ղեկավարին, ով մեր հանրապետությունում պարտության սիմվոլն է։ Նրան փոխարինողներ շատ կան, սակայն պետք է ժամանակ: Անկասկած, նոր ընտրությունների միջոցով ժողովուրդն  իր խոսքն ասելու է:

-Վահրամ Աթանեսյանը civic.am կայքին տված հարցազրույցում անդրադարձել է վերջերս Արցախում կազմակերպված ցույցերին՝ դրանք որակելով որպես ընդդիմադիր ուժերի նախաձեռնություն և, ըստ նրա, իրականում Ա. Հարությունյանի հրաժարականի հանրային պահանջ չկա: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

-Չեմ ճանաչում Վահրամ Աթանեսյանին, բայց լսել եմ, որ համացանցում տարբեր հարցերի շուրջ մեկնաբանություններ  է անում։ Կապված մեր հավաքի հետ՝ նրան կարող եմ մի բան ասել։ Նա կամ սխալ է տեղեկացված, կամ էլ միտումնավոր է այդպես արտահայտվել։ Ամեն դեպքում 2 տարբերակներն էլ լավ արդյունքներ չեն ապահովի։ Մեզ որևէ քաղաքական ուժ չի հրահրում։ Ընդհանրապես, նման հայտարարություններից առաջ պետք է ճանաչել մարդու տեսակը, իմանալ՝ այդ մարդուն կարելի՞  է ուղորդել, թե՞ ոչ։ Ես իմ կյանքում որևէ մեկի ասածով չեմ շարժվել: Ինձ ոչ ոք չի ասել՝ գնա հավաք կամ հանդարտեցրու իրավիճակը։ Ես դա արել եմ իմ խղճի թելադրանքով։

Վերջերս լսում եմ, որ ինձ փորձում են կապել տարբեր անհատների հետ՝ բարեկամական կապեր որոնելով: Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ դրանք որևէ կապ չունեն իմ հասարակական գործունեության հետ:

Վահագն Խաչատրյան

1