Ներմուծվող բոլշևիզմը պայթեցնելու է այս իշխանությունը
«…Կադրային ջարդը լինելու է: Ընդհանրապես, պետական համակարգը պետք է կուռ լինի և միանշանակ ծառայի հաղթած ուժին…». ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Հանրային հեռուստաընկերության տաղավարում հնչեցրած սույն միտքը հանրային հուժկու հակահարված ստացավ հիմնականում «Կադրային ջարդ լինելու է», «Մենք կադրային ջարդի մանդատ ստացել ենք, կադրային ջարդ անելու ենք…» արտահայությունների պատճառով: Փոքր մասը, սակայն, նկատեց մի չափազանց վտանգավոր, իրեն ժողովրդավար հայտարարած ցանկացած երկրի համար խայտառակ ու նախադեպը չունեցող արտահայություն, այն է. «…Ընդհանրապես, պետական համակարգը պետք է կուռ լինի և միանշանակ ծառայի հաղթած ուժին…»: Ուշադրություն՝ ոչ թե պետությանը կամ ժողովրդին, այլ հաղթած ուժին, այն է՝ ռեժիմին, իշխանությանը, նիկոլական հայրենավաճառ խունտային: Անվտանգության խորհրդի քարտուղարի ցինիզմն այն աստիճան է մոլեգնել, որ նա անգամ իրեն նեղություն չի տվել՝ իրենց հատուկ ամբոխավարական ոճով հայտարարելու, որ պետական համակարգը, օրինակ, պետք է ծառայի ժողովրդին, պետությանը, հասարակությանը և այլն: Ո՛չ: Պետական համակարգը պետք է ծառայի միմիայն իշխող ուժին՝ վերածվելով իշխանությունների քմահաճությունները, իսկ Արմեն Գրիգորյանի իշխանության պարագայում՝ հայրենադավ ծրագրերն ի կատար ածող գործիքի: Նիկոլի իշխանությանը պետք են ոչ թե պետական ծառայողներ, այլ ՔՊ-ի ծառաներ, որոնք ամեն օր ժամը 9-ից հինգ պակաս կբացականչեն «Փա՛ռք Նիկոլին», դրանով կվերանորոգեն ռեժիմին հավատարիմ ծառայելու՝ իրենց ուխտը և իրավունք կստանան սկսելու աշխատանքը:
Նիկոլական իշխանությունների մոտ ընտրություններից հետո փոխվել է մի բան․ պետության, պետական ու ազգային ինստիտուտների դեմ ուղղված կազմաքանդիչ արշավն ընտրություններից առաջ անվանվում էր անձնվիրաբար ծառայություն ժողովրդին, այժմ իրերը կոչում են իրենց անունով՝ ամեն ինչ ծառայեցվելու է իշխանությանը, Նիկոլին ու հակապետական ծրագրերին:
Թե աշխարհում քանի ժողովրդավարական պետություն կարելի է գտնել, որի ղեկավար անդամը կարող է օրը ցերեկով արտաբերել բոլշևիկյան կարգերին բնորոշ նման միտք և հաջորդ օրը չհանդիպել համաժողովրդական ընդվզման, չարժանանալ իրենց ժողովրդավարության փարոս հայտարարած աշխարհի մի շարք պետությունների կոշտ արձագանքին ու պարզապես չգրել հրաժարականի դիմում, դժվար է ասել: Մի բան հստակ է՝ Նիկոլի խունտայի կողմից ներմուծվող այս բոլշևիզմը կարճ ժամանակ անց պայթեցնելու է այս իշխանությանը, փշրված իշխանության բեկորները կախվելու են արմենգրիգորյանների ականջներին՝ շպրտելով նրանց պատմության աղբանոցը:
Հայաստանում Փետրվարյան ապստամբությունը և ազգային իշխանության ձևավորումը չի՛ ուշանալու:
Վահե Սարգսյան
arfd.am