Հայ-չինական օրակարգ
«Լույս» հիմնադրամի փորձագետների կողմից նախքան 44-օրյա պատերազմը վեր էին հանվել հիմնական արտաքին քաղաքական խնդիրներն ու մարտահրավերները, տրվել էին պատերազմի բռնկման հետևանքների գնահատականները, վերլուծության առարկա էին դարձել պատերազմի ընթացքի և հետպատերազմական զարգացումները։ Սակայն, փորձագետների կողմից բարձրաձայնվող մտահոգություններն էական ազդեցություն այդպես էլ չունեցան որոշումների կայացման գործընթացի վրա։
Հոդվածաշարի առաջին և երկրորդ մասերում ներկայացվել էր ԼՂ հակամարտության հարցում ԵՄ միասնական մոտեցման կարևորության համատեքստում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճակատագիրը և ադրբեջանական գազի գործոնը։
Հոդվածաշարի այս հատվածում անդրադարձ կկատարվի հիմնադրամի կողմից դեռևս 2019 թվականի օգոստոսին հրապարակված «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ծրագիրը և դրանում Հայաստանի անորոշ դերակատարությունը» վերտառությամբ վերլուծությանը, որի շրջանակներում փորձ էր կատարվել հասկանալ Հայաստանի համար Չինական ծրագրի հնարավոր հետևանքները, դրա նկատմամբ իրատեսական ակնկալիքները։
Մասնավորապես, հինադրամի փորձագետները մտահոգություններ էին ներկայացրել «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ծրագրի 2019 թվականի համաժողովին Հայաստանի ոչ պատշաճ մասնակցության կապակցությամբ, քանի որ «Եթե «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» առաջին համաժողովի ժամանակ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը ներկայացված էին համարժեք՝ նախարարների մակարդակով, ապա 2019-ին Ադրբեջանը համաժողովին մասնակցում էր՝ նախագահի, Վրաստանը՝ փոխվարչապետի, իսկ Հայաստանը՝ բնապահպանության նախարարի և ՉԺՀ-ում ՀՀ դեսպանի մակարդակով»: Համաժողովին այդպիսի մասնակցությունը ցույց տվեց ծրագրի նկատմամբ Հայաստանի իշխանությունների անլուրջ վերաբերմունքը, որը հայ-չինական հարաբերություններում շարունակաբար պահպանվում է վերջին 3 տարիներին։
Վերլուծության մեջ նշվում էր նաև, որ «Նոր մետաքսի ճանապարհի» լուսանցքին չհայտնվելու համար Հայաստանի իշխանությունները պետք է նախաձեռնողականություն ցուցաբերեն», քանի որ «նախագծի շրջանակներում ՉԺՀ-ի հետ համագործակցության տեմպերով Հայաստանը զգալիորեն զիջում է Վրաստանին և Ադրբեջանին»: Անցնող տարիներին ՀՀ կառավարությունը Չինաստանի հետ հարաբերություններում, մասնավորապես՝ «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում, որևէ կարևոր նախաձեռնությամբ հանդես չի եկել, մինչդեռ հարևան Վրաստանն ու Ադրբեջանն ակտիվորեն ներգրավված են ծրագրում, իսկ վերջինս նույնիսկ փորձում է ծրագրի տարածաշրջանային հենակետը դառնալ։ Ադրբեջանը նաև փորձում է չինական նախաձեռնությունը կապել տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման և, մասնավորապես, Արցախի գրավված տարածքներում ենթակառուցվածքների վերականգնման գործընթացների հետ, մինչդեռ հայկական կողմը գտնվում է պասիվ դիտորդի կարգավիճակում։
Անդրադառնալով Չինաստանի հետ հարաբերությունների մակարդակին՝ նշվում է, որ «Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը հաջորդած շրջանում արտաքին քաղաքական օրակարգը նույնպես թելադրվում էր ներքաղաքական զարգացումներից ելնելով, որտեղ առաջնային պլան էին մղվում Արևմուտք-Ռուսաստան հակասությունները, և մի տեսակ անտեսվում էին մյուս աշխարհաքաղաքական բևեռների հետ հարաբերությունները»: Ցավոք, այս միտումը պահպանվեց նաև հետագա տարիներին, և հայ-չինական հարաբերություններում որևէ լուրջ բովանդակություն առկա չէ։
Ըստ էության, հայ-չինական հարաբերություններում նախորդ 3 տարիներին տեղի ունեցած միակ բովանդակային իրադարձությունը վարչապետի այցն էր ՉԺՀ և մասնակցությունը «Գոտի և ճանապարհ» համաժողովին իր հեղինակությամբ զգալիորեն զիջող՝ «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» միջոցառմանը։ Այս և սրան հաջորդած՝ ՉԺՀ արտգործնախարարի Հայաստան կատարած այցի թերևս ամենահիշարժան արդյունքն էր երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի ազատականացումը, որի անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը հիմնադրամի փորձագետները վերլուծության մեջ կասկածի տակ են դնում։ Թեև այդ ժամանակ խոսվում էր չինացի զբոսաշրջիկների թվի կտրուկ աճի հնարավորության մասին, սակայն նախորդ 2 տարիներին այդպես էլ այդ ուղղությամբ որևէ էական զարգացում չնկատվեց։ Վարչապետի այցի և դրան հաջորդած շրջանում եղան մի շարք բարձրագոչ հայտարարություններ չինական ներդրումների մասին, որոնք այդպես էլ իրականություն չդարձան։
Անդրադառնալով Չինաստանի հետ համագործակցության աշխարհաքաղաքական բաղադրիչին՝ «Լույս» հիմնադրամի վերլուծության մեջ նշվում է, որ «Եթե այսօրվա կառավարությունը հայտարարում է, որ Հայաստանն իր հարաբերությունները տարբեր երկրների հետ կառուցում է ոչ ի հաշիվ մեկ այլ երկրի, ապա Չինաստանն այն երկիրն է, որը կարող է նման հարաբերություններ կառուցելու իրական հնարավորություններ ընձեռել»: Իրականությունն այն է, որ ՀՀ կառավարությունը ոչ միայն փչացրեց երկու հիմնական աշխարհաքաղաքական բևեռների՝ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, այլև էական խնդիրներ ստեղծեց 3-րդ բևեռի՝ Չինաստանի հետ. դրանց շարքում բավական է միայն հիշատակել Թայվանից պատվիրակության այցը Հայաստան, անդամակցությունը հակաչինական ուղղվածություն ունեցող՝ Կրոնական ազատության միջազգային դաշինքին, ԱԺ-ում վարչապետի կողմից ծաղրը չինական պատվաստանյութի նկատմամբ և այլն։
Շարունակելի ․․․
168.am