«Հետ արի» . ֆիլմ՝ կնոջ մասին, որը պատերազմի օրերին պայքարում է յուրովի. Պարույր Ներսիսյան

Կարճամետրաժ եւ վավերագրական ֆիլմերի հեղինակ, ռեժիսոր եւ դերասան Պարույր Ներսիսյանը այս անգամ իր հանդիսատեսի դատին է պատրաստվում ներկայացնել «Հետ արի» (Come Back) ֆիլմը, որի ստեղծման, գլխավոր նպատակի և առհասարակ Հայաստանում ֆիլմարտադրության մասին նա անկեղծացել է Yerkirmedia-ի հետ զրույցում:
-Պարույր ո՞րն է «Հետ արի» ֆիլմի գլխավոր նպատակը և հիմնական ուղերձը:
-Ֆիլմի գլխավոր նպատակն ասելիքն է, պատմությունը, որը ցանկանում եմ պատմել ու տեղ հասցնել։
Ֆիլմը պատմում է կնոջ մասին, որը պատերազմի օրերին պայքարում է յուրովի։ Հերոսուհին ունի անձնական դրամա։ Անձնական դրամային է գումարվում նաև պատերազմը։ Ուղերձը ամեն մեկը կարող է յուրովի ընկալել, քանի որ ֆիլմն ավարտվում է հարցականով, բայց պետք է նշեմ, որ ուղերձի մեջ թաքնված է հայ կնոջ պայքարը, ուժն ու հպարտությունը։

-Ի՞նչն եք ամենից կարևորում ֆիլմարտադրությունում:
-Անկեղծությունը։ Ֆիլմարտադրողն առաջին հերթին պարտավոր է անկեղծ լինել այն աշխատանքի հանդեպ, որը կատարում է։ Ֆիլմերը ստեղծվում են թիմային մեծ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ, կարևոր է նաև հավատը այն ամենի հանդեպ ինչ արվում է։ Անկեղծությունն ու հավատը պետք է լինի թիմային։ Դրանք են կարևոր։
— Առանց ինչի՞ ձեր ֆիլմերը չէին հասնի հաջողության:
-Առանց վերը նշված անկեղծության ու հավատի, և իհարկե առանց այն թիմի, որը կա։
-Ինչո՞ւ հենց ռեժիսոր, որն է եղել տվյալ մասնագիտության ընտրության գաղտնիքը:
-Մասնագիտության ընտրության գաղտնիք չկա։ Ես միշտ կարծել եմ ու հիմա էլ կարծում եմ, որ ռեժիսուրան մասնագիտություն չէ, այլ բնավորություն է։ Ռեժիսորը բացի ստեղծագործող լինելուց պետք է լինի նաև լավ կազմակերպիչ։ Ինձ դա դուր է գալիս։
Դու որպես ռեժիսոր ամեն ֆիլմում դնում ես քո տեսանկյունը, խնդիրները լուծում ես քո ձևով և բոլոր հարցերի պատասխանները կարող ես տալ այնպես, ինչպես ուզում ես, միայն թե դրանք լինեն անկեղծ ու համոզիչ։
-Ի՞նչ է անհրաժեշտ մեր երկրում կինոն զարգացնելու համար:
-Շատ բան է անհրաժեշտ։ Առաջին հերթին փորձի փոխանակման անհրաժեշտության կարիք ունենք։ Երկրորդը՝ մեղվի պես աշխատել է պետք։ Միայն քրտնաջան աշխատանքի արդյունքում կարելի է զարգացնել կինոն։ Ու երրորդ կարևոր անհրաժեշտությունը, կինոն պայքար է սիրում, դու անընդհատ պայքարի մեջ պետք է լինես, նույնիսկ ինքդ քո հետ։

-Ո՞րն է Ձեր երազանքի բեմը:
-Իմ երազանքի բեմն անընդհատ փոխվում է։ Դա կախված է, թե այս պահին որտեղ է գտնվում իմ նշաձողը։ Եվ քանի որ նշաձողն անընդհատ բարձրանում է, չեմ կարող կոնկրետ պատասխանել այդ հարցին։
-Ձեր կողմից ստեղծված ինչպիսի՞ աշխատանք չի տեսնի հանդիսատեսը:
-Մինչ օրս արված ոչ մի աշխատանքի համար չեմ ամաչել։ Հանդիսատեսը չի տեսնի իմ կողմից արված այնպիսի մի աշխատանք, որի համար ես կամաչեմ։

-Շնորհակալություն, անկեղծ և հագեցած զրույցի համար, և կցանկանայի մեր զրույցը ավարտել Ձեզ հոգեհարազատ և ուժ տվող արտահայտությամբ:
-Աշխարհում անհնարին ոչինչ չկա:
Զրուցեց` Սոնա Սարգսյանը
yerkirmedia.am