Մշակույթը ամենահզոր զենքից հազարապատիկ զորեղ է
Գլխավոր » Լրահոս » Մշակույթը ամենահզոր զենքից հազարապատիկ զորեղ է

Մշակույթը ամենահզոր զենքից հազարապատիկ զորեղ է

Սա իմ պատերազմի շարունակությունն է, որովհետև գիտեմ, որ մշակույթը ամենահզոր զենքից հազարապատիկ զորեղ է: Այսպես է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում նոր ներկայացում պատրաստող բեմադրող ռեժիսոր Վահան Խաչատրյանը բացատրում պատերազմից հետո Արցախ գալու և աշխատելու որոշումը:

Արցախում բեմադրություններ պատրաստելու որոշումը վաղուց էր կայացրել Վահան Խաչատրյանը. ուղղակի պատերազմն ստիպեց մարդկանց նորից իրեն լսել ու համախմբվել : «Հոգուդ խորքում զգում ես, որ ոչ թե քո կարիքը կա, այլ ավելի շուտ դու պարտավոր ես, դու պարտավոր էիր վաղուց, գիտակցում ես, որ այս ամեն ինչի մեջ նաև քո բացթողման պատճառը կա: Եթե դու ժամանակին ոտքդ սեղմեիր մինչև վերջ, բրդեիր, աշխատեիր, կարող է շատ բան այլ ձևով գնար: Այս ամեն ինչի մեջ քրիստոնեական ապաշխարհության զգացումը կար»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում անկեղծացել է բեմադրիչը:

Ըստ նրա՝ անհնար է, որ պատերազմը ազդեցություն չունենա մարդու վրա: «Այս պատերազմից հետո ինձ համար այնքա՜ն բան սուտ դարձավ, այնքա՜ն արժեքների վերարժևորում եղավ իմ աշխարհում: Այս պատերազմն ինձ ավելի քրիստոնյա դարձրեց, ոչ թե հավատքի իմաստով, այլ մարդկային արժեքների: Ես ինձ հիմա ավելի եմ մարդ զգում, ավելի սթափ եմ նայում իմ սխալներին, ավելի պարտավորված եմ նայում ինքս ինձ ու ավելի պահանջկոտ եմ թե՛ իմ, թե՛ դիմացինի նկատմամբ: Այս արհավիրքն ինձ մարդկայնորեն շուռ է տվել: Ընկերներս ու ընտանիքս ինձ հետ շփման մեջ նկատում են այդ փոփոխությունը: Որպես մարդ եմ փոխվել՝ ոչ թե մտքով, հոգիս է դատարկվել, որը լրացման տեղ ունի, որը պայքարի տեղ ունի»,- նշում է Վ. Խաչատրյանը:

Նա համոզված է. «Եթե դու հայրենիքն ընդունում ես, ուրեմն այնտեղ էլ պիտի գործ անես»: Արցախ գալուն աջակցեցին ընկերները, բայց ամենամեծ աջակցությունն ընտանիքից է ստացել. «Երբ մոտեցա հորս, ասացի՝ այսպիսի բան եմ որոշել, ինքը ոչինչ չասաց, բայց հայացքում կարդացի՝ այո՛, վաղուց պիտի գնայիր»:

Ըստ մեր զրուցակցի՝ թատրոնը գաղափարի շուրջ միավորված համախոհների ընտանիք է, որտեղ պետք է խոսել մեր սրտից, սխալներից չվախենալուց, ինքներս մեզ առերեսվելուց: «Մենք ծիծաղել ենք անհասկանալի բաների վրա, մենք իջել էինք, հոգով տկար էինք դարձել, մարդիկ սկսել էին մտածել ստամոքսով: Նախկինում մարդիկ ուղեղից փորձում էին հասնել հոգևորին, հիմա ստամոքսից պիտի հասնենք ուղեղին, որ հետո նոր շարժվենք դեպի հոգևորը: Մենք իջել ենք ստամոքս, այդտեղից էլ իջնելու ենք ներքև, ու մեղավորը մենք ենք լինելու: Մեկը՝ ես. չեմ եղել այն լավ արվեստագետը, որ կարողանար կանխել դա: Սա է պատճառը՝ ինչու եմ ես այստեղ: Սա է իմ անելիքը»,- ասում է բեմադրիչը:

Այնուհետև սկսվեց ոչ պակաս կարևոր աշխատանք՝ բեմադրության գործի փնտրտուքը: Միշտ տարբեր պիեսներ, աշխատանքներ ընթերցող բեմադրիչի առջև հայտնվեց Ռիչարդ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» գործը և հասկացավ, որ դա հենց իր փնտրածն է: Աշխատանքը երկու հայ երիտասարդների մասին է, ովքեր հայտնվել են օտար ափերում: Նրանք կորցրել են ամեն ինչ, վերապրել ամենաահավորը ու ԱՄՆ-ում որպես ընտանիք 0-ից փորձում են ամեն ինչ կառուցել: «Հայի տեսակ կա այդ գործի մեջ: Շատ տարօրինակ է, որ այլազգի հեղինակը, որն ի դեպ որպես նավաստի Մուսա Լեռից տարհանել է մեր հայրենակիցներին, կարողացել է կողքից նայելով հայի տեսակը ճիշտ մատուցել: Հայի ողբերգություն, հայի լուսավոր արարչի կետ, հայի էություն կա այդ գործի մեջ, կյանքի շարունակության, անցյալից չհրաժարվելով գնալ դեպի առաջ՝ շարժվելու գաղափարախոսություն կա: Այս կերպարները հայի առաքելությունն են»,- նշում է մեր զրուցակիցը:

Եվ հենց դա էլ եղավ պատճառը, որ հենց այս գործն ընտրվեց: «Դերասանների աշխատանքից զգում եմ, որ այդ առաքելությունը նրանք էլ են զգում, այդ պատասխանատվությունն են զգացել: Հասնել այն արդյունքին, որ մենք հասել ենք երկու շաբաթվա ընթացքում, անհնարին է թվում: Բայց այդ գործը մեր բոլորի արյան մեջ է, մեր մասնիկն է»,- համոզված է Վահան Խաչատրյանը:

Առաջնախաղը նախատեսվում է օգոստոսին: Բայց բեմադրիչը ցանկանում է, որ այն լինի ոչ միայն ներկայացում, այլև անկեղծ զրույց ինքներս մեզ հետ. «Ես ուզում եմ, որ մենք ներկայացման հայելու միջոցով նայենք մեզ, հասկանանք իրականում՝ մենք ով ենք, դեպի ուր պիտի գնանք: Միգուցե, երբ վերլուծենք մեր սխալները, մեր տեսակը, աշխարհն էլ փոխվի»:

Ինչ վերաբերում է բեմադրության պայմաններին, ապա ըստ բեմադրիչի՝ նրա մտահղացումներն այս պահին ադապտացվում են առկա բեմի վրա: «Մի հին կանոն կա՝ ներկայացումն ու ասելիքն են ստեղծում պայմաններ։ Ես վստահ եմ, որ երբ թատրոնն սկսի իր ամբողջ մասշտաբով աշխատել և պետական այրերը հասկանան դրա կարևորությունը, տեսնեն հանդիսատեսի այցելությունը, թատրոնի հյուրախաղերը, հենց այդ վայրկյանից թատրոնը կպարտավորեցնի, հանդիսատեսը կպարտավորեցնի մարդկանց, որ այդ հարցերը լուծվեն: Այո՛, այսօր դժվարություններ կան, բայց մարդը հենց դժվարությունները հաղթահարելու համար է: Եթե ամեն ինչը պատրաստի լինի, այդ դեպքում ես ինչի՞ համար եմ: Պետք է անել լավագույնն այն ամենի մեջ, ինչ կա: Այդ լավագույնին ձգտելով՝ վստահ եմ, որ մենք կունենանք վերականգնված թատրոնի շենք»,- ասում է Վահան Խաչատրյանը՝ հույս հայտնելով, որ հետագայում իր օրինակով շատերը կգան ու կփորձեն իրենց լուման ներդնել:

«Հայրենիքը չպիտի մնա երազ: Մեզ համար հայրենիքը երազանք է: Ես հոգնել եմ այդ երազանքներից, երազներից. ստով և երազներով շատ ենք ապրել: Այդ երազներից պետք է արթնանալ ու գործել, այդ երազի ձևաչափն ինձ չի բավարարում արդեն: Ես հույս ունեմ, որ ընկերներիցս շատերը դուրս կգան այդ երազից ու տեր կկանգնեն իրենց հայրենիքին: Տեր կանգնելը միայն զենքով կամ պաշտոնով չէ: Կոշկարարը, որ պարկեշտ իր գործը կատարում է, ինքն էլ է իր հայրենիքին տեր կանգնում, կինը, որ ամեն առավոտ իր երեխային համբուրում ու դասի է ուղարկում, դա էլ է հայրենիքին տեր կանգնել»,- ասում է ՀՀ-ում վերջին տասը տարիներին տարբեր բեմադրություններ արած ու ֆիլմեր նկարահանած Վահան Խաչատրյանը:

Ստեփանակերտում հաստատված բեմադրիչն իր վրա դրված պատասխանատվությունն զգում է իր հանգրվանած հյուրանոցի աշխատողների, սեփականատիրոջ, փողոցում իրեն ճանաչած արցախցիների հայացքներից: «Նրանց վերաբերմունքից ես ինձ ավելի եմ մարդ զգում: Եվ այդ զգացումն այնքան է պարտավորեցնում՝ հայացքով զգում եմ, որ ինձնից լավ արարքների սպասելիք կա: Ես բոլորի հայացքներում այստեղ պարտավորեցնող սպասումներ եմ տեսել: Նույնիսկ դերասաններն ամեն օր սպասում են նորովի մոտեցման, նոր աշխատելաոճի»,- ասում է նա:

Նա համաձայն չէ այն տարածված կարծիքի հետ, որ արցախցի հանդիսատեսը սառն է. «Շփվելով մարդկանց հետ, ես ուրիշ կարծիք ունեմ: Հանդիսատեսը միգուցե ավելի պահանջկոտ է, միգուցե լավն է ուզում տեսնել, բայց սառը չէ»,- համոզված է նա:

Ինչ վերաբերում է Արցախում մնալու ժամկետներին, ապա այդ մի քանի հանգամանքներից է կախված: «Եթե դերասանական կազմն ու, ընդհանրապես, արցախցին հասկանա, ես էլ հասկանամ, որ իմ կարիքը կա, կմնամ: Աստծո կամոք՝ ես մեծ սիրով կմնայի, որովհետև ես տեսակով մնացող եմ, ամենավատ վիճակից էլ վախեցող չեմ: Ընկերներիս վերջին խոսքերը՝ ճանապարհելիս հետևյալն էին՝ մի պատ էլ մնա, դու տակը գործ կանես»,- նշում է Վ. Խաչատրյանը:

Տ. Աղաջանյան

1