Կասկածո՞ւմ եք․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընտրվելու իր շանսերի մասին
Կասկածո՞ւմ եք,- ըստ Yerkir.am-ի այսպես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ընտրվելու իր շանսերը։
Նա ասաց, որ քվեարկել է հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի։
Ռոբերտ Քոչարյանը ընտրատեղամաս էր եկել տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ:
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ համագործակցության ձևաչափի մասին հարցին Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը մեզ հետ է: Հետագայում ի՞նչ կարգի համագործակցություն կլինի, դեռ չենք խոսում: Եկեք դա չքննարկենք»:
«Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի հնարավոր մասնակցությամբ ձայնագրության մասին հարցին Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ ընդհանրապես աբսուրդի ժանրից էր նրա ձերբակալումը:
«Չեմ կարծում, որ այստեղ որևէ հիմք կար ձերբակալության: Ինքն իր կարծիքն է ասել, և այդ տեսանկյունից չեմ կարծում, որ որևէ ճնշման արտահայտություն է»,-ասաց նա:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ լռության օրվա խախտման մասին Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Բարեբախտաբար, ԿԸՀ-ն արձագանքեց այդ խախտմանը: Կարծում եմ՝ սա ցույց է տալիս այս իշխանության դեմքը, որ որևէ հարգանք չունեն օրենքի նկատմամբ, չեն ունեցել այս 3 տարվա ընթացքում և շարունակում են չունենալ նույնիսկ ընտրության օրը»:
Հետընտրական հնարավոր զարգացումների մասին հարցին ի պատասխան՝ Քոչարյանը հորդորեց իրադարձություններից առաջ չընկնել, ընտրություններից հետո կերեւա: