Այսօր Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրն է
Գլխավոր » Գաղափարական » Այսօր Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրն է

Այսօր Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրն է

Հունիսի 12-ին Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հրամանատար, ՀՀ բանակի փոխգնդապետ (1994, հետմահու), ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի  ակտիվ մասնակից Մոնթե (Ավո) Մելքոնյանի հիշատակի օրն է:

Մոնթե Չարլզի Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին Կալիֆոռնիայի Վիսեյլիա քաղաքում Մեծ եղեռնից փրկված և ԱՄՆ-ում հանգրվանած հայ ընտանիքում։ 1972 թվականիի ամռանը Մոնթե Մելքոնյանը ավարտում է միջնակարգ դպրոցը։ Մինչ ավագ դպրոցի նոր ուսումնական տարվա մեկնարկը դպրոցի տնօրեն Դեյվիդ Գրեյմսը նրան առաջարկում է մեկնել Ճապոնիա՝ երկրի ամենահեղինակավոր «Tokyo Kamata High School» դպրոցում ուսումը շարունակելու նպատակով։Այս որոշումը պատահական չէր կայացվել, քանզի Մոնթեն երկար ժամանակ այցելում էր կարատեի խմբակներ և Կալիֆոռնիայի նահանգի պատանիների մինչև 14 տարեկանների խմբի չեմպիոնն էր, ուսումնասիրել էր ճապոնական մշակույթը, այդ թվում՝ մասնակցել էր ճապոներենի դասընթացների։ Մեկ ու կես տարում ճապոնական Օսակա քաղաքի վարժարանն ավարտելուց հետո մեկնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդայական վանականի մոտ։ Ապա գնում է Վիետնամ, ականատես լինում պատերազմական գործողություններին, ստեղծում բազմաթիվ լուսանկարներ՝ մոլեգնող պատերազմի մասին։ Վերադառնում է Ամերիկա՝ լիովին տիրապետած ճապոներենին ու կարատեի մարտարվեստին։

1980-ի մայիսից` Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ` ԱՍԱԼԱ) գլխավոր ռազմական մարզիչ: 1983-ին հեռացել է ՀԱՀԳԲ-ից (քաղաքական գծի և գործելակերպի հարցում անհամաձայնության պատճառով) և հիմնել ՀԱՀԳԲ-ի հեղափոխական շարժումը:

1985-ի նոյեմբերի 27-ին Փարիզում ձերբակալվել է կեղծ անձնագիր ու պայթուցիկ նյութեր ունենալու մեղադրանքով և բանտարկվել մինչև 1989-ը: 1990-ի հոկտեմբերից զինվորագրվել է Արցախի պաշտպանությանը: 1991-ի սկզբին հիմնել է «Հայրենասիրական ջոկատը»: 1992-ին` Մարտունիի պաշտպանական շրջանի հրամանատար: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:

Այս ընթացքում Մոնթե Մելքոնյանը հեղինակում է նաև բազմաթիվ հոդվածներ, որոնք տարբեր ժամանակներում տպագրվել են Փարիզի «Հայ Պայքար» և Լոնդոնի «Կայծեր» թերթերում, «Սարդարապատ» ամսագրում, նաև անգլերեն մի շարք գրքերում՝ հայոց ազգային հարցերի արդարացի պահանջի և իրավունքի մասին, որոնք լույս են տեսել Լոնդոնում։

«Կուզեմ, որ ամեն մարդ հասկնա, թե որքան կարևոր է այս պատերազմը։ Հազարավոր տարիների նահանջեն հետո մենք վերջապես առիթը ունենք  առաջ երթալու, մեր հայրենիքի տարբեր պատմական  շրջանները վերադարձնելու». ասպես էր արտահայտվում Մոնթեն հայրենի հողի համար մղվող պատերազմի մասին։

Մոնթեն՝ որպես զորավար, սպա և  հրամանատար, կայացավ դժվարին մարտերում։  Սովորաբար մարտից երկու օր առաջ  չէր քնում:  Անձամբ ստուգում էր՝  արդյոք  զինվորները որևէ բանի կարիք չունեն, տեղո՞ւմ է արդյոք  սնունդն ու զինամթերքը։  Եթե մի բան էր նախապատրաստում,  տղաների հետ առաջին շարքերում էր:  Մոնթեի մարտական ընկերները նաև պատմում են՝ ամեն զոհի հետ մտահոգվում էր, անընդհատ մտածում էր՝   ի՞նչ անել նոր զոհերից խուսափելու համար: Մոնթեի ներկայությունը  հույս ու վստահություն էր ներշնչում, նա իր օրինակով էր բոլորին առաջնորդում ու սովորեցնում, — հիշում ու պատմում է ազատամարտիկ Քաջիկ Ներսիսյանը․

«Ժողովուրդը հավատում էր Մոնթեին։ Գիտեին՝  նրա հետ հազար թուրք էլ լինի, հաղթելու են․․․»։

Մավրիկ Մարտիրոսյան, Մոնթեի զինակից ընկերը․ «Նման մարդ չեմ տեսել ու երևի էլ չտեսնեմ։ Եթե ինչ-որ բան չէր ստացվում, իր գլխին ուժեղ խփում էր՝ էշի մեկը, էշ, էս ի՞նչ արիր»։

Ավոյի ղեկավարությամբ Մարտունին դարձավ պաշտպանված ու մարտունակ շրջան: Նա այսօր էլ ապրում է յուրաքանչյուր մարտունեցու  հոգում՝ որպես իրենց հարազատ ու անփոխարինելի Ավոն։ Հիշում են պատերազմի տարիներին  մարտունեցիների շրջանում տարածված համոզմունքը՝ եթե Ավոն Մարտունիում է, մեզ գրադն էլ չի կպնի։  Պատերազմի տարիներին տիկին Ռայան ռազմական շտաբում էր աշխատում, հարսը տեղի խոհարարն էր, կանայք չեն հիշում, որ Ավոն երբևէ հանգիստ նստած ճաշելիս լիներ։ «Անընդհատ շտապում էր, վախենում էր չհասցնել։ Մոնթեն լեգենդ է, լեգենդ․․․»։

Ոչ մի կին, ոչ մի սեր. միայն՝ հայրենիք: Երիտասարդ հայրենասերի անսասան թվացող այս որոշումը մի օր խախտել էր փոքրիկ ու համարձակ մի աղջիկ՝ Սեդան։  Ցավոք, ժամանակն ու պատերազմը  թույլ չտվեց նրանց իրագործելու  լիարժեք  ընտանիք կազմելու,  երեխաներ ունենալու երազանքը: «Ինքը ինձ հեռախոսով է ասել, որ սիրում է ինձ: Հետո նամակներով ասում էր, որ երկու շատ կարևոր բաներ կան իր համար՝ հայրենիքը,  աշխատանքն ու դու»:

1993 թվականի հունիսյան այս օրն Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մոտ Մոնթեն ընկերոջ՝ Սարիբեկի հետ մի զրահամեքենա են տեսնում։ Կարծելով, թե հայեր են, մոտենում են։ Սակայն զրահամեքենայում ադրբեջանցիներ էին։ Փոխհրաձգության ընթացքում զոհվում են Մոնթեն ու Սարիբեկը։

«Գոնե ինձ հանդիպածների մեջ Մոնթեն ամենաազնիվն էր աշխարհում: Իր բանակին նա իշխեց ազնվությամբ: Պատկերացրեք 30-40 տարեկան ֆիդայի, մեծ ինտելեկտի տեր զորավար` Էքզյուպերիի Փոքրիկ իշխանի ազնվությամբ և պարզությամբ: Այս կերպարի դեմ խաղ չկա, սա իր ետևից բանակներ կարող է տանել: Կուզեի, որ «Դանկոյի սիրտը» գրված չլիներ, նյութը փչացրել են, իսկ կերպարը Մոնթեին շատ է բնորոշ». Սպարապետ Վազգեն Սարգսյան:

Մոնթեն սպանվեց 1993 թվականի հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներում։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք», ԼՂՀ «Ոսկե արծիվ», «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով: 1994-ին Երևանում ստեղծվել է «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամը: Մոնթեի անունով է կոչվել ՊՆ ռազմական ուսումնարանը: ԼՂՀ Մարտունի քաղաքում տեղադրված է քանդակագործ Լևոն Թոքմաջյանի հեղինակած նրա հուշարձանը: Մոնթե Մելքոնյանի աճյունն ամփոփված է «Եռաբլուր» պանթեոնում:

armradio.am

1