Կասկածելի գնումներ ու հատկացումներ՝ ԱՀ 2020 թ. բյուջեի հաշվին
Գլխավոր » Լրահոս » Կասկածելի գնումներ ու հատկացումներ՝ ԱՀ 2020 թ. բյուջեի հաշվին

Կասկածելի գնումներ ու հատկացումներ՝ ԱՀ 2020 թ. բյուջեի հաշվին

95,4 մլն դրամով Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 111 հասցեում պետության ձեռք բերած և սեփականության իրավունքով ԱՀ քաղաքաշինության նախարարությանը փոխանցված հյուրատուն,  Գետավանում 37 մլն դրամով ավտոտեխսպարկման կայանի գնում, «Օգանես ստրոյ» ՍՊԸ-ին 22,94 մլն դրամ ֆինանսական աջակցության տրամադրում:

Այս և 2020թ. պետական բյուջեի հաշվին կատարված այլ ծախսերի բացատրությունն են փորձել ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանից և ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանից ստանալ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ Վահրամ Բալայանը և Դավիթ Իշխանյանը: Պատգամավորները տվյալ հարցերը բարձրացրել են 2020թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ: Կառավարության ներկայացուցիչները չեն կարողացել սպառիչ բացատրության տալ հարցերին՝ խոստանալով օրվա ընթացքում ճշտել դրանք:

Վահրամ Բալայանը նաև հարց է ուղղել 2020թ. 17 քաղաքացու անհատույց կանխավճարի տեսքով 60.2 մլն դրամի չափով և 23 քաղաքացու անտոկոս փոխառության տեսքով 45 մլն դրամի չափով բնակարան ձեռք բերելու նպատակով տրված հատկացումների մասին: Ի պատասխան՝ Վահրամ Բաղդասարյանը նշել է, այդ ցանկը հաստատվել է կառավարության որոշմամբ՝ հոգաբարձուների խորհրդի առաջարկով ըստ Ներդրումային հիմնադրամի կատեգորիաների՝ փախստականի կարգավիճակ ունեցողներ, զոհվածի երեխաներ և այլն:

ՀՅԴ խմբակցության անդամները մատնանշել են, որ նախագահի աշխատակազմում, Ազգային Ժողովում, տարբեր նախարարություններում մեծ թվով աշխատատեղեր են ավելացել, բայց ֆինանսական հաշվետվության մեջ նշված է, որ բյուջեով նախատեսված ծախսերը չեն գերազանցվել:

Արտակ Բեգլարյանը նշել է, որ նոր ավելացված հաստիքները տեղավորվում են նախատեսված հաստիքների թվի մեջ, իսկ նոր աշխատողներն այլ թափուր հաստիքների հաշվին են ընդունվում: «Համաձայն եմ, որ պետական կառավարման համակարգում մարդկային ռեսուրսների կառավարման մեծ խնդիր կա, արդյունավետության, մեթոդաբանության խնդիր ունենք: Իմ կարևոր ուղղություններից մեկը այս խնդրի լուծումն է լինելու, բայց արագ արդյունքի հասնելու հույս չունեմ»,- ասել է Ա. Բեգլարյանը:

ՀՅԴ խմբակցության անդամները մատնանշել են այն հանգամանքը, որ ակնհայտ է, որ նոր նշանակված պաշտոնյաները տվյալ պաշտոններին նշանակվել են իշխանություններին մատուցած ծառայությունների դիմաց: Նրանք կոչ են արել այս առումով լուրջ աշխատանք տանել, քանի որ խիստ կարևոր է արդարության վերականգնումը և ըստ մասնագիտական որակների պաշտոնյաների նշանակումը:

Ներկաները քննարկել են նաև գաղտնի որոշումներով ֆինանսական հատկացումների հարցը: ՀՅԴ խմբակցության անդամները նշել են, որ այդ որոշումների մասին պետք է տեղեկացված լինեն նաև պատգամավորները:

Հավելենք, որ ԱՀ 2020թ. բյուջեի կատարողականը կքննարկվի նաև այլ խմբակցությունների հետ:

1