Գարեգին Նժդեհը և քրիստոնեությունը
Հրապարակում ենք Աշոտ Պետրոսյանի գրչին պատկանող «Գարեգին Նժդեհը և քրիստոնեությունը» գրքից մի հատված: Նյութն արդիական է՝ նկատի առնելով Գարեգին Նժդեհի մտորումներն ազգային արժեքների և քրիստոնեության նկատմամբ: Արժեքներ, որոնք հաճախ անտեսվում են իշխանությունների կողմից՝ պատճառ դառնալով հանրության մեջ օտարածին արժեքների տարածման և բարոյալքման:
Հայաստանի հոգևոր-քաղաքական դաշտում վերջին տարիներս իր անվանն արժանի տեղ է գրավում Նժդեհի գաղափարաբանությունը, որն ի զորու է վերածվելու հեղաշրջող գործոնի ազգային կյանքի մի շարք ասպարեզներում, հանրային կեցությանը հաղորդելու նոր թափ եւ ուժականություն։ Հետևապես, ավելի քան կարևոր է Նժդեհի ուսմունքին համարժեք ըմբռնումն ու անաչառ գնահատումը, այն հանրային գիտակցության սեփականություն դարձնելը։
Ազգային միաբանության խնդրի առնչությամբ առանձնապես կարևոր է Քրիստոսի և քրիստոնեության նժդեհյան արժևորման լուսաբանումը, որն անմիջականորեն կապվում է հայոց ազգային-հոգևոր կերտվածքի, ներքին ուժերի ու կարողությանց ի հայտ բերելու եւ հունավորելու, դրանց զարգացմանը ճիշտ ընթացք տալու հարցերին։
Քրիստոնեությունը լոկ դրսից «իմացող», քրիստոնեական արժեքներին ու սրբություններին անհաղորդները հաճախ չհիմնավորված մտքեր ու դրույթներ են առաջադրում Նժդեհի աշխարհայացքի, նրա հոգևոր դիրքորոշումների և քրիստոնեությանը վերաբերող նրա տեսակետների մասին։
Նժդեհի երկերի եւ նրա կենսագործունեության ուսումնասիրությունն ի հայտ է բերում ոչ միայն քրիստոնեական «տարրի» առկայությունը նրա աշխարհայացքի մեջ, այլև այն, որ քրիստոնեությունը փաստորեն նրա արժեքային համակարգի հենասյուներից մեկն է։ Նժդեհի վերաբերմունքը քրիստոնեությանը որպես մարդկային բարեկրթության և քաղաքակիրթ համակեցության բարձրագույն եղանակի, աներկբայորեն դրական է։ Նժդեհ-մտավորականի համար խնդիրը ոչ թե քրիստոնյա լինելն է (անտարակուսելի է, որ նա եղել է հավատավոր քրիստոնյա), այլ քրիստոնեական բարեկրթությունը որպես կենսական ուժի աղբյուր ազգին ու ազգային վերելքին ծառայեցնելը։
Նժդեհի ուսմունքի խեղաթյուր մեկնաբանություններն ու չարաշահումները առիթ տվեցին քննության առնելու մեծ մտավորականի վերաբերմունքը քրիստոնեությանը, իմաստազննելու նրա հոգեւոր-մշակութաբանական հայացքներն ու աշխարհայացքային սկզբունքները։
«ՔՐԻՍՏՈՍՆ ԱՄԵՆԱԿԱՐՈՂՆ է, ԱՄԵՆԱԶՈՐԸ»
Կրոնի նկատմամբ ամեն վերաբերմունք կարելի է պարզել նրա հիմնադրի մասին ասված խոսքերից։ Նժդեհը Քրիստոսին ընդունում է որպես ամենազոր Աստվածամարդ։ «Սիրում է նա,-ասում է Նժդեհը,-ով ուժեղ է, ով հոգու առատություն ունի, ում ուժի բաժակը լցված է հորդելու աստիճան։ Քրիստոսը սիրում էր, որովհետև ուժեղ էր… Նա ամենակարողն էր, ամենազորը, մենք առնվազն կարող և հզոր պիտի լինենք, որպեսզի կարողանանք սիրել և զոհաբերել»։ Կրոնաբարոյական զույգ առաքինությունները՝ սերը և զոհաբերությունը, Նժդեհը կապում է ուժականության հետ՝ հիմնվելով հոգեբնախոսական այն պարզ ճշմարտության վրա, ըստ որի սերն ու զոհաբերությունը, նույնիսկ իրենց նախնական դրսևորումներով, պահանջում են ուժի, եռանդի արտահոսք, կորով, կենսատու վերաբերմունք, հոգու ջերմություն։ Նժդեհի մտքի համակարգում ակնառու է բարոյախոսական գնահատումների և հոգեբանական ճշմարտությունների կապը, մարդկության հոգևոր կենսափորձի նրա խորագիտությունը։ Եթե Քրիստոսը ամենազոր է և ամենակարող, ուրեմն, դժվար չէ կռահել, որ նրա սիրելու կարողությունն անհամեմատելի է, այսինքն՝ բացարձակ է, և իր արտահայտ կերպավորմամբ՝ կատարյալ հարացուցական, իդեալական օրինակ համայն քրիստոնյաների համար։ Նժդեհը ոչ միայն ընդունում է Քրիստոսին՝ որպես Աստուծո, որպես Փրկչի, Ուսուցչի և Առաջնորդի, այլև յուրահատուկ կերպով է մեկնաբանում նրա մեծությունը. «Նազովրեցու մեծությունը նրա մեջ չէ, որ մի քանի փաստեր թողեց, այլ որ զգայապաշտ մարդկության նոր իդեալներ տվեց և այլ աշխարհի կարոտով հոգիները վառեց…»։ Պատահական չէ, որ Նժդեհն իսկական քրիստոնյա է համարում նրան, «ում մեջ մի քիչ քրիստոսություն կա, մի կայծ ամենազոր Աստվածամարդու հոգուց… Քրիստոնյան նա չէ, ով քրիստոնեական վարդապետության տարերքը սխալ է հասկացել, ընկել նախապաշարումների ցանցի մեջ եւ տկարացել կորչելու աստիճան»։ Եվ, միաժամանակ, Հայ Եկեղեցու վերաբերյալ Նժդեհն արտահայտում է այսպիսի միտք. «Եկեղեցին չարաչար սխալվել է «տնանկ»-ների եւ «սնանկ»-ների բարոյականություն քարոզելով և ամբողջ դարեր պատճառ դարձել մեր ժողովրդի անօրինակ ողբերգության։ Սրանից հետո սիրո և զոհաբերության ընդունակ արի ժողովրդի մասին պիտի խոսի, եթե ուզում է, որ Քրիստոնեության հետքերը մնան փոքր Ասիայում եւ Հայաստանում»:
Սրանք բանալի մտքեր են, որոնք ի հայտ են բերում Նժդեհի վերաբերմունքը Քրիստոսին, քրիստոնեությանը և մասամբ՝ Հայ Եկեղեցուն։ Մասամբ, որովհետև այդ մեկ հատիկ միտքը տվյալ պարագային չի սպառում Նժդեհի վերաբերմունքը Հայ Եկեղեցուն, մանավանդ՝ Եկեղեցու վերաբերյալ նրա քննադատությունը հիմք չի տալիս եզրակացնելու, որ նա իրեն Հայ Եկեղեցուց դուրս է համարել։ Հետագա շարադրանքից պարզ կդառնա Հայ Եկեղեցու վերաբերյալ Նժդեհի մտքերի ուղղվածությունն ու նպատակը։
Վերոգրյալը, սակայն, միանգամայն բավարար է հստակ պատկերացում կազմելու Քրիստոսի և Քրիստոնեության վերաբերյալ Նժդեհի հայացքների բուն էության մասին, որովհետեւ Նժդեհն այն անհատականությունն է, ում աշխարհայացքը միանգամայն անհակասական է և նրա բուռն իրադարձություններով ու փորձություններով լի կյանքում գրեթե փոփոխություններ չի կրել։ Նրա անդրանիկ ստեղծագործությունները և վերջում գրած երկերն այս առումով իրարից գրեթե չեն տարբերվում։ Մարգարեական խորաթափանցության և զորավոր կամքի տեր ազգային գործիչն ու մտավորականը թեև քաջիմաց էր համաշխարհային մշակութի հիմնական համակարգերին, սակայն նրա միտքն ու խոսքը ծնունդ են առել իր սրտի խորքերից՝ հիմնական մղիչ ունենալով աստվածային ներշնչանքը, որն իր բանական կերպավորումն էր առնում ազգային մշակույթի եւ քրիստոնեական բարեկրթության հենքի վրա։
Նժդեհն իր բնույթով կրոնական ոգեշնչումի եւ խանդավառության անհատականություն է։ Նրա՝ մեզ հայտնի ստեղծագործության մեջ Քրիստոսի եւ Իր վարդապետության վերաբերյալ բացասական որեւէ արտայայտություն ց՛արդ մեզ չի հանդիպել։ Ու, թեեւ նրա մտածումները հստակ են, աներկբա, եւ իրարամերժ մեկնաբանության հիմք չեն տալիս, սակայն ամենակատարյալ վարդապետություններն անգամ անհատների ու խմբերի կողմից ընկալվում եւ մեկնաբանում են յուրովի եւ հաճախ, ենթակայաբար, համապատասխան մարդու իմացական կարողությունների, շահերի, դիրքորոշման ու աշխարհայացքի։ Ըստ այդմ, ուսումնագիտական գործունեության արդյունքները տարբեր են լինում. երբեմն մարդ հասնում է իրականության ճշմարիտ ըմբռնման, երբեմն անկեղծաբար մոլորվում է եւ երբեմն, ցավոք, խեղաթյուրում իսկությունը։ Բացառություն չէ Քրիստոսի անձի եւ Քրիստոնեության ըմբռնումը, որոնք սխալ են հասկացվել, մեկնաբանվել եւ խեղաթյուրվել դեռեւս Քրիստոսի կենդանության օրոք։ Հիշենք Աստվածորդու դատապարտվելն ու խաչվելը, հիշենք նույնպես քրիստոնեական հարանվանությունները, նաեւ՝ աղանդներն ու աթեիստական մերժումները։
Բացառություն չի կազմել նաեւ Նժդեհի ուսմունքը։ Թեեւ նժդեհականության լուրջ եւ համակողմ ուսումնասիրությունը Հայաստանում նոր է սկիզբ առնում, սակայն, արդեն ի հայտ են եկել տարաբնույթ ու մերժելի տեսակետներ, որոնք չեն բխում Նժդեհի բուն ստեղծագործու թյուններից։ Այսպես, Նժդեհի ստեղծագործությունների հրատարակման գործում ավանդ ունեցող Մուշեղ Լալայանը ցեղակրոն եւ տարոնական շարժումների վերաբերյալ իր գրքերի ու հոդվածների մեջ, ցավոք, նախապաշար վերաբերմունք է ցուցաբերում քրիստոնեության, Հայ Եկեղեցու եւ հայոց հին կրոնի փոխհարաբերության խնդրին՝ ճիգ գործադրելով Նժդեհին ներկայացնելու կողմնակիցն այն «հայեցակարգի, որով հեթանոսությունը հայտարարվում է տիպիկ հայկական, իսկ քրիստոնեությունը՝ «դրսից» բերած։ Եւ այս միտքը փոխադրվել է հրատարակությունից հրատարակություն։ Ու, թեեւ իր վերջին հրապարակման մեջ հեղինակը փորձ է արել սրբագրելու այդպիսի վերաբերմունքը՝ նշելով, որ Նժդեհն անցյալապաշտ չէ, հակաքրիստոնյա չէ եւ չի ձգտել հին կրոնը վերականգնելու, սակայն Մուշեղ Լալայանը լիովին չի ձերբազատվել մոլոր տեսակետից եւ գրում է. «Նժդեհը հակաքրիստոնյա չէ, բայց նաեւ Քրիստոսի ուսմունքի մոլեռանդ պաշտպանը չէ. մեզ նույնիսկ համարում է «զոհը քրիստոնեական բարոյախոսության, որը շարունակում է մնալ որպես ներկ եւ շպար, որպես քող եւ դիմակ ուժեղների հոգու համար»։ Նա հարգում է Նազովրեցու անձը իբրեւ գաղափարի հերոս, իբրեւ Աստվածամարդ, սակայն համարում է նրան ցնորապաշտ, իսկ նրա խոսքը՝ վսեմ, բայց թյուրըմբռնման, ավելի շուտ, տառացի ընկալման դեպքում՝ վտանգավոր»։
Երիցս սխալ է թույլ տալիս Մուշեղ Լալայանը այս փոքրածավալ հատվածի մեջ. նախ՝ ոչ մի քրիստոնյա մոլեռանդ չէ, եւ Նժդեհը չէր կարող մոլեռանդ լինել Քրիստոսի վարդապետությունը գնահատելիս, ցեղակրոնությունը դավանելիս, Սյունիքը պաշտպանելիս կամ իր հայրենասիրության որեւէ դրսեւորման մեջ։ Երկրորդ, հարգելի հեղինակը հավելում է Նժդեհի միտքը իր մտածածով եւ այն վերագրում Նժդեհին, երբ գրում է. «…սակայն համարում է նրան (Նազովրեցուն- հեղ.) ցնորապաշտ, իսկ նրա խոսքը՝ վսեմ, այս թերըմբռնման, ավելի շուտ, տառացի ընկալման դեպքում՝ վտանգավոր»։ Ընդգծված միտքը Մ. Լալայանի հավելումն է, որովհետեւ Նժդեհը այդպիսի մտավախություն երբեւիցէ չի ունեցել եւ Նազովրեցուն, այսինքն՝ Հիսուս Քրիստոսին, ցնորապաշտ չի անվանել եւ նրա միտքը վտանգավոր չի համարել։
Երրորդ: Գրքի հեղինակը խախտել է բնագրից մեջբերում անելու կարգը եւ համատեքստից կտրված վիճակով մատուցել ընթերցողին: Արդյունքում, «հանցագործ ու անտարբեր մարդկության» կարծիքը վերագրվել է Նժդեհին, որի համաձայն՝ Նազովրեցին, մեղա Աստուծո, ցնորապաշտ է, իսկ նրա խոսքը՝ վտանգավոր: Մուշեղ Լալայանի գրքի ընթերցողն ի՞նչ իմանա, որ նշյալ մտքերը Նժդեհինը չեն, այլ՝ մեկ ուրիշի, եթե չկարդա նաեւ Նժդեհի «Մեր հեղափոխության արարիչը» էսսեի հետեւյալ տողերը. «Աշխարհի ամենեն անիծապարտ բռնապետութեան արնոտ ձեռքով կխաչվեր հայ ժողովուրդը։ Գողգոթայէն՝ Արեւմտահայաստանէն կը բարձրանար աղաղակը հաւաքավառ խաչեցեալի օգնություն, փրկություն ինձ։ Իսկ մարդկությունը՝ յանցաւոր ու անտարբեր կը պատասխանէր…»: Ահա «հանցավոր ու անտարբեր մարդկության» պատասխանից մեկ հատված. վերոնշյալ գրքի հեղինակը, կարծում եմ՝ թյուրիմացաբար եւ ոչ միտումնաբար, ներկայացնում է իր ընթերցողին իբրեւ Նժդեհի համոզմունք։
Ավարտելով հանցավոր մարդկության հայ ժողովրդին ուղղուած «խրատներ»-ի շարադրանքը՝ Նժդեհը եզրակացնում է. «Այս էր աշխարհը հայկական Գողգոթայի հանդեպ։ Այսպես կպատասխաներ մարդկությունը մահվան դատապարտված այս ժողովրդին, որը չէր ուզիր մեռնիլ, բայց չէր կարող եւ ապրել»: Ահա ամենը։
Պատկերացնելու համար, թե Նժդեհը որքան խորն է վերապրել Քրիստոսի հետ առնչվող իրողությունները, բավական է ընթերցել հետեւեալը. «Նա (Պեյօ Յաւորովը-հեղ.) երգեց ցեղի խաչելության ուղին։ Նա ըմպեց հայի տառապանքի գավաթը։ Եւ տառապյալների հանդեպ աստվածային արբեցումով ազդարարեց. «Խմեցք, սա իմ արյունն է»: Այս է Նժդեհը-հավիտենական ճշմարտություններն իր համար առաջնորդ դարձրած, Քրիստոսով լցված եւ Աստվածորդուն իր կյանքի հարացույց -օրինակ ընդունած հայոց ազատագրական պայքարի առաքյալն ու մարգարեն։ Նրա հոգեմտավոր ժառանգությունն ուսումնասիրած ամեն ոք կարող է նկատել Նժդեհի խորագույն հարգանքը, մեծարումն ու պաշտամունքն առ Քրիստոս եւ քրիստոնեություն, թե ինչու հայերն ընդունեցին քրիստոնությունը, Նժդեհն իր խառնուածքին համապատասխան գերհակիրճ եւ իսպառ համոզիչ եղանակով գրել է. «Ոգեշունչ էր քրիստոնեությունը, եւ հենց այդ էր պատճառը, որ նրա գիրկը նետվողներեն առաջինը եղավ հայը։ Հասկանանք- մեր ժողովրդի ամենազորավոր զենքը միշտ էլ եղել է ոգին»։ (Հատընտիր, էջ 328)12ա։ Ոգեպաշտ հայությունը չսպասեց նույնիսկ առաքյալների մուտքին, այլ հանձինս Աբգար թագավորի, հավատաց Աստվածորդուն՝ առանց նրան տեսնելու։ Մյուս կողմից, քրիստոնեական բարեկրթության, հավատքի եւ մշակույթի ցոլացումն է ակնհայտ Նժդեհի ստեղծագործությունների մեջ առհասարակ, ինչի մասին էլ որ նա գրել է։ Նա սիրել ու պաշտել է Քրիստոսին, եւ սա, անկասկածելի իրողություն է, փաստ, որը հիմնավորվում է հոգեբանական մի ճշմարտությամբ. հոգեւոր երեւույթները կարելի է ճանաչել միայն իմացական սիրով, որը հնարավորություն է ընձեռում հաղորդվելու այդ իրողություններին։ Նժդեհը քրիստոնեությունը գերազանց է իմացել, եւ ազգային կրոնի ճշմարտությունները խորապես տպավորվել են նրա հոգում, պարզապես դարձել են նրա վարքը կարգավորող ենթագիտակցական մղումներ, իր ստեղծագործությանը շունչ ու ոգի տվող ուժի աղբյուր: Այդպես եղել է մինչեւ մեծ մարդու եւ կենդանի մարտիրոսի կյանքի ավարտը, որի վերջին օրերին բարեկամուհուն հասցեագրած նամակներից մեկի մեջ կարդում ենք. «Երանի քեզ եւ բոլոր նրանց, ովքեր բախտավորություն ունեն ամեն օր Արարատը տեսնելու, որի տեսիլքն ինձ չի լքում երբէք, որի վեհապանծ պատկերը ներհայեցորէն տեսնում եմ առավոտ ու իրիկուն։ Աստված, Աստված իմ, որքա՜ն կ’ուզեի հանգչել, մեռնել Հայաստանում, նայելով Արարատին…»:
Այսպիսով, ակնհայտ է, որ Աստուծո նկատմամբ տածած հավատքն ու հարգանքը նրան չի լքել մինչեւ վերջ։ Ինքն իր մասին ասում է. «Եղել եմ խոր հավատքի եւ էթիկայի մարդ, եւ այդ պատճառով հաճախ դառնության բաժակ եմ դատարկել»:
Նժդեհը հստակորեն տարբերում է վարքի կարգավորման Հին կտակարանային եղանակը` օրենքը քրիստոնեական կամ Նորկտակարանային սիրուց, որի մասին նա արտահայտում է բազմիցս եւ այս փաստը ապացույց է այն իրողության, թե որքան խորն են հավատքի ըմբռնումները եւ որքան հարազատ է իր ոգուն քրիստոնեական աշխարհըմբռնումն ու բարոյականությունը։ Ահա մի քանի նմուշ Նժդեհ բարոյագետի հոգեւոր գանձարանից. «Նա ծիծաղել գիտի մարդկային մեռյալ օրենքների վրա։ Սիրում է ամբոխը, բայց գիտի հետ մղել նրա օրենսդրությունը»: «Չեմ սիրում միայն ձեւական օրենքի վրա հիմնված պարտականությունները։ Ի՞նչ կկորցներ աշխարհն իր հոգեւոր գանձերից, եթէ նման պարտականությունները մնային անկատար։ Ձեւական օրենքի հողի վրա, լավագույն դեպքում, աճում են բացասական առաքինություններ միայն, որոնք հերոսական մի հատիկ տող չեն ավելացրել աշխարհի պատմության։ Ձեւական ո՞ր օրենքն է պահանջում, որ մարդկային անհատը մեռնի իդեալի, սրբության, հայրենիքի համար։ Մի՛ գողանար՝ ահա ձեւական օրէնքը, որը մարդը հեգնում է իր գոյության առաջին իսկ օրվանից։ Գերագույն արժեքների համար՝ ներքին մղումով, կամովին մեռնում է ո՛չ թե ձեւական օրենքի հպատակը, այլ մարդը՝ ներքնապես ազատագրված մարդը»:
Նժդեհն իր բովանդակ կյանքի ընթացքին եւ ամբողջովին եղել է հավատարիմ իր կենսական սկզբունքներին, եւ երբեւիցե չի ենթարկվել ձեւական օրենքներին, այլ կենսական իր որոշումներն ու վճիռները եղել են ինքնաբուխ, որպես իր սրտի ու համոզմունքի թելադրանք։ Այդ իսկ պատճառով, նա հաճախ է բախման ու վիճաբանության մեջ եղել ձեւական օրէնքների պաշտպանների հետ։ Այդպիսի արդեն պատմական օրինակ է Հայաստանի իշխանություններին նրա չենթարկվելու եւ Սյունիքի պաշտպանությունը շարունակելու դեպքը, որին անդրադարձել է նաեւ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը. «Եթե Նժդեհը կտրականապես մերժում էր ենթարկվել օգոստոսի 10-ի զինադադարի համաձայնագրից բխող ՀՀ Զինվորական նախարարի հրամանին եւ վճռել էր շարունակել կռիվը Կարմիր բանակի եւ ադրբեջանական ուժերի դեմ, ապա նա ելնում էր միայն ու միայն Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից։ Նժդեհը չէր կարող վարվել այլ կերպ։ Այլ կերպ վարելու դեպքում, կրկնում ենք՝ նա նման չէր լինի ինքն իրեն։ Ճակատագրական այդ որոշումը բխում էր իր իսկ էությունից, ըմբոստ ու անկոտրում ոգուց, ափեր չճանաչող հայրենապաշտությունից, մայր ժողովրդի նկատմամբ անհուն սիրուց»:
Իսկ հիմա տեսնենք, թե ինչ է գրված օրենքի մասին Նոր կտակարանում. «Ոչ մի մարդկային էակ օրենքի գործերով չի արդարացվի Նրա առաջ, քանզի օրենքի միջոցով է մեղքի ճանաչումը» — Հռոմ.Գ19։ «Մենք ընդունում ենք, որ մարդը հավատով է արդարանում՝ առանց օրենքի գործերի- «Հռոմ. Գ.28։ «Կար ժամանակ, որ ես էլ առանց օրենքի կենդանի էի, բայց երբ պատվիրանն ինձ հասավ, մեղքը կենդանացավ եւ ես մեռա, եւ նույն այն պատվիրանը, որ կյանքի համար էր, իմ մահվան պատճառ դարձավ»-Հռոմ. Է 9-10։ «Քրիստոսն է օրենքի վախճանը բոլոր հավատացյալների արդարացման համար»-Հռոմ. ժ4: «…Սէրն է օրենքի լրումը»- Հռոմ.ԺԳ-10։
Բոլոր պատվիրանները պարունակվում են մեկ հատիկ Նորկտակարանային պահանջի մեջ՝ Սիրիր ընկերոջդ։ Սերը չի բացառում օրենքը, այլ բացառում է օրենքի թելադրանքը դրսից, մի ուժ, որը չի բխում մարդու հոգուց, նրա սրտից չի գալիս եւ իր հավատի արդյունքը չէ։ Քրիստոնյան ամեն ինչ անում է հավատով ու սիրով։ Նժդեհը եւս անում է այն, ինչ իր համոզմունքն է, իր հավատով է պայմանավորված եւ կապված է իր Հայրենիքի շահերին։ Միանգամայն ճիշտ եւ արդար դիրքորոշում։
Նժդեհը Քրիստոսի եւ Քրիստոնեության իսկությունն ու ճշմարիտ հավատքի իրողությունը փաստարկելու կամ հիմնավորելու խնդիր չի ունեցել։ Նրա մեծագույն մտահոգությունը եղել է Եկեղեցու եւ ազգային հաստատությունների գործունեության նպատակամղումը ազգի զորացման եւ ինքնապաշտպանության գործին, նաեւ՝ ժողովրդի հոգեկան կենտրոնացման ընդունակության վերականգնումը։ Իր մկրտության ավազանն ունենալով Առաքելական Եկեղեցին, մայրական կաթի հետ միասին ճաշակած լինելով քրիստոնեական բարեկրթության պտուղները, Հայ Եկեղեցու կողմից օրհնված Սպարապետը եղել է միշտ հայադավան Եկեղեցու հավատարիմ զավակ եւ Քրիստոսին ընդունել ու վերաբերել է պատշաճության բոլոր չափանիշներով։ Նրա երկերի ուշադիր ընթերցողն անկասկած կհամոզվի, որ քրիստոնեական բարոյականությունն ու աշխարհայացքը Նժդեհի համար եղել են իրողություններն ու երեւույթները գնահատելու արժեչափեր:
Աշոտ Պետրոսյան