Արցախի երիտասարդները հզոր են
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի և ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնած «Արցախի երիտասարդության կարողությունների և հմտությունների զարգացում» ծրագրի շրջանակում Արցախում հերթական դասախոսությունն է վարել Քրիստինե Վարդանյանը:
Քրիստինեն 27 տարեկան է, ապրում է Երևանում և աշխատում է Հայկական տեղեկատվական ոլորտի ընկերություններից մեկում` որպես ծրագրերի համակարգող։ Ակտիվ ներգրավված է ՀՅԴ կուսակցության աշխատանքներում։
«Ապառաժ»-ը զրուցել է Քրիստինե Վարդանյանի հետ՝ Արցախում նրա կողմից դասավանդվող ծրագրում ընդգրկված երիտասարդների և նրա տպավորությունների մասին:
-Ծրագրի շրջանակում ի՞նչ էիք դասավանդում:
-Արցախի երիտասարդների հմտությունների և կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում ծրագրի մասնակիցներին դասավանդում էի հրապարակախոսություն։ Մասնակիցների հետ մեկ շաբաթվա ընթացքում կատարելագործեցինք մեր խոսելու, մտքերը ձևակերպելու, հարցեր տալու հմտությունները, փորձեցինք հաղթահարել հրապարակային ելույթների հետ կապված մեր վախերը։
— Ինչպե՞ս էին տրամադրված մասնակիցները: Արդյո՞ք հետաքրքրված էին այդ առարկայով:
— Բոլոր մասնակիցները մեծապես ներգրավված էին բոլոր դասերին, ակտիվ մասնակցում էին բոլոր պրակտիկ վարժություններին։ Երևի դասընթացի ամենամեծ ձեռքբերումը կարելի է համարել այն հանգամանքը, որ առաջին հանդիպմանը որևէ պայմանով խոսել հրաժարվող մասնակիցները արդեն առաջին դասի ավարտին փոքրիկ ելույթներ էին ունենում։
—Ինչքանո՞վ կկարողանան իրենց փոխանցված գիտելիքները նրանք կիրառել գործնականում և ի՞նչքանով կօգնի դա նրանց իրենց հետագա գործունեության մեջ:
-Երևի ամենաճիշտը կլինի, որպեսզի մասնակիցներն իրենք պատասխանեն այս հարցին: Ես միայն կարող եմ փաստել, որ դասընթացի ավարտին բոլորը շատ ավելի հեշտ էին արտահայտում իրենց մտքերը, բեմից ելույթ ունենալն արդեն այնքան էլ վախենալու չէր թվում։
— Ի՞նչ տպավորություն թողեցին Ձեզ վրա մասնակիցները:
— Արցախի երիտասարդներն իսկապես հզոր են։ Աշխարհում քիչ մարդիկ կան, ովքեր տեսել են այս երիտասարդների տեսածի մի մասն անգամ և կարողացել են այն հաղթահարել։ Իսկ դասընթացի մասնակիցները ոչ միայն չէին կոտրվել, ոչ միայն չէին հանձնվել, այլ մտածում և պատրաստվում են իրականացնել նոր գաղափարներ։
— Ինչպիսի՞ գաղափարներ ունեն Արցախի երիտասարդները:
— Նրանց բոլոր գաղափարներն Արցախի համար են։ Արցախում այսօր ապրողներն՝ ընդհանրապես, իսկ դասընթացի մասնակիցները՝ մասնավորապես, ինձ ցույց տվեցին, որ Արցախը կա, ապրում է և ունի բոլորիս կարիքը։
— Նկատելի՞ էր արդյոք պատերազմի հետքը նրանց ներաշխարհի վրա: Արդյո՞ք հենց այդպես էիք պատկերացնում տեսնել արցախցի երիտասարդին պատերազմից հետո:
— Պատերազմը չէր կարող հետք չթողնել որևէ արցախցու վրա, բայց ինձ ապշեցրել է ինձ հանդիպած երիտասարդների ուժը, կամքը տոկունությունը։ Վստահ եմ, որ իրենք, եթե դեռ չեն հաղթահարել, շատ շուտով հետևում են թողնելու բոլոր հետքերը։
— Ի՞նչ պետք է անի արցախցի երիտասարդն ապագայում: Որո՞նք են նրանց առաջնահերթ անելիքները և ո՞րն է Ձեր խորհուրդը նրանց:
— Ոչ միայն Արցախում ապրող, այլ հայ երիտասարդն, ընդհանրապես, այսօր անելիք ունի։ Թերևս հենց այսօր հայրենիքն ամենաշատն ունի մեր կարիքը, և մենք իրավունք չունենք հապաղելու, կոտրվելու, հանձնվելու։ Ուրեմն մեր հավատամքը պիտի դառնա ապրել և գործել հանուն Հայրենիքի և հանուն հայ ժողովրդի։
Վահագն Խաչատրյան