Շատ ուսապարկային էր գործող խորհրդարանը և մեզ մնում է նոր խորհրդարանում Նիկոլին հեռացնել․ Արմեն Ռուստամյան
Մեզ մնում է 13 օր այս վարչակազմից ազատվելու համար և պետք է այդ 13 օրը լիարժեք օգտագործենք, որպեսզի դա լինի, միըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը նախընտրական բրիֆինգում։
Նա նշեց, որ «Հայաստան» դաշինքի նպատակը շարունակում է մնալ նույնը, ինչ Հայրենիքի փրկության շարժման նպատակը՝ ունենալ այնպիսի Հայաստան, որ լինի առանց Նիկոլ Հայաստան, և կարողանանք իսկապես նոր շունչ հաղորդել մեր երկրի զարգացմանը։
«Սա մենք փորձեցինք անել փողոցով, որը ենթադրում էր ճնշում գործող խորհրդարանի վրա, այդ խորհրդարանը չգնաց այդ ճանապարհով, ուսապարկերը դեռ մնացին մեծամասնություն, շատ ուսապարկային էր այդ խորհրդարանը և հնարավոր չեղավ լուծել այդ գլխավոր հարցը։ Հիմա մեզ մնում է նոր խորհրդարանում դա անել։ Սա մենք համարում ենք միակ ճանապարհը, որով հնարավոր է անցնցում և առանց արյունահեղության հասնել Նիկոլի հեռացմանը»,-ասաց Արմեն Ռուստամյանը։
Նա նշեց, որ իրենց մնացած բոլոր քայլերը բխում են սրանից։
Ռուստամյանի համոզմամբ՝ կա ընտրություն, քանի որ ուղղակի կամ անուղղակի մասնակցում են նախորդ բոլոր 3 նախագահները, և հնարավորություն կա վերլուծելու առանց Նիկոլ Հայաստանը և Նիկոլով Հայաստանը։ Ընտրողը պետք է հասկանա՝ փրկում է Նիկոլի՞ն, թե՞ փրկում է Հայաստանը։
«Նիկոլի համար Հայաստանը դարձել է իր պատսպարանը․ վարչապետի պաշտոնի հետևում նա պատսպարվում է պատասխանատվությունից»,-ասաց նա: