Ֆրանսիայի ազդեցիկ կազմակերպություններն ու հաստատությունները, ֆրանսահայ արվեստագետներ, գործարարներ մերժել են Փարիզ այցելած ինքնակոչ հյուրին
Դաշնակցության մեծ ընտանիքը՝ իր բոլոր հաստատություններով, մերժել էր Փարիզում Փաշինյանի հետ որևէ տեսակի կապ կամ հանդիպում և նրան դիմավորել բողոքի ակցիաներով։
ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը 168.am–ի հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանի և իրեն ենթակա «մամուլի» տարածած լրատվությունը՝ ֆրանսահայ համայնքի հետ նրա հունիսի 1-ի հանդիպման մասին, չի արտացոլում հանդիպման իրական պատկերը:
«Բարեբախտաբար, կա ընդդիմադիր մամուլ, որ Ֆրանսիայից ուղիղ միացումների տարածմամբ և լուրերով ցուցադրեց, թէ որքան «ջերմ» դիմավորեց ողորմելիին դժգոհ, բողոքող ժողովուրդը՝ չնայած ոստիկանական խիստ միջոցառումներին. հավկիթ, լոլիկ, արևմտահայերեն և արևելահայերեն դղրդացող վանկարկումներ՝ «դավաճան», «հողատու», «թուրք», «առանց Նիկոլ Հայաստան», «դասալիք», և այլն:
Սակայն մեկ այլ նույնքան կարևոր հանգամանք կա. Ֆրանսիայի, այսպես ասած, հայ համայնքի հետ հանդիպմանը բացակա էին համայնքի ամենաակտիվ ու ազդեցիկ կազմակերպությունները, հաստատությունները, տարբեր անձնավորություններ, կուսակցություններ, որոնք մերժել էին հրավերը և բոյկոտել՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միություն, Հայ Առաքելական եկեղեցի, Հայ Կաթողիկե եկեղեցի, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Համազգային», ՀՄԸՄ, Հայ Դատ, «Կապույտ խաչ» (ՀՕՄ), մշակույթի տներ:
Նույն կեցվածքը որդեգրել էին նաև ֆրանսահայ ծանոթ արվեստագետներ, գործարարներ՝ մերժելով ինքնակոչ հյուրին, ինչը հստակ պատգամ և մեսիջ է՝ ուղղված տակավին ինքն իրեն ղեկավար նկատող էակին»,- նշեց Վարժապետյանը: