Սարիղամիշում 1918-ին
Սիմոն Վրացյանը իր «Կյանքի ուղիներով» աշխատության մեջ ներկայացնում է բանակում տիրող իրավիճակը, ռազմական ու քաղաքական ղեկավարության միջև տիրող փոխհարաբերությունները, Սարիղամիիշի անկումը և Դրոյի դերը բանակում կարգապահության և մարտունակության բարձրացման գործում:
Կարդալով Վրացյանի հուշագրությունը, կարելի է ուրվագծել մեր օրերի և ավելի քան 100 տարի առաջվա իրականության միջև: Ստորև ներկայացնում ենք վրացյանի «Կյանքի ուղիներով» աշխատության Ա հատորի «Սարիղամիշում 1918-ին» գլխից հատվածներ.
«…Ռազմաճակատի ու թիկունքի հրամանատարական կազմից եւ քաղաքացիական իշխանություններից հեռագրական համառ պահանջներ էին հասնում, որ Հայոց Ազգային Խորհրդի անդամներն այցելեն ռազմաճակատ եւ մերձակա վայրեր` զինվորների եւ ժողովրդի տրամադրությունը բարձրացնելու համար:
…Ամեն առավոտ կանաչ մահուդով ծածկված մեծ սեղանի շուրջ հավաքվում էին Ազգային Խորհրդի անդամները: Սեղանի գլուխ նստում էր նախագահը՝ Ա. Ահարոնյանը, նրա ձախ կողմում՝ նախագահի օգնական Տիգրան Բեգզադյանը, աջ կողմում՝ Մոսկվայի կոմիտեի նախագահ և այժմ Հայոց Ազգային Խորհրդի զինվորական գործերի վարիչ Ստեփան Մամիկոնյանը, ապա՝ նրա օգնական Ռուբեն Տէր-Մինասյանը, քարտուղար Հակոբ Քոչարյանը, սոցիալ-դեմոկրատ Արամայիս Երզնկյանը և ուրիշներ: Այդ ժողովներին հաճախ ներկա էի լինում և ես, իբրև «Հորիզոն» օրաթերթի խմբագիր, Սեյմի անդամ և էլ չգիտեմ ինչ:
Նախագահը բաց էր անում ժողովը։ Քոչարյանը կարդում էր վերջին նամակներն ու հեռագիրները: Ներկաները հաղորդում էին իրենց ունեցած տեղեկությունները օրվա անցքերի մասին։ Տեղի էր ունենում մտքերի փոխանակություն։ Ապա բերում էին թեյ սպիտակ հացով և կարագ-պանիրով: Դրսում դժվարությամբ էր մթերք ճարվում, բայց Հայոց Ազգային Խորհուրդը առատ թեյ ու շաքար ուներ: Եվ այնպես հաճելի էր տաք և անուշ թեյը սպիտակ հացով ու կարագ-պանիրով, մանավանդ, հեռագրական լուրերից հետո Հայաստանի սառնամանիքների և գաղթականների կրած տառապանքների մասին:
Թեյին ընկերանում էին և՛ զվարճալի մանրավեպեր: Ահարոնյանն ու Բեգզադյանը աննման պատմողներ էին, իսկ երբ նրանց միանում էր և՛ Գիգա Խատիսյանը, կարելի էր ժամերով կախված մնալ նրանց շրթունքներից: Ուստի, բնավ զարմանալի չէր, որ Հայոց Ազգային Խորհուրդը միշտ «վաղվա նիստին» էր հետաձգում ռազմաճակատ այցելելու հարցը:
Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, զոր. Նազարբեգյանի կտրուկ հեռագրի վրա էր, որ, վերջապես, «վաղվա նիստը» հասավ, ռազմաճակատի կացությունը ավելի քան սպառնական էր: Անհրաժեշտ էր «մի բան» անել։ Ի՞նչ բան՝ անհրաժեշտ էր նախ սեփական աչքով տեսնել և ուսումնասիրել իրական կացությունը՝ անելիքը որոշելու համար: Որոշվեց՝ Հայոց Ազգային Խորհուրդը պետք է անմիջապես մեկնի Ալեքսանդրապոլ, ուր մնում էր զոր. Նազարբեգյանի սպայակույտը, այնտեղից՝ Կարս ու Սարիղամիշ:
Մութ երեկո էր, 1918 թ. մարտի 5-ին, երբ խմբով մտանք Հայոց Ազգային Խորհրդին հատկացված վագոնը: Ներկա էին Ա. Ահարոնյանը, Տ. Բեգզադյանը, Ս. Մամիկոնյանը, Նիկոլ Աղբալյանը, Ռ. Տեր-Մինասյանը, Արևմտահայ խորհրդի նախագահ Վահան Փափազյանը, ես՝ Սեյմի լիազորագիրը գրպանումս: Երկաթուղային վարչությունը փաստորեն վրացիների ձեռքն էր, և վրդովեցուցիչ էր նրանց վերաբերումը: Հայոց Ազգային Խորհրդի նախագահի տրամադրության տակ վարչությունը դրել էր մի երրորդ կարգի վագոն՝ ջարդված ապակիներով, կոտրտված նստարաններով, աղտո՛տ: Ահարոնյանի զայրույթն անսահման էր: Նա ուզում էր բողոքել առ, որ անկ է։ Խիստ վրդովված էր եւ Բեգզադյանը, որ հայ-վրացական բարեկամության ջատագով էր։ Ստ. Մամիկոնյանը իր պաղ փիլիսոփայությամբ հանդարտեցրեց նրանց, և հետզհետէ ամենքը հաշտվեցին փաստի հետ։
Այդպես էին այն ժամանակ հայ և վրացի ղեկավարության հարաբերությունները: Վրացիները ավելի նպաստավոր պայմաններում էին եւ առիթ չէին փախցնում վիրավորելու հայերի ինքնասիրությունը»։
Սարիղամիշ հասնելուց և հազիվ խորհրդակցությունը սկսելուց հետո, լուր հասավ ճակատից, թե թշնամին հարձակման է անցել Հարամ Վարդանի կողմից, և կացությունը լուրջ է:
…Պետք է խոստովանեմ, որ Հայոց Ազգային Խորհրդի եւ բանակի ընդհանուր հրամանատարության ռազմագիտական նահանջը այնքան էլ նպաստավոր չէր ճակատի ռազմա-հոգեբանական սիտուացիային, ոչ էլ մեր՝ մնացողներիս հոգեռազմաբանական տրամադրության: Մենք կարծում էինք, որ փախուստի ավելի վայելուչ ձև կարող էինք գտնել…
Սարիղամիշը քաոսային վիճակի մեջ էր։ Քաղաքը դատարկվել էր: Բնակիչները թողած տուն ու տեղ՝ հեռացել էին: Մնացել էին կասկածելի մարդիկ, որոնք գիշեր ու ցերեկ թալանով էին զբաղված: Զինվորական պահեստները մնացել էին անպաշտ պան. անհաշիվ հարստություն էր ամբարված՝ զենք ու ռազմամթերք, զինվորական և քաղաքացիական հագուստ, երկրագործական գործիքներ եւ մեքենաներ, խճուղիների և կամուրջների շինության մեքենաներ, անսպառ դեղորայք, ալյուր, շաքար՝ տասնյակ միլիոնների արժեքով։
…Զոր. Արեշյանը հազիվ կարողանում էր իր զինվորական անմիջական պարտականություններին հասնել։ Ռուս բանակի փայլուն զինվորականի համբավ ուներ, բայց այժմ խեղճացել, ջղայնացել, թրջված հավ էր դարձել, բոլորովին անհամապատասխան էր իրեն վիճակված դերին: Սրտի հիվանդություն էլ ուներ. ոմանք ասում էին՝ հիվանդ էր ձևանում և ծանր վայրկյաններին կորցնում էր գլուխը։ Նրան օգնելու կոչված ճակատի հրամանատարը՝ գնդ. Բել Մամիկոնյանը նույնպես ցավագար ու վախկոտի մեկն էր: Հակառակ իր արտաքին պատկառելի տեսքին և երևութական լրջության՝ իրապես շրջուն խուճապ էր և ո՛չ մեկ վստահություն չէր ներշնչում իրեն ենթակա զինվորներին ու սպաներին։
Ռազմաճակատից անընդհատ մտահոգիչ լուրեր էին լսվում: «Մեր ուժերը բավական չէին և արագ կերպով տկարանում էին հիվանդության, դասալքությունների, կարգապահության խանգարման և, մանավանդ, հրամանատարական հեղինակության բացակայության հետևանքով: Անդրանիկը իր զորամասերով հեռացել էր կռվի դաշտից, իբրև կարգախոս թողնելով իր ետևը. «Թրքահայությունը կոտորվեց, թո՛ղ ռուսահայությունն էլ կոտորվի»։ Այդպես չէր ասված իր խոսքը, բայց ամբոխը այդ իմաստով հասկացավ:
Օրհասական էր դարձել թշնամու առաջխաղացման կանխումը:
…Սարիղամիշում պահեստի մասերը գրեթե սպառված էին, մնացածները ո՛չ մեկ վստահություն չէին ներշնչում։ Զոր. Արեշյանի դիմումներն Ալեքսանդրապոլի զոր. Նազարբեկյանին՝ ո՛չ մի արդյունք չէին տալիս: Սկսեցինք ուղիղ հեռագրաթելով ոմբակոծել Հայոց Ազգային Խորհուրդը Թիֆլիսում։ Հետեւանքը եղավ նույնը՝ «Բավականացէք ձեր ուժերով»:
Այսպես ռազմաճակատը երկար դիմադրել չէր կարող: Եվ ինչ-որ հրաշքով հայտնվում է բանակի կոմիսար, Երևանյան զորամասերի հրամանատար Դրոն, ով եկել էր Սարիղամիշի պահեստներից զենք-ռազմամթերք հայթայթելու՝ Արարատեան դաշտի զօրամասերի համար:
…Դրոն շտապում էր վերադառնալ Երևանի նահանգ, ուր արյունահեղ քաղաքացիական կռիվներ էին տեղի ունենում և ուր ինքը հրամանատար էր: Միայն ստիպողական հարկադրանքի տակ եկել էր զենք ու ռազմամթերք տանելու: Բայց զոր. Արեշյանի խնդրանքը այնքան բուռն էր, որ ստիպված եղավ տեղի տալ: Իր զինվորականի բացառիկ բնազդով նա արագ կերպով ըմբռնել էր կացության ահավոր լրջությունը և անմիջական դարմանումի անհրաժեշտությունը։
Առաջին հերթին անհրաժեշտ էր վերջ տալ 101-րդ հարյուրյակի ըմբոստությանը, ինչը բարոյալքում ու կազմալուծում էր բանակը: Մարդիկ զինված նստել էին զորանոցում և մերժում էին ենթարկվել հրամանատարությանը:
Իբրև բանակի կոմիսար, Դրոն արագ կերպով պատրաստեց վստահելի զինվորական ուժ եւ հրամայեց, որ ըմբոստները դուրս գան զորանոցից: Հարյուրյակը դուրս եկավ և շարվեց հրացանները ձեռներին: Դրոն մի կարճ ճառով դիմեց նրանց հայրենասիրության հորդորելով, որ մեկնեն ռազմաճակատ՝ հայրենիքի պաշտպանության համար։ Աջ ու ձախից լսվեցին տրտունջներ, մերժումի բացականչություններ: Դրոն մի պահ լուռ դիտեց և, հանկարծ, վագրի ոստյունով ատրճանակը ուղղեց հարյուրյակին ու գոչեց.
-Հանդա՛րտ:
Անակնկալի եկած զինվորները արագ կատարեցին հրամանը:
-Տասը քայլ առա՛ջ,- պոռաց Դրոն:
Առանց վարանումի զինվորները առաջ անցան տասը քայլ:
-Հրացանները դնել գետին,- հրամայեց Դրոն:
Մի պահ տատանումից հետո, ամենքը հրացանները վար դրին:
Քիչ այն կողմ կանգնած էր Դրոյի պատրաստած վաշտը՝ գնդացիրներով զինված։ Զինվորները տեսնում էին այդ:
-Սուրերը դնել գետին, նորից հրամայեց Դրոն:
Զինվորները սուրերն էլ դրին վար:
-Տասը քայլ հե՛տ,- գոչեց Դրոն:
Հարուրյակը մեկ մարդու պես քաշվեց հետ՝ նախկին տեղը։
Դրոյի կարգադրությամբ եկան, արագ հավաքեցին ու տարան հրացաններն ու սրերը։ Ապա Դրոն պահանջեց, որ անմիջապէս հանձնվեն ըմբոստության պարագլուխներին: Առանց դժվարության հանձնվեցին երեք հոգի:
Հարուրյակը զղջում ու հնազանդություն հայտնեց: Լուրը կայծակի արագությամբ հասավ ռազմաճակատի զորամասերին և ցնցող տպավորութուն գործեց նրանց վրա։ Այնուհետեւ արագ կերպով կազմվեց պատերազմական ատյան, դատելու համար խռովարարների երեք պարագլուխներին։
…Քննությունից՝ հրամանատարական տեղեկատվությունից և վկաների ցուցմունքներից, պարզվեց, որ երեքն էլ հավասարապես հանցավոր էին. ամեն առիթով դժգոհություն էին սերմանում շուրջը, չէին ենթարկվում կարգապահության, խուսափում էին պարտականությունից, ընկերակիցների մեջ գրգռիչ քարոզչություն էին անում, դրդում էին թողնել դիրքերը և հետևել ռազմաճակատից հեռացած ռուս զորամասերին։ Ակնհայտ կերպով ձգտում էին կազմալուծել բանակը, որպեսզի իրենք շուտով կարողանան տուն վերադառնալ…
Պատկերը ցնցող էր: Մի կողմից հրամանատարության անճարակություն, մյուս կողմից՝ ծայր աստիճանի բարոյալքում: Այս երեքը բացառություն չէին, բոլշևիզմը պղծել էր բանակի հոգին, հայրենիքի գաղափարը արագ կերպով ցնդում էր մարդկանց մտքերից տեղ տալով անասունի նախնական բնազդին:
Դատախազը երեքի համար էլ պահանջեց մահապատիժ: Այսօրվա հոգեբանությամբ ոմանք թերևս մեղադրեն դատախազին. ինչո՞ւ այս երեքը պետք է սպանվեն, երբ իրենց նման ուրիշներ եւ ավելի մեծ հանցավորներ, ավելի բարձր դիրքերում, պտտվում էին անպատիժ՝ «Չաշկա Չայու»-ի եւ թիկունքային զանազան հիմնարկությունների հերոսներ: Ինչպէ՞ս հաշտվել նման անարդարության հետ: Հապա «մարդկային խի՞ղճը» կամ «սոցիալիստական գիտակցությո՞ւնը»։ Հապա՝ «մի՛ սպանիր»-ը։ Հապա՝ մեր դավանանքը մահապատժի դեմ…»
…Դատարանը միաձայն որոշեց գնդակահարել երեքին էլ, անմիջապես, առանց վերաքննության իրավունք տալու…
Երկուսը լսեցին դատավճիռը լուռ, համարյա անտարբեր, բայց անտառապահի վրա շշմեցնող տպավորութուն թողեց: Նա մի պահ կարծես չըմբռնեց կարդացվածի իմաստը, ապա՝ ցնցվեց, սուր ճիչ արձակեց, սկսեց պոռալ… Անհասկանալի խոսքեր էր արտասանում։ Լալիս: Եղկելի էր երևույթը, այդքան մեծ մարմնի մեջ այդպիսի՜ փոքր հոգի…»
…Մեկ, երկու, երեք — որոտում են հրացանները…Հեռախոսը շտապում է հաղորդել առաջավոր դիրքերը։
— Երեք հայրենիքի դավաճան խռովարարներ մահվան են դատապարտված զինվորական ատյանի կողմից: Մահավճիռը գործադրված է…
…Դատավարությունից հետո, զոր Արեշյանի թախանձանքի վրա, Դրոն մեկնեց ճակատ վարելու համար կռիվները թշնամու դեմ: Ճակատը Խոնդերեի ձորում էր, Սարիղամիշի մոտերը: Թնդանոթների որոտը հասնում էր մեր ականջներին…
Քիչ վերջը Թիֆլիս մեկնեց Փափազյանը զինվորական կնոջ հետ: Գաղթական չէր մնացել այլևս։ Սարիղամիշից հեռացան եւ բժշկա-առողջապահական ու խնամատարական խմբերը։ Սուր անհամաձայնության հետևանքով զոր. Արեշյանի հետ ռազմաճակատից հեռացան նաեւ Մուրադն ու Սեպուհը իրենց մարտիկներով: Մենք մնացինք մենակ, համարյա կտրված դրսի աշխարհից: Դրոն՝ Խոնդերեի առաջավոր դիրքերում, որտեղից թնդանոթների որոտը ավելի եւ ավելի սպառնական մոտենում էր մեզ, Վահան Նավասարդյանը` դայակի դերում զոր. Արեշյանի մոտ և ես` «զինվորական կոմենդանտ» ամայացած Սարիղամիշի…
…Բայց մենք դատապարտված էինք: Բախտը լքել էր մեզ: Մեր միակ կապը դրսի աշխարհի հետ ուղիղ հեռագրաթելն էր: Լուրեր էինք ստանում Ալեքսանդրապոլից և Թիֆլիսից, իսկ Հայոց Ազգային Խորհուրդը ժողովներ էր գումարում Գոլովինսկի փողոցի վրայ՝ Տէր Մարգարյանի դահլիճում եւ Խորհրդի զինվորական գործավարի օգնականը քաջալերական խոսքեր էր ուղղում… մեզ:
Թիֆլիսի հիմնարկություններն ու սրճարանները վխտում էին զինվորական հագուստ հագած դասալիքներով, իսկ մենք օրեր էինք հաշվում, թե երբ պիտի հասնի մեր անխոս չարչարանքի վախճանը: Եւ վախճանը չուշացավ:
… Որոշվեց. մարտի 28-ին զորքը կհեռանա քաղաքից: Զոր. Արեշյանի հետ կմեկնի նաև Վ. Նավասարդյանը: Վիրավորները, հիվանդանոցների ու պահեստների ծառայողները, քաղաքացիների մնացորդները ինձ հետ կհեռանան երկաթուղիով։ Քաղաքի պահեստներն ու ռազմական արժեք ներկայացնող շենքերը պայթեցվելու են։ Պայթեցնող ջոկատը, գործը լրացնելուց հետո, կմիանա մեկնողներին: Արդեն մութն ընկել էր։ Վերջին անգամ աչք նետելուց եւ քաղաքի զանազան մասերը նայելուց հետո՝ հասա կայարան, ուր խավարում արդեն պատրաստ սպասում էր գնացքը՝ բեռնավորված ստվեր դարձած մարդկանցով եւ ապրանքով: Քաղաքում մարդ չէր մնացել:
Գնացքը դանդաղ դուրս եկավ կայարանից և կանգ առավ քաղաքից դուրս՝ բարձունքի վրա։ Ամենքը ականջ կտրած սպասում էին։ Մեկ էլ՝ թրա՛խկ, բո՛ւմ, բո՛ւմ՝ քաղաքի բոլոր կողմերից որոտացին պայթող ռումբերը։ Պայթյունին հաջորդեց հրդեհը։ Հետզհետե քաղաքը լուսավորվեց բոցավառ ջահերով: Լույսերի խաղն ու ռումբերի որոտը, հեռվից, տոնական հրավառության տպավորություն էին թողնում»:
Սիմոն Վրացյան «Կյանքի ուղիներով»