Նոր խնդիրներով ապրող Հին Շենը

Շուշիի շրջանի Հին Շեն համայնքը մտնում է Բերդաձորի ենթաշրջանի մեջ: Գյուղի դիմացի բարձունքին՝ բնակելի տներից 300-400 մետր հեռավորության վրա, ադրբեջանական դիրքն է, իսկ դեպի գյուղ տանող ճանապարհը հսկում են ռուս խաղաղապահները:
Դեկտեմբերին թշնամին փակել էր այդ ճանապարհը և մի քանի օր բնակիչները գտնվում էին փաստացի շրջափակման մեջ: Այնուհետև, կայացած բանակցություններից հետո, ադրբեջանցիները հեռացել են ճանապարհից ու ռուս խաղաղապահներին է հանձնվել դրա պահպանությունը: Հայկական բանակի ստորաբաժանումներ այդտեղ չկան:

Չնայած ադրբեջանական դիրքի մոտիկությանը, բնակիչները փորձում են բնականոն կյանքով ապրել: 2016թ. ապրիլյան պատերազմից հետո ընտանիքով Թալիշից Հին Շեն տեղափոխված Լիանա Աբրահամյանը նշում է, որ Արցախից բացի ուրիշ տեղ չի կարողանում ապրել: Նոր բնակավայրին արդեն հարմարվել է, չի վախենում, միայն գյուղից լսվող նամազի ձայներն են անհանգստացնում:
Հին Շենում է ապրում նաև տեղի դպրոցի տնօրեն Կարեն Բարսեղյանի ընտանիքը, այդ թվում՝ երկու անչափահաս թոռները: 2020թ. սեպտեմբերի 1-ին 11 աշակերտ ունեցող դպրոցը 2021թ. հունվարի 8-ից 8 աշակերտով է սկսել դասապրոցեսը: Դպրոցում միայն օտար լեզվի մասնագետի կարիք կա:

«Այս գյուղում եմ ծնվել և երևի այստեղ էլ կմեռնեմ: Նվիրված ենք այս հողին, ջրին, և քարոզչական աշխատանքներ ենք տանում, որպեսզի մյուսները հետ վերադառնան»,- նշում է Կ. Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ պատերազմից հետո փոխվել է երեխաների հետ տարվող աշխատանքների բնույթը, իսկ գյուղում և դպրոցում խոսակցության հիմնական թեման պատերազմն է: Տնօրենը ապագայի նկատմամբ հավատով է լցված: Նրա հավատը պայմանավորված է նրանով, որ առաջին պատերազմի ժամանակ էլ կային անհաղթահարելի թվացող դժվարություններ: «Այս աննախադեպ պատերազմը մեծ կորուստներ է պատճառել: Բայց էլի հուսով եմ, որ եթե համախմբվածություն լինի, եթե բոլորը միանան, մուրճը մի մեխի խփեն, լավ կլինի»,- ասում է Կարեն Բարսեղյանը:
Գյուղում ամենաշատը անվտանգության հարցով են մտահոգված: Եթե անվտանգությունն ապահովվի, սոցիալ-տնտեսական պայմանները բարելավվեն, ջրի հարցը լուծվի, համագյուղացիները կվերադառնան՝ համոզված են Հին Շենում:




