Մայիսյան հերոսամարտերի արդյունքում հայ ժողովուրդը նվաճեց ապրելու և հարատևելու իր իրավունքը
1918 թ. մայիսյան հերոսամարտերը մեր պատմության փառապանծ էջերից են: Դրանցով հայ ժողովուրդը նվաճեց ապրելու և հարատևելու իր իրավունքը: Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում կասեցնելով թուրքական բանակի հարձակումը` հայկական կանոնավոր զորքը և աշխարհազորը փրկեցին Արևելյան Հայաստանը վերջնական կործանումից:
«Մայիսի 24-ին մի անսպասելի դեպք, ավելի շուտ մի զարմանալի հրաշք եկավ ցրելու համատարած լռությունը, պատռեց մահվան վարագույրը եւ մարդկանց երակների մեջ խոսեց ապրելու եւ կռվելու տենչը: Ղարաքիլիսայից դեպի արեւելք Դիլիջանի ոլորապտույտ ճանապարհին երեւաց մի անորոշ զանգված, որ քանի մոտենում, ավելի ու ավելի նկատելի էր դառնում: Շատ չանցած գյուղում երեւացին մի խումբ ձիավորներ, ոտքից գլուխ զինված: Ժողովրդի սարսափահար դեմքերին նկատվեց ե՛ւ զարմանքի, ե՛ւ ուրախության նշան… Եկվորները ծանոթ դեմքեր էին. Նժդեհի տղերքը:
Նժդեհը՝ իր ջոկատով
Գալիս է հայ զորքը, գալիս են հայ կամավորները: Կռիվ պիտի տանք, փախչելն ամոթ ա, տղամարդկություն պիտի շանց տանք — արար աշխարհ պիտի զարմացնենք — ծլկող ու կորչողը նամարդ է: Լսողները չէին հավատում իրենց ականջին: Ամենքին թվում էր մի երազ, մի քաղցր ու կարճատեւ երազ» (Մուշեղ Ղազարյան, Ղարաքիլիսայի հերոսամարտը, Թիֆլիս, 1920թ.):
1918 թ. մայիսին թուրքական զորքերը ներխուժեցին Արևելյան Հայաստան, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը, մայիսի 21-ին Սարդարապատ գյուղն ու կայարանը: Մարտերը ընթանում էին 3 ուղղություններով` Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա: Մայիսի 22-ին սկսվեց Սարդարապատի ճակատամարտը: Հայրենիքի և Երևանի պաշտպանության համար ոտքի ելավ ամբողջ հայ ժողովուրդը:
Մայիսի 22 – 26-ը Սարդարապատի ճակատամարտում 15 հազարանոց թուրքական զորքը նահանջեց Ալեքսանդրապոլ: Մայիսի 23 – 27-ին պարտություն կրեց Բաշ-Ապարանում, մայիսի 24 – 28-ին՝ Ղարաքիլիսայում:
Մայիսյան հաղթանակը հնարավորություն տվեց տևական ընդմիջումից հետո վերականգնել հայոց պետականությունը: 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում կնքված հայ-թուրքական հաշտության պայմանագրով Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը:
1918 թ. մայիսի 28-ին Թիֆլիսում Հայոց Ազգային խորհուրդն իրեն հայտարարեց Հայաստանի գավառների գերագույն և միակ իշխանությունը: Կազմավորվեց Հայաստանի Հանրապետության խորհրդարանը և կառավարությունը, վարչապետ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին, մայրաքաղաք հռչակվեց Երևանը: Հանրապետությունն իր գոյության երկուսուկես տարվա ընթացքում ունեցավ խորհրդարանի երկու կազմ և չորս կառավարություն:
1919 թ. ընտրություններով ձևավորվեցին տեղական կառավարման մարմինները: Զինված ուժերը վերակազմվեցին ռուսական բանակի օրինակով: Ընդունվեց օրենք հայերենը պետական լեզու ճանաչելու մասին: Հաստատվեցին պետական խորհրդանիշները` դրոշը, զինանշանը, օրհներգը, սահմանվեցին պետական ու ազգային-կրոնական տոները: