Այս պահին ամենակարևորը Արցախի վերակառուցումն է. Դանիել Ղևոնդյան
«Արցախի երիտասարդության կարողականությունների և հմտությունների զարգացում» ծրագրի շրջանակում Արցախում դասախոսություններ է վարել Դանիել Ղևոնդյանը:
Դանիել Ղևոնդյանը ծնվել է Թեհրանում, սակայն 2004-ից տեղափոխվել և ապրում է Երևանում:
Նա «Սնունդ և ըմպելիքներ» թեմայի վերաբերյալ գիտելիքներ է փոխանցել ծրագրի մասնակից երիտասարդներին:
ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի և ՀՅԴ Արցախի երիտասարդական գրասենյակի նախաձեռնած ծրագրի մասին նա իմացել է իր ընկերներից և ցանկություն հայտնել մասնակցելու այդ ծրագրին:
«Ապառաժ»-ը զրուցել է Դանիել Ղևոնդյանի հետ Արցախում նրա իրականացրած աշխատանքների մասին:
— Ո՞րն է Ձեր այցի նպատակը:
— Պատերազմից հետո սա իմ առաջին այցն է: Նպատակը՝ սննդի և ըմպելիքների վերաբերյալ դասընթացների անցկացումն է, որպեսզի Արցախի երիտասարդներին գիտելիքներ փոխանցեմ, և նրանք պատկերացումով մոտենան աշխատանքի շուկային ու փորձեն ստեղծել սեփական միկրոբիզնեսներ:
— Ինչպե՞ս իմացաք «Արցախի երիտասարդության կարողականությունների և հմտությունների զարգացում» ծրագրի մասին:
— Ընկերական շրջապատիցս հետաքրքրվել էր միության անդամներից մեկը, ով այս ոլորտի մասնագետ էր փնտրում: Հանդիպեցինք, խոսեցինք և որոշեցի, որ պետք է մասնակցեմ:
—Ի՞նչ ակնկալիքներ ունեիք այս ծրագրից, և արդյո՞ք դրանք արդարացան:
-Ակնկալիքներս՝ չեմ կարող ասել, որ չեն իրականացվել, բայց իմ պատկերացրած ֆորմատը և առկա իրականությունն այլ էր: Այսինքն, այն նյութերը, որ ես էի պատրաստել՝ ներկայացնելու, համապատասխան չէր երիտասարդների ակնկալիքներին և պահանջներին: 2 օրվա ընթացքում շտկեցի, բերեցի ավելի մասնագիտական մակարդակի, և ավելի գործնական քայլերի մասին քննարկումներ ունեցանք:
—Հետաքրքրությա՞մբ էին մասնակիցները հաճախում դասընթացներին:
-Բավականին աշխույժ և հետաքրքրված էին: Մի քանիսն արդեն կողմնորոշված էին և գիտեին, թե ինչ են ուզում իրականացնել այս ծրագրի ավարտին: Մի մասն էլ, օգտագործելով լավ առիթը, գիտելիքներ էին ձեռք բերում, որպեսզի հետագայում արդեն կարողանան ճիշտ որոշում կայացնեն, թե ինչով են ուզում զբաղվել:
—Ի՞նչպիսի տպավորություն թողեցին Ձեզ վրա երիտասարդները: Պատերազմից հետո նկատե՞լ եք նրանց մոտ ընկճվածություն:
-Ինչ որ տեսել եմ՝ իրականում շատ ավելի լավ է, քան ես պատկերացնում էի: Այլ տեղերում էլ զրուցում եմ երիտասարդների հետ՝ հասկանալու նրանց մտադրություներն ու մտքերը, թե ինչ է փոխվել իրենց մոտ: Բոլորի մոտ դրական լիցքեր կան, սակայն պատերազմը փոխել է բոլորին:
—Ո՞րն է երիտասարդների առաջնային անելիքները:
-Ամենակարևորն այն է, որ նրանք սկսեն ավելի լայն մտածել, ավելի գլոբալ նայեն իրենց ապագա աշխատանքներին: Պետք է մտածեն՝ ինչ ու ինչպես անեն, որպեսզի իրենց ուզածին հասնեն:
—Ինչո՞վ էին հետաքրքրված արցախցի երիտասարդները:
-Ինչպես արդեն ասացի, ես նախատեսել էի նրանց փոխանցել կազմակերպչական տեղեկություններ, սակայն նրանց ավելի շատ ոչ թե կազմակերպչականը հետաքրքրեց, այլ կիրառական աշխատանքը: Այդ իսկ պատճառով, ավելի շատ կենտրոնացանք ալկոհոլային ըմպելիքների, հյութերի, թեյերի, չրերի արտադրության գործընթացին:
—Իրագործելի՞ են արդյոք նրանց գաղափարներն ու մտքերը Արցախում:
-Ինչ-որ հնչել է նրանց կողմից՝ իբրև բիզնես սկսելու որոշում, բոլորն էլ իրագործելի են, և երկրի պայմանները չեն կարող խոչընդոտ լինել դրանք իրագործելու համար:
—Պատերազմից հետո արտագաղթի մեծ ալիք է սկսել Արցախից: Արդյո՞ք երիտասարդները կարող են կանխել այս գործընթացը:
-Երիտասարդությունը հենց այն մասն է, որ արտագաղթում է: Ես չեմ կարծում, որ այլ սերունդ կա, որ ուզում է արտագաղթել: Նա է արտագաղթում, ով մտահոգված է իր ու երկրի ապագայի համար: Ես չեմ կարծում, որ երիտասարդները կարող են կանխել արտագաղթը, բայց եթե կառավարությունը կամ հասարակական կազմակերպությունները, ովքեր ունակ են նմանատիպ առիթներ ստեղծելու, աջակից դառնան երիտասարդությանը, օգնեն, որպեսզի իրենց բիզնեսները սկսեն այստեղ, իմ կարծիքով՝ ավելի շատ կարող են երիտասարդներին պահել այստեղ: Երիտասարդներն ինչքան էլ ունենան սեփական գաղափարներ, այնուամենայնիվ այս իրավիճակում օգնության կարիք են զգալու:
—Ի՞նչ խորհուրդ կտաք այն մասնագետներին, ովքեր դեռևս չեն ընդգրկվել Արցախում իրականացվող նմանատիպ դասընթացների ծրագրերում:
-Ցանկացած մարդու, ոչ միայն պարտադիր դասախոս, այլև տարբեր ոլորտների մասնագետներ, ամենակարևոր կետը պետք է լինի՝ գիտելիքները խտացված ձևով կարճ ժամանակում փոխանցել այս երիտասարդներին: Եթե մի շաբաթվա այց կազմակերպեն և գան այստեղ, կարող են շատ օգտակար լինել արցախցի երիտասարդներին՝ փոխանցելով իրենց գիտելիքները:
—Ինչպե՞ս եք պատկերացում ելքն այս իրավիճակից:
— Ես մենակ նայում եմ դրական կողմից, ոչ մի բացասական բան չեմ տեսնում: Ամենակարևորը վերակառուցումն է, ուստի ոչ ոք չպիտի հիասթափվի, հուսալքվի: Ցանկացած մարդ, որն իրեն հայ է համարում, պետք է այստեղ հաստատ իր ներդրումն ունենա ու այդ վերակառուցմանը մասնակից դառնա, որպեսզի կրկին վերածնվենք:
Վահագն Խաչատրյան