Լույս է տեսել «Հակոբ Կարապենցի ստեղծագործությունը» գիրքը

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ լույս է տեսել 20-րդ դարի երկրորդ կեսի սփյուռքահայ մեծատաղանդ գրող Հակոբ Կարապենցի գրական ժառանգության գրականագիտական վերլուծությունը ներկայացնող «Հակոբ Կարապենցի ստեղծագործությունը» գիրքը:
Գրքի հեղինակը արցախցի երիտասարդ գրականագետ, բ.գ.թ., Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի դասախոս Նանար Սիմոնյանն է:
«Ապառաժ»-ի հետ զրույցում հեղինակը նշել է, որ Հակոբ Կարապենցը կարևոր դերակատարություն ունի արտերկրում մայրենի լեզվի և հայապահպանության գործում:
«Կարապենցը քիչ ուսումնասիրված հեղինակ է ու նպատակահարմար եմ գտել, որպեսզի ամբողջական ստեղծագործություններին անդրադառնամ, հերոսների տիպաբանական քննակարգը ներկայացնեմ: Գիրքն օգտակար կլինի գրականագիտական ակադեմիական շրջանակներին, բանասիրությամբ զբաղվող ուսանողությանը, ինչպես նաև՝ հայ ժամանակակից գրականությամբ հետաքրքրվողներին»,- ասել է Ն. Սիմոնյանը՝ ավելացնելով, որ Կարապենցի արձակը որքան ազգային, նույնքան էլ համամարդկային է:
«Հակոբ Կարապենցի ստեղծագործությունը» գիրքը լույս է ընծայվել 250 տպաքանակով, շնորհանդեսը նախատեսվում է Երևանում՝ Կարապենցին նվիրված գիտաժողովի շրջանակում:
Գրողը ծնվել է Պարսկաստանի Թավրիզ քաղաքում։ 1947-1949 թվականներին սովորել է ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի, 1950-1952 թվականներին՝ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարաններում։
Մասնագիտացել է լրագրության մեջ՝ երկրորդ մասնագիտություն ընտրելով հոգեբանությունը։ 1951-1953 թվականներին Կալիֆոռնիայում բնակվելուց հետո, տեղափոխվել է Նյու-Յորք, որտեղ մեկ տարի դասավանդել է Քորնել համալսարանի լեզվաբանական բաժնում։ 1954-1979 թվականներին աշխատել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական բաժնում:
Իր տոհմի ծագումնաբանությունը ներկայացնելիս Կարապենցը նախ հիշատակում է ապուպապին՝ շուշեցի Կարապետին, որի որդի Սիմոնը ևս ծնվել էր Շուշիում, ապա տեղափոխվել Գանձակ, այնուհտեև հայտնվել Մեղրիում, ուր և ծնվել էր Հակոբ պապը: Վերջինս էլ իր հերթին տեղափոխվել է Թավրիզ, ուր աշխարհ էր եկել իր որդին, այսինքն Հակոբի հայր Սիմոնը:
Արձակ հեղինակ է Կարապենցը, ունի երկու գիրք՝ «Կարթագենի դուստրը», «Ադամի գիրքը», պատմվածքների ժողովածուներ:
Նրա ստեղծագործությունն ամբողջապես փիլիսոփայական հարցումների պատասխանների փնտրտուք է, ինչպես խոսոտվանում է ինքը «Բառի փրկությունը» փորձագրության մեջ, 1986թ. սեպտեմբերին. «Գրում եմ, որովհետև կեանքը ո՛չ կատարեալ է, ո՛չ էլ արդար: Գրելով փորձում եմ գտնել ճիշդ հարցումը, երբեմն էլ՝ պատասխանը: Գրելով ջանում եմ փրկել ինձ, ապա՝ մարդուն»: