Կհաղթահարենք. սրանից ավելի ծանր ժամանակաշրջաններ ենք հաղթահարել
Գլխավոր » Լրահոս » Կհաղթահարենք. սրանից ավելի ծանր ժամանակաշրջաններ ենք հաղթահարել

Կհաղթահարենք. սրանից ավելի ծանր ժամանակաշրջաններ ենք հաղթահարել

Խորհրդային ժամանակաշրջանում Արցախը Հայաստանին միավորելու փորձեր արվել են 1930, 1945, 1965, 1967, 1977 թթ․, սակայն միշտ թե՛ մոսկովյան, թե՛ ադրբեջանական իշխանությունների կողմից մերժվել են այդ պահանջները։

1988թ․ փետրվարի 13-ին Ստեփանակերտում տեղի ունեցած առաջին հանրահավաքի ժամանակ, քաղաքի կենտրոնական հրապարակում հավաքված հազարավոր արցախցիներ հանդես եկան ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ի հետ վերամիավորման պահանջով։ Ստեփանակերտում և շրջաններում մոտ մեկ շաբաթ տևած խաղաղ ցույցերից հետո ԼՂԻՄ մարզխորհուրդն ընդունեց իր պատմական և շրջադարձային որոշումը, որը մեծ ուրախությամբ ընդունվեց թե՛ Ղարաբաղում և թե՛ Հայաստանում։

1988թ․ փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանը որոշեց՝ դիմել ԱԽՍՀ և ՀԽՍՀ իշխանություններին, ԼՂԻՄ-ը ԱԽՍՀ-ի կազմից դուրս բերելու և ՀԽՍՀ կազմ տեղափոխելու պահանջով։ «Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետին և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետին՝ խորն ըմբռնման զգացում դրսևորել ԼՂ հայ բնակչության խղձերին ու լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցի դրական լուծմանը»։  Ըստ էության, ԽՍՀՄ պատմության մեջ առաջին անգամ շրջանային մարմինը, իրացնելով իր օրինական իրավունքը, ընդունեց քաղաքական որոշում, որն արտահայտում էր շրջանի բնակչության ճնշող մեծամասնության կամարտահայտությունը։

«Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Մարտակերտի կոմիտեի ներկայացուցիչ  Ալիկ Սարգսյանի հետ, ով Արցախյան շարժման սկզբին  Ստեփանակերտի Մանկավարժական համալսարանի ուսանողական շարժման ղեկավարներից էր։

— Պարոն Սարգսյան, ինչպե՞ս սկիզբ առավ Արցախյան շարժումը Մարտակերտի շրջանում։

-Մարտակերտում, ինչպես մյուս շրջաններում, շարժումն սկսվել է ցույցերով ու հանրահավաքներով։  Մարտակերտում առաջին ցույցերը կազմակերպել և ժողովրդին ուղղորդել է Վիգեն Շիրինյանը, ով, ցավոք, միայն վերջերս է պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով։

-Արցախյան շարժումն ի վերջո հանգեցրեց ազգային ազատագրական պայքարի։ Ինչպիսի՞ պայմաններում է սկսվել Մարտակերտի ազատագրումը։

-Ես եղել եմ Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ։ 1992թ. ամռանն ընկան  Շահումյանն ու Մարտակերտը. հակառակորդը բռնազավթել էր այն մինչև 1993թ․ օգոստոս։ Ռազմագիծը հասել էր Վաղուհաս-Առաջաձոր-Չլդրան-Կիչան բնագիծը։ Աշնանը դիրքային մարտերով կասեցվել է հակառակորդի առաջխաղացումը և,  մեծ կորուստներ պատճառելուց հետո, 1993թ․ մարտի 5-ին անցել ենք հակահարձակման։ Փետրվար, մարտ ամիսներին ազատագրվել են Հաթերքի ենթաշրջանի ձորակի գյուղերը։ Մարտի 27-ից մինչև ապրիլի  5-ը ազատագրվել են Քելբաջարն ու Լաչինը։ Թիկունքն ազատագրելուց հետո, ապրիլի կեսերից Մարտակերտի  ուղղությամբ սկսվել է Մաղավուզի բարձունքների ազատագրման ռազմական գործողությունները։ Հունիսի 26-ին ազատագրվել է Մարտակերտի հարակից՝ Պուշկինի հեռուստաաշտարակի ռազմավարական նշանակության բարձունքները, որից հետո՝ հունիսի 26-28-ը ազատագրվել է Մարտակերտ քաղաքը։

Այդ օրերին բավարար քանակով սպառազինություն և մարդուժ ունեի՞նք:

-Պետք է նշեմ, որ Քելբաջարի ազատագրության ժամանակ թշնամուց առգրավել ենք շատ զենք ու զինամթերք: Դրանք նորոգվել և օգտագործվել են հենց Մարտակերտի ազատագրման ժամանակ: Մենք միշտ էլ, թե՛ թվաքանակով, թե՛ զենքի ու տեխնիկայի քանակով, զիջել ենք թշնամուն, սակայն դա չէ հաղթանակի հասնելու նախապայմանը:

Ի՞նչ զգացողություններ ունեիք Մարտակերտի ազատագրումից հետո:

-Հպարտություն: Ազատագրելիս՝ պարտքի զգացում, ազատագրելուց հետո՝ հպարտություն:

Համեմատելի՞ է արդյոք մեր օրերը այն ժամանակների հետ:

-Ոչ: Այն ժամանակ կար հավատ, նվիրվածություն մեկը մյուսի հանդեպ, կար հայրենասիրության բարձր գիտակցություն, որովհետև այն ժամանակ սեփական սխալներից հիսաթափված չէինք: Բոլորս հավասար էինք, մի գաղափարի տեր էինք, կամավորագրվել էինք հայրենիքի ազատագրության գործին:

Իսկ ո՞րն է պատճառը, որ այն ժամանակ կամավորական ջոկատներով կարողացանք հաղթանակի հասնել, իսկ վերջին պատերազմում, ունենալով կանոնավոր բանակ, պարտվեցինք:

-Այն ժամանակ ամենամեծ ուժը ընկերասիրությունն էր, դրա  հանդեպ վերաբերմունքը, դրա գիտակցումը, մեկը մյուսի հանդեպ հավատը, վստահությունը, որոնք վերջին տարիների ընթացքում մեր իշխանությունների կողմից անտեսվել են, նպատակաուղղված աշխատանքի արդյունքում հասցվել նվազագույնի:

Քաղաքակա՞ն, թե՞ ռազմական պարտություն էր 44-օրյա պատերազմի արդյունքը:

-Այս պարտության արմատները շատ խորն են: Սա քաղաքական պարտություն էր: Եթե լիներ ռազմական պարտություն, մեր 18-20 տարեկան երիտասարդները, գիտակցելով, որ պարտվելու ենք, այդպես չէին կռվի:

Ըստ Ձեզ, այս պատերազմը վերջի՞նն է լինելու:

-Նժդեհն ասում է. «Չկա բացարձակ խաղաղություն, կա պատերազմների միջև ընկած ժամանակահատված: Վաղվա պատերազմում հաղթում է նա, ով արդյունավետ է օգտագործում այդ ժամանակահատվածը»:

Կհաղթահարե՞նք մեր առջև ծառացած դժվարությունները:

-Իհարկե, կհաղթահարենք: Սրանից ավելի ծանր ժամանակաշրջաններ ենք հաղթահարել: Այն զորամասերը, որոնք կատարել են իրենց առջև դրված խնդիրը, իրենց հաղթած են զգում, որովհետև նրանք իրականում հաղթել են: Նրանք ջախջախել և հետ են մղել իրենցից բավականին մեծաթիվ ուժերի: Ինչպե՞ս կարող է այդ դիրքում կանգնած զինվորն ու սպան իրեն պարտված զգալ: Նրանք ականատես են եղել, թե ինչպիսի ուժերի են հետ մղել: Հոգեբանորեն՝ զինծառայողը հաղթած է:

Ո՞րն է առաջիկա մեր անելիքը:

-Պետք է դիմանանք: Դիմանանք, վերականգնվենք, ուղղենք մեր մեջքը և նախապատրաստվենք հաջորդ պատերազմին: Երբ փողոցային կռվի ժամանակ քեզ գետնին են տապալում, դու չես մնում գետնին: Վեր ես կենում, գնում տուն և մտածում՝ ինչպես պատասխան հարված հասցնել:

Վահագն Խաչատրյան

1