«Այսoր Կարմիր Շուկան է, վաղն էլ ասելու են՝ Երևանն է, մյուս օրն այլ տարածք են ուզելու». Դավիթ Բաբայան
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների հարցին:
Հոդվածում մասնավորապես ասվում է. «Գերիների վերադարձը, որոնց Ադրբեջանը հրաժարվում է հանձնել անցյալ տարվա պատերազմը պարտված Հայաստանին, արդեն ոչ թե երկկողմ, այլ միջազգային խնդիր է: Թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանի Դաշնությունը փորձում են ազդել Բաքվի վրա, սակայն, առանց որևէ հաջողության: Խնդիրը ոչ միայն բարդացնում է Մոսկվայի շնորհիվ ձեռք բերված խաղաղ պայմանավորվածությունների իրականացումը, այլ նաև խանգարում է ՌԴ-ի` Ադրբեջանին հետխորհրդային տարածքում Մոսկվայի կողմից վերահսկվող ինտեգրացիոն ասոցիացիաներին մերձեցնելու ծրագրերին:
Ադրբեջանը փորձում է ռազմագերիների ազատ արձակումը պայմանավորել իր պահանջների կատարմամբ: Որպես կանոն, դրանք վերաբերում են տարածքային խնդիրներին: Այսպիսով, իրազեկ աղբյուրը «Կոմերսանտ»-ին տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը բարձրացրել է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհն իր վերահսկողությանը փոխանցելու հարցը. ճանապարհն այժմ վերահսկում են ռուս խաղաղապահները և հայ զինվորականները»,- նշված է հոդվածում:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով «Կոմերսանտի» հոդվածին, նշեց, որ չգիտի, թե այդ ամենը որքանով է համապատասխանում իրականությանը, սակայն այն, որ Ադրբեջանը շահարկումներ է անելու՝ միանշանակ է։
«Այս պարագայում իրենք փորձում են Կարմիր Շուկայի խնդիրը միշտ պահել օրակարգում։ Նման մոտեցումը ոչ այլ ինչ է, քան ևս մեկ ահաբեկչություն։ Մեզ համար ցանկացած հայի կյանք խիստ կարևոր է, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի կարողանանք բոլորին վերադարձնել, սակայն սա չի նշանակում, որ մենք պետք է կողմ լինենք Ադրբեջանի այդ շանտաժին։ Նման ձևով այսoր Կարմիր Շուկան է, վաղն էլ ասելու են՝ Երևանն է, մյուս օրն այլ տարածք են ուզելու, և այլն։ Կա գրված և չգրված օրենք, մարդասիրական օրենքները պարտավոր են պահել բոլորը»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Նրա բնորոշմամբ՝ ի դեմս Ադրբեջանի, կա հանցավոր, ահաբեկչական ու ֆաշիստական երկիր, սակայն այս ամենը չի նշանակում, որ հայկական կողմը պետք է տեղիք տա ֆաշիզմին ու ահաբեկչությանը։
Ինչ վերաբերում է Կարմիր Շուկայի հետ կապված թշնամու նպատակներին, Դավիթ Բաբայանն ասաց. «Այս պահի դրությամբ Կարմիր Շուկան դարձել է կարևորագույն տրանսպորտային հանգույցներից մեկը, որը թշնամուն թույլ է տալիս իրենց կողմից զավթված տարածներով ուղիղ հասնել Շուշի։ Ճիշտ է, հիմա թշնամին ճանապարհ է կառուցում Հադրութի զավթված տարածքներում դեպի Շուշի՝ Քարինտակով, բայց մինչ այդ ճանապարհը Կարմիր Շուկան է։ Սակայն խնդիրը միայն դրանում չէ, Կարմիր Շուկայի և ցանկացած նույնիսկ փոքր գյուղի ճակատագրի նման ձևով որոշումը չի վերջանալու միայն դրանցով։ Սա կարող է հանգեցնել նրան, որ բոլոր մարդիկ լքեն Արցախը։ Այսինքն՝ թշնամու նպատակն Արցախը հայաթափելն է, իսկ այդ ուղղությամբ տարբեր տակտիկական, ռազմավարական հնարքներ է ձեռնարկում, սկսած այսպիսի շահարկումներից, վերջացրած քարերով մարդկանց վրա հարձակվելով, հայտարարություններ անելով և այլն։ Մենք պետք է ուժեղ իմունային համակարգ ունենանք, ծանր ու բարդ է իրավիճակը, բայց եթե դասեր քաղենք ու դարձի գանք, կարողանալու ենք անենք այն, ինչ պետք է անենք»։
168.am