Ստեփանակերտի գիշերօթիկի սաներն անհամբեր են, թե երբ են Արցախ վերադառնալու
Գլխավոր » Լրահոս » Ստեփանակերտի գիշերօթիկի սաներն անհամբեր են, թե երբ են Արցախ վերադառնալու

Ստեփանակերտի գիշերօթիկի սաներն անհամբեր են, թե երբ են Արցախ վերադառնալու

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Ստեփանակերտի և Բերձորի գիշերօթիկ հաստատություններից ՀՀ Կոտայքի մարզի «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղում տեղավորված սաները մինչև այժմ գտնվում են այնտեղ: Գիշերօթիկ հաստատության սաների կյանքի նոր պայմանների, Ստեփանակերտ նրանց վերադարձի մասին «Ապառաժ»-ը զրուցել է Ստեփանակերտի «Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Համեստ Սուլեյմանյանի հետ:

— Ե՞րբ են տեղահանվել գիշերօթիկի բնակիչները: Արդյո՞ք նոր վայրի այժմյան պայմանները բավարար համարում եք:

-Երեխաները տեղափոխվել են հոկտեմբերի 3-ին, պատերազմի ժամանակ: Իսկ սեպտեմբերի 27-ից մինչ այդ օրը գտնվում էին թիվ 9 դպրոցի ապաստարանում: Դրանից հետո Ստեփանակերտի և Բերձորի գիշերօթիկ հաստատությունների սաները տեղավորվել են «ՍՈՍ մանկական գյուղեր»-ում:

Այն գերմանական հաստատություն է, որ հիմնվել է 1988թ.՝ երկրաշարժից հետո: Այստեղի պայմանները նորմալ են: «ՍՈՍ մանկական գյուղեր»-ը բաղկացած է հավաքովի տնակներից, որոնցից յուրաքանչյուրում բնակվում է մինչև 9 երեխա: Սնունդն ապահովում է «ՍՈՍ մանկական գյուղեր»-ի տնօրինությունը: Երեխաները հաճախում են մանկապարտեզ, դպրոց, մասնակցում տարբեր խմբակների՝ կավագործություն, նկարչություն, ավազագործություն, տիկնիկային աշխատանք:

-Ինչո՞վ է պայմանավորված գիշերօթիկ հաստատությունների սաների` մինչ այժմ ՀՀ-ում մնալը:

-Մինչև պատերազմը Ստեփանակերտի հաստատութունն ուներ 23 սան, իսկ Բերձորինը՝ 21: Այս պահի դրությամբ երկու գիշերօթիկ հաստատություններն ունեն թվով 37 սան: ԱՀ կառավարության Ստեփանակերտի և Բերձորի գիշերօթիկ հաստատությունները միավորվել են և գոյություն ունի միայն Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություն: Քանի որ Ստեփանակերտի և Բերձորի հաստատությունների երեխաների թիվը չի համապատասխանում Ստեփանակերտի գիշերօթիկի շենքային պայմաններին, այդ պատճառով երեխաները շարունակում են մնալ ՀՀ-ում:

-Իսկ ինչո՞վ է տարբերվում այդտեղի առօրյան:

-«ՍՈՍ մանկական գյուղեր»-ը բաղկացած է 14 տնակից: Արցախից եկածները տեղի սաների հետ միասին են ապրում: Մեր սաներին չենք առանձնացրել, որպեսզի  շփվեն նոր  շրջապատի հետ:

«ՍՈՍ մանկական գյուղեր»-ի առօրյան տարբերվում է Արցախյան համապատասխան հաստատությունների առօրյայից: Այստեղ կյանքը, կենցաղը առավելագույնս մոտեցված է ընտանեկան պայմաններին. երեխաները մասնակցում են տան մաքրության պահպանմանը, ճաշի պատրաստմանը և այլ տնային գործերին: Այս առումով, մեր երեխաների մոտ դրական մեծ դինամիկա է նկատվում: Նրանք շփվում են գյուղի, մանկական հաստատության երեխաների հետ: Բացի դրանից, այցելում են նոր վայրեր, մասնակցում տարբեր միջոցառումների: Օրինակ, եղել են մանկական հրաշքների քաղաքում, նրանց համար Նոր տարվա, Մարտի 8-ի, Ապրիլի 7-ի միջոցառումներ են կազմակերպվել:

-Ինչպե՞ս են երեխաներն իրենց զգում նոր վայրում: Արդյո՞ք կարոտում են Արցախը: Ե՞րբ է հնարավոր նրանց վերադարձն Արցախ:

-Պատերազմի օրերին ու դրանից հետո երեխաներն առանձնահատուկ ուշադրության, հոգատարության ներքո են գտնվում: Շատ բարեհամբյուր անձնակազմ ունի «ՍՈՍ»-ը: 7 ամիս շարունակ նրանք հոգացել են երեխաների մասին, ինչի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում:

«ՍՈՍ մանկական գյուղեր»-ում կա հոգեբան, հատուկ մանկավարժներ, որոնց կատարած աշխատանքն այս օրերին շատ կարևոր է: Անհրաժեշտության դեպքում՝ ցուցաբերվում է բժշկական օգնություն: Այս ընթացքում սաներից մեկ հոգի վիրահատվել է. ուներ ոտքի երակի բարորակ ուռուցք:

Երեխաներն անընդհատ հարցնում են, թե երբ են Արցախ վերադառնալու: Վերադարձը նախատեսվում է ուսումնական տարվա ավարտից հետո: Այս պահի դրությամբ շենքում կատարվում են շինարարական աշխատանքներ:

1