Զբոսաշրջության հեռանկարը Արցախում
«Արցախի երիտասարդության կարողականության և հմտությունների զարգացում» դասընթացի շրջանակում շարունակվում են արցախցի երիտասարդների համար կազմակերպվել դասընթացներ:
Հերթական դասընթացը «Հյուրընկալություն և զբոսաշրջություն» թեմայով էր: Դասընթացը վարել են բիզնես կառավարման և զբոսաշրջության մասնագետ Թամար Կիրակոսյանը և հակամարտությունների կառավարման մասնագետ Կարին Յակուբյանը: Թամարն արդեն 16 տարի, իսկ Կարինը 1 տարի է, ինչ Երուսաղեմից տեղափոխվել և հաստատվել են Երևանում:
Նրանք իրենց ոլորտային գիտելիքները համադրել են և, այդպիսով, ստեղծել այնպիսի մի ծրագիր, որը թույլ կտար երիտասարդներին՝ ցույց տալ, որ նրանք ունեն կարողություն իրենց սեփական գաղափարները կյանքի կոչելու համար:
«Ապառաժ»-ը զրուցել է Թամար Կիրակոսյանի հետ՝ Արցախ գալու առաքելության և տպավորությունների մասին:
-Ի՞նչ նպատակով եք ժամանել Արցախ:
-Երբ տեղեկացանք ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի և ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնության մասին, մենք ցանկություն հայտնեցինք մեր ներդրումն ունենալ այս նախագծում: Մենք ցանկություն ունեինք զարգացնել արցախցի երիտասարդների ունեցած ներուժը և օգնել նրանց՝ իրենց փոքր բիզնես գաղափարները Արցախում կյանքի կոչելու հարցում:
-Ինչքա՞ն է տևել այդ դասընթացը:
-Դասընթացը 5 օր տևեց: Մենք կարողացանք այս ընթացքում, ըստ նախապես մշակված ծրագրի, նրանց փոխանցել և նրանցից ստանալ այն, ինչ ուզում էինք: Սա շարունակական է լինելու: Նրանց հետ դեռ աշխատանքներ ունենք տանելու՝ արդեն հեռավար եղանակով:
-Ինչպիսի՞ տպավորություն ստացաք երիտասարդներից:
-Շատ կենսախինդ երիտասարդներ են: Նրանց հետ հանդիպելուց հետո հույս ու հավատով ենք լցվել: Երուսաղեմն էլ կոնֆլիկտային գոտի է, բայց պաղեստինցի երիտասարդների հետ եթե համեմատում եմ՝ մեր երիտասարդներն ավելու ուժեղ են ու ավելի պայծառ են տեսնում ապագան:
-Արցախցի երիտասարդների կերպարը հենց այդպիսի՞նն էիք պատկերացնում մինչ Արցախ գալը:
-Մենք ավելի շատ փակ, ընկճված երիտասարդների էինք սպասում, բայց շատ համարձակ երիտասարդների հանդիպեցինք և անմիջական հարաբերություններ ստեղծվեց մեր միջև: Նրանց հետ մտերմությունը պատճառ դարձավ, որպեսզի հետ գանք Արցախ և կրկին հանդիպենք իրենց հետ:
-Այն գիտելիքներ, որը դուք եք մատուցել նրանց, կկարողանա՞ն օգտագործել ապագայում իրենց գաղափարներն իրագործելու համար:
— Քանի որ հիմնականում զբոսաշրջության ոլորտի ուսանողներ են և ունեին բազային գիտելիքներ, մենք նրանց ուղղություն տվեցինք իրենց գիտելիքները ճիշտ օգտագործելու համար: Նրանց հետ քննարկեցինք, թե Արցախում ինչ ունենք զբոսաշրջությունը զարգացնելու համար: Պետք է նշեմ, որ մենք էլ նրանցից նոր բաներ սովորեցինք Արցախի մասին:
-Պատերազմից հետո Արցախում կա՞ հեռանկար զբոսաշրջության զարգացման համար:
— Մի քիչ դժվարություններ կան՝ կապված առկա անորոշ իրավիճակի հետ: Նախ, օտարազգիների համար մուտքի արգելքները կարող են խանգարել, բայց սփյուռքահայերը, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն, կգան, և հոսքը շատ է լինելու, քանի որ շատերն են հետաքրքրված պատերազմից հետո Արցախի վիճակով, օժանդակության ծրագրերով: Երևի զբոսաշրջության ուղղությունն է փոխվելու: Եթե մինչև այժմ գալիս էին տեսարժան վայրերը տեսնելու, հիմա ավելի շատ հետազոտական աշխատանքների համար կարող են գալ:
-Իսկ ինչպիսի՞ նախադրյալներ կան ներքին տուրիզմի զարգացման համար:
— Դասընթացի մասնակից երիտասարդները մեզ բացահայտեցին վայրեր, որոնց մասին մինչ այժմ տեղեկություն չունեինք: Այս վայրերը կարելի է օգտագործել ներքին տուրիզմի զարգացման համար, և մենք այս ուղղությամբ աշխատելու ենք: Այստեղ գալու մեր նպատակները երկուսն էին՝ փոքր բիզնեսների զարգացում և նոր զբոսաշրջային քարտեզի մշակում Ստեփանակերտում և Ստեփանակերտից դուրս մեկօրյա շրջագայությունների համար: Երիտասարդների մտահղացմամբ՝ կմշակենք այդ քարտեզը, որը հիմք կհանդիսանա Արցախում զբոսաշրջային նոր ուղղությունների զարգացման համար: