Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի. Ցուցահանդես Ստեփանակերտում

Ապրիլի 24-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում բացվել է «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով բռնազավթված տարածքների պատմամշակութային հուշարձանների լուսանկարների ցուցահանդեսը։
Այն նախաձեռնել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ու «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Արցախի խորհրդարանականներ, նախարարներ, մշակույթի գործիչներ, Արցախյան հուշարձանների ճակատագրով մտահոգ մարդիկ։
«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանի խոսքով՝ Ադրբեջանի բռնազավթած տարածքներում մոտ 2000 մշակութային հուշարձան է մնացել, որոնց միայն մի չնչին մասն է ցուցադրված: «Թուրքը, դժբախտաբար, շատ լավ հասկանում է, որ պատմամշակութային ժառանգությունը, հուշարձանները ազգի հիշողության կրիչներն են և ամեն ջանք ներդրում է, որպեսզի այդ կրիչները ոչնչանան, որպեսզի այդ կրիչները վաղը չաղաղակեն էթնիկ պատկանելիության և այդ տարածքի բնիկ ժողովրդի մասին»,- նշել է Արմինե Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ պետք է ամեն ժամ, ամեն վայրկյան պայքարել այդ կրիչները պաշտպանելու ու սերունդներին պատվով վերադարձնելու համար:
Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ելույթներով հանդես են եկել հուշարձանագետ, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը, Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանը։
Տարիներ շարունակ Արցախի տարբեր շրջանների մշակութային հուշարձաններն ուսումնասիրած ու հանրությանը ներկայացրած Լեռնիկ Հովհաննիսյանի համար շատ դժվար էր արտահայտվել դրանց մասին:

«Կորուստը շատ մեծ է: Մենք դրա արժեքը դեռևս լրիվությամբ չենք ընկալել: Մարդկային կորուստների հետ մեկտեղ կորցրել ենք մի հսկայական մշակութային ժառանգություն, որը մեր ինքնության պահպանման գրավականներից մեկն է: Այս մոտ 2000 հուշարձաններին, եթե գումարենք Արևմտյան Հայաստանի 170000 հուշարձանները (որոնց 2-3 % է պահպանվել ըստ Սամվել Կարապետյանի), գումարենք Արցախի հյուսիսային շրջանների կորսված հուշարձանները, ապա կտեսնենք, որ մի ամբողջ պատմամշակութային ժառանգություն մեր սերունդները չեն տեսնի կամ գտնվում են ոչնչացման եզրին: Այս ամենը միջազգային իրավունքի տեսանկյունից կոչվում է մշակութային եղեռն»,- ասել է Լ. Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով, որ նորից տեր կդառնանք մեր ժառանգությանը:
Նա միաժամանակ կոչ է արել աչքի լուսի պես պահել ու փայփայել բզկտված Արցախի տարածքում գտնվող հուշարձանները. «Եկեք սկսենք մեզնից, պահպանենք եղածը, այնուհետև մտածենք, թե ինչպես պետք է ազատագրել գերության մեջ գտնվող մեր հուշարձանները»:
Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը կարևորել է Արցախի հուշարձանների ուսումնասիրման, վկայագրման գործում մասնագետների կատարած աշխատանքը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ տեսանելի ապագայում կարողանալու ենք այցելել ցուցադրված վտանգված վայրերը.

«Այսօր մեր խնդիրն է՝ հնարավոր բոլոր միջոցներով նվազեցնել դրանք ոչնչացման, այլափոխման վտանգը, որն ակնառու է: Մեր հասարակությունը, պետական մարմինները, միջազգային հանրությունը փորձում են փրկել մեր ժառանգությունը: Մեր խնդիրն է թիկունք կանգնել մեր բանակին, մեր պետության վերականգնման գործընթացին, որպեսզի հնարավոր դառնա այս հուշարձանների վերաայցելությունը»:
Մելանյա Բալայանը իր ելույթում կարևորել է ցուցահանդեսի կազմակերպումը և կոչ արել սթափվել ու լինել միաբան:

«Թուրքը չի փոխվել, դարձել է ավելի բարբարոս ու սանձարձակ, այլապես ինչպես բացատրել Բաքվում այն հրեշավոր թանգարանի մտահղացումը, բացումը և այցելուների մեծ հոսքը: Թուրքը նույն ծրագրերն է հետապնդում՝ հայ ժողովրդի իսպառ ոչնչացումը: Բնաջնջելով հայ ազգին, թուրքը նաև նրա հետքն է բնաջնջում, այսինքն՝ մեր հիշատակները, մեր սրբությունները: Պետք է սթափվենք ու հասկանանք, որ այս լուսանկարները վիրավորված, լքված են և աշխարհին են նայում սպասումի հույսերով: Ես վստահ եմ, եթե ազգովի միավորվենք, սթավենք, կկարողանանք ազատագրել ու փրկել մեր հիշատակները»,- իր խոսում նշել է Մելանյա Բալայանը:
Հավելենք, որ ցուցահանդեսին ներկայացված է 46 հուշարձանի 51 նկար։ Այն կգործի 15 օր։
