ՀՅԴ-ն աջակցելու է Արաքսի հովտի զարգացման ծրագրերին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՀՅԴ-ն աջակցելու է Արաքսի հովտի զարգացման ծրագրերին

ՀՅԴ-ն աջակցելու է Արաքսի հովտի զարգացման ծրագրերին

Հոկտեմբերի 6-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ Բյուրոյի մի շարք ընկերներ եւ ՀՅԴ Հայաստանի կառույցի պատասխանատու ընկերներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրավերով այցելել են Արցախի հարավային թեւ: Այցելուներին ընկերակցում էին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները՝ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը եւ Արթուր Աղաբեկյանը:

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Արաքսավանում  կայացած հանդիպման ընթացքում ներկայացրել է Արաքսի հովտում իրականացվող ծրագրերը: ԼՂՀ փոխվարչապետն իր խոսքում նշել է, որ  պետությունը միջոցներ է ներդնում հողի մաքրման, ինչպես նաեւ հողի կառուցվածքը վերականգնելու եւ այն գրավիչ պայմաններով հողօգտագործողին տրամադրելու համար:

 

ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը, ծանոթանալով Արաքսավանում իրականացվող եւ նախատեսվող ծրագրերին, ներկայացրել է  պարզ հաշվարկ. <<Այն երեք հազար հեկտարը, որը ոռոգման համակարգի ենթակայության տակ է, կարող է մոտավորապես 150 մլն  ԱՄՆ դոլարի համախառն արդյունք տալ Արցախին, իսկ դա այսօր ԼՂՀ բյուջեին հավասար ծավալ է իրենից ներկայացնում: Արաքսի հովտի  հնարավորությունները կարող են քառապատկել, հնգապատկել  բյուջեն, եթե այդ հաշվարկները կատարենք ոչ թե կուլտուրաների ուղիղ վաճառքով, այլ վերամշակումով: Արաքսի հովտի ապագան շատ արդյունավետ կարող է լինել, եթե  Արաքսավանում գործող՝ վերամշակման համար կառուցված գործարանի նման նոր գործարաններ, սառնարանային տնտեսություններ եւ տեսակավորման բաժամունքներ եւս  հիմնվեն տարածքում, որտեղից էլ աշխարհի ցանկացած շուկա հնարավոր կլինի դուրս բերել շրջանում արտադրված հրաշալի արտադրանքը>>:

 

Ըստ Դավիթ Լոքյանի՝ Արաքսավանի զարգացման ծրագիրը միայն Արցախի միջոցներով կյանքի կոչելը դժվար կլինի. <<Իրականացնել այս ամբողջը ծրագիրը, եւ այլ էլ՝ միայն հանրապետության ուժերով, շատ դժվար կլինի եւ, կարծում եմ, երկար ժամանակ կպահանջի: Հենց այստեղ է, որ մենք բոլորս կկարողանանք մոբիլիզացվել եւ այս խնդիրը լուծել: Սա տարածք է, որտեղ մարդը կարող է վաստակել բարեկեցիկ ապրելու համար, կարող է իր երեխայի ապագան կարգավորել՝ ապրելով այս կարգի բնակավայրերում>>:

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ Արաքսի հովտի զարգացման ծրագիրը մեծ հեռանկարներ է ստեղծում հանրապետության զարգացման համար. <<Դաշնակցությունն ունի լուրջ գաղափարներ եւ ծրագրեր՝ կապված վերաբնակեցման ընդհանուր խնդրի լուծման հետ: Մենք պետք է ապացուցենք մեր սերունդներին, որ ազատագրված տարածքները մեծ պատեհություն եւ հնարավորություն են ստեղծում մեր երկրի զարգացման համար: Եւ շատ կարեւոր ու ողջունելի է, որ երկրի առաջին դեմքի հովանավորությամբ նման կարեւոր ծրագիր է իրականացվում: Բոլորս պարտավոր ենք մեր աջակցությունը բերել այս ծրագրի իրականացմանը>>:

 

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գնահատմամբ՝ Արաքսավանի ծրագիրը հույս ներշնչող ծրագիր է. <<Այս ծրագիրը հրաշք է, այն հույս ներշնչող ծրագիր է: Այս ծրագիրը նկարագիր է ցույց տալիս, այս ծրագիրը ապագայի ուղի է ցույց տալիս: Այս առումով, իբրեւ երեւույթ, կարծում եմ՝ այն բացառիկ երեւույթ է>>:

 

Նախագահ Սահակյանն էլ իր հերթին կարեւորել է Հայաստանի եւ Սփյուռքի մասնակցությունն Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում՝ նշելով, որ նման մոտեցումը հանդիսանում է մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կարեւորագույն գրավականներից մեկը: 

Անի ԱԶԱՏՅԱՆ

1