Թուրքիան և Ադրբեջանը իրենց քաղաքական օրակարգից հայասպանության ծրագիրը չեն հանել. ԱՀ ԱԺ հայտարարությունը
Գլխավոր » Լրահոս » Թուրքիան և Ադրբեջանը իրենց քաղաքական օրակարգից հայասպանության ծրագիրը չեն հանել. ԱՀ ԱԺ հայտարարությունը

Թուրքիան և Ադրբեջանը իրենց քաղաքական օրակարգից հայասպանության ծրագիրը չեն հանել. ԱՀ ԱԺ հայտարարությունը

Ապրիլի 22-ին կայացած ԱՀ Ազգային Ժողովի նիտում միաձայն ընդունվել է հայտարարություն՝ Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ.

«Ապրիլի 24-ին աշխարհի բոլոր ծագերում հայ ժողովուրդը և բարի կամքի տեր մարդիկ ոգեկոչելու են մեր 1,5 մլն սուրբ նահատակների հիշատակը:

Հայ ժողովրդին իր պատմական հայրենիքում բնաջնջելու Թուրքիայի հանցավոր քաղաքականությունը հանդիսացավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

Այդ ամենը կատարվեց աշխարհի լուռ և շահանկատ հայացքի ներքո: Մեր ժողովրդի միլիոնավոր զավակներ ցեղասպանվեցին, հայրենազրկվեցին:

Պետականորեն կազմակերպված, այլատյացության ծնունդ այդ հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ:

Ոճրագործին չպատժելը նրան մղում է նոր հանցագործության: Այս ճշմարտությունը դարձնելով գործելաոճ, ավելի քան մեկ դար անց, Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է հետապնդել հայ ժողովրդին:

Այսօր Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտողականության և արդարացման քաղաքականությունը որդեգրել է նրա հոգեզավակ Ադրբեջանը: Բաքվում, Սումգայիթում, Գանձակում, Գետաշենում և Մարաղայում կին, ծեր ու մանուկ սպանվեցին, հազարավոր մարդիկ էլ տեղահանվեցին հայ լինելու պատճառով:

2020թ. Արցախյան 3-րդ պատերազմը, բազմահազար անմեղ զոհերը, հայրենի երկրի մեծ մասի կորուստը, հետպատերազմյան շրջանում հայկական ազգային, քրիստոնեական հուշարձանների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը նորից և նորից հուշում են, որ Թուրքիան և Ադրբեջանը իրենց քաղաքական օրակարգից հայասպանության ծրագիրը չեն հանել:

Ոգեկոչելով մեր սրբադասված նահատակներին՝ հայ ժողովրդի արժանապատվությունը և գերագույն արժեք պետականությունը պահպանելու համար, մենք ազգովի առավել քան պատասխանատու պետք է վերաբերվենք ներքին և արտաքին առկա մարտահրավերներին:

Մենք պետք է շարունակենք ապրել ու արարել հայրենի հողում: Դա կլինի լավագույն հաղթաթուղթը Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման ճանապարհին»:

1