Թուրքիայում ավարտվել է Հայոց Ցեղասպանության ժխտմանը նվիրված հակահայկական վեհաժողովը
Գլխավոր » Լրահոս » Թուրքիայում ավարտվել է Հայոց Ցեղասպանության ժխտմանը նվիրված հակահայկական վեհաժողովը

Թուրքիայում ավարտվել է Հայոց Ցեղասպանության ժխտմանը նվիրված հակահայկական վեհաժողովը

Թուրքիայի նախագահի աշխատակազմի կողմից կազմակերպվել է «1915 թ. դեպքերի վերաբերյալ միջազգային կոնֆերանս» անունով վեհաժողով, որի նպատակը Հայոց ցեղասպանությունը ժխտելն ու այդ ժխտման քաղաքականությունը միջազգային հարթակներ հասցնելն է։ Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել «Պատմական գործընթացում 1915 թ. դեպքերը և Հայկական հարցը», «Միջազգային իրավունքի տեսանկյունից 1915 թ. դեպքերը» և «1915 թ. դեպքերի մերօրյա արտացոլումները և ապագա հեռանկարները» խորագրերով նիստերը։

Կոնֆերանսում ելույթ են ունեցել Թուրքիայում բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ, դասախոսներ, արտասահմանցի գիտնականներ և այլք։ Թեև ելույթ են ունեցել բազմաթիվ անձինք՝ ինչպես թուրք, այնպես էլ արտերկրից, այնուհանդերձ, տեղի ունեցած «գիտական վեհաժողովը» կրկնել է այն, ինչ պաշտոնական Թուրքիան մշտապես ասել է՝ ժխտելու  համար Հայոց ցեղասպանությունը։

Այսպես, ըստ այդ հավաքում մեկտեղված «գիտնականների և պատմաբանների», 1915 թ. տեղի ունեցած դեպքերը արդյունք են «հայ ազգայնականների քաղաքականության, Առաջին աշխարհամարտում Թուրքիայից (Արևմտյան Հայաստանից) Ռուսաստան անցնելուն ու այնտեղից Թուրքիայի վրա հարձակվելուն, որի պատճառով էլ հետագայում տեղի է ունեցել հայկական աքսորը»։

Ըստ նրանց՝ հայերը, ռուսների կողմից «Բայազետի շրջանը գրավելուց հետո, հազարավոր մուսուլմաններ են կոտորել»։ Բացի այդ՝ նշվել է, որ Օսմանյան կայսրությունում այդ տարիներին ապրել է ընդամենը 500 հազար հայ, որոնցից 360 հազարը գաղթել է Երևան, իսկ այնտեղ արդեն տասնյակ հազարներով մահացել են տարատեսակ հիվանդություններից։ Ի շարս այլ կեղծ պնդումների, սա ևս հիմարություն է, քանի որ, ըստ տարբեր գնահատականների, հայերի թիվն այդ տարիներին Արևմտյան Հայաստանում եղել է 1.7-2.4 մլն (օրինակ՝ ըստ Ստամբուլում ԱՄՆ դեսպանատան տվյալների)։

Չցանկանալով մեջբերել այդ վեհաժողովում հնչած ամեն հերյուրանք ու կեղծիք, պետք է նշենք նաև, որ վեհաժողովում հնչել են նաև տեսակետներ երբեմնի «հայ–թուրքական բարեկամության վերաբերյալ», օրինակ՝ որ Չանաքքալեի (Գալիպոլի) ճակատամարտում, որը թուրքական պատմության ամենահեղինակավոր էջերից է համարվում, հայերն ու թուրքերը կռվել են կողք կողքի։

«Պատմական իրադարձությունները քաղաքականացնելու և աղավաղելու փորձերն անընդունելի են»,- հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գրասենյակի ղեկավար Ֆահրեթին Ալթունը։

Թուրքիայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը նշել է, որ «Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները լի էին ողբերգական էջերով, և որոշ շրջանակներ փորձում են Օսմանյան կայսրությունում 1915 թ. իրադարձությունների թեման օգտագործել որպես գործիք իմպերիալիստական նպատակներն առաջ տանելու համար»։

«Առանձին երկրների խորհրդարանների որոշումները, որոնք հիմնված են որոշակի պատմական իրադարձությունների կանխակալ գնահատման վրա, իհարկե, չեն կարող համարվել ժողովրդավարության ցուցանիշ: Սա միայն Անկարայի վրա ճնշման ընթացքի մի մասն է։ Նրանք, ովքեր, հիմնվելով ստի վրա, շահարկում են օսմանյան հայերի իրավունքների թեման, երբեք չեն մտածել հայ ժողովրդի մասին: Այս շրջանակների նպատակները մեզ քաջ հայտնի են: Սա ճնշում է Թուրքիայի վրա: Պատմության կեղծիքների միջոցով թշնամանքի և հակասությունների մթնոլորտ ձևավորելու փորձերը վտանգավոր են»,- ասել է Ալթունը:

1