Սուրեն Սարումյանի «Ֆոտո-Արցախ» նախագիծը Ստեփանակերտում

Ստեփանակերտի պատկերասրահում ապրիլի 8-ին կայացել է Սուրեն Սարումյանի «Ֆոտո-Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությունը:
Մինչ այդ լուսանկարները ցուցադրվել են Երևանում և Գյումրիում: Լուսանկարիչ, գրող, ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սուրեն Սարումյանը լուսանկարների միջոցով Արցախի տարբեր վայրերից փոխանցել է խոսուն բնապատկերներ, կյանք ու զգացումներ:

ԱՐՏ PR ընկերության տնօրեն Գայանե Դավթյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ ցուցահանդեսները մեծ արձագանք են գտնել, վաճառքից ստացված գումարի մի մասն էլ ուղղվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: «Երևանյան ցուցադրությունից հետո Սփյուռից շատ հրավերներ ստացանք, մտածում ենք ցուցադրություններն այլ երկրներում ևս ներկայացնելու մասին»,- ասել է Գայանե Դավթյանը:

Լուսանկարներն արվել են վերջին 5 տարվա ընթացքում, մի մասն էլ՝ այժմ բռնագրավված տարածքներում: Սակայն հեղինակը իր լուսանկարների նկատմամբ աճող հետաքրքրությունը միայն դրանով չի պայմանավորում:
«Արձագանքները, հնարավոր է, որ կապ ունենան ռազմաքաղաքական ներկա իրավիճակի հետ, սակայն այն նկարի գեղարվեստական արժեքի վրա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ: Բնականաբար, եթե 44 օր խոսում են պատերազմի մասին, Արցախյան թեմատիկան լայն հանրային հետաքրքրություն է առաջացնում: Բայց եթե նկարների մեջ ինչ-որ բան կա, բնականաբար արձագանքներ կլինեն»,- նշել է լուսանկարիչը:
Ստեփանակերտի պատկերասրահում ցուցադրությունը գործելու է մինչև ս.թ ապրիլի 14-ը։


