ՀՀ ԱԺ պատգամավորը Քարվաճառի հարցով ապտակեց 10 մլն հայի և ներողություն չխնդրեց. Դադիվանքը, որ գտնվում է Քարվաճառում, ադրբեջանցիների՞նն է
Իմ սերունդը տեսավ արցախա-ադրբեջանական երեք պատերազմ, առաջինի ժամանակ Թուրքիայի կողմից կար բարոյական աջակցություն Ադրբեջանին, 2016-ին արդեն թուրք գեներալներ էին մասնակցում պատերազմին, մենք հետևություններ պետք է անեինք: Արդեն 2020 թվականի պատերազմին մոտավորապես 5000-7000 ահաբեկիչ էր մասնակցում: Այս մասին Եռաբլուրում Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
«Նախարարը ապտակեց լրագրողին և հրաժարական տվեց (ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյան-խմբ.), բայց ՀՀ ԱԺ պատգամավորը (ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյան-խմբ.) Քարվաճառի հարցով ապտակեց տասը միլիոն հայի, և ներողություն չի խնդրում, Դադիվանքը, որ գտնվում է Քարվաճառում, դա ադրբեջանցիների՞նն է»:
Հարցին, թե Շուշիի հայկականությունը կասկածի տակ դնելը ապտակ չէ՞ր, Թովմասյանը պատասխանեց, որ եթե այդ մարդիկ Շուշիի մասին տեղեկություն չունեն, իր մոտ կան բազմաթիվ փաստեր, գրքեր ոչ միայն հայերի, այլ նաև խորհրդային շրջանի ադրբեջանցի գիտնականների կողմից՝ վերահաստատող, որ Շուշին հայկական է, Շուշին Արցախի առաջին մայրաքաղաքն էր, Անդրկովկասի գիտակրթական կենտրոնն էր, և Շուշիում ապրում էր 43 հազար մարդ, մինչև 20-րդ դարի 20-ական թվականները բացարձակ մեծամասնությունը հայերն էին:
Անդրադառնալով նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրին՝ Թովմասյանը նշեց. «Մենք չգիտեինք ի՞նչ առաջարկ է եղել, չգիտեինք, որ ինչ-որ համաձայնագիր է ստորագրվելու. մի քանի պատգամավորներ, որ մնացել էին ԱԺ-ում զենքով և գրանատներով պետք է դիմավորեինք թուրքերին»:
Լրագրողի հարցին, թե հայտնի ձայնագրություն կար Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ, որ Հայաստանից աջակցություն են խնդրել, որն ուշացել է, Թովմասյանը պատասխանեց՝եկել էր մի պահ, որ ՀՀ-ն այլևս ոչ միայն Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը չէր, այլ նաև Հայաստանի ժողովրդի. «Հիմա Արցախում չեմ ասում խաղաղություն է, լռություն է տիրում: Կարող ես հարյուր անգամ պատերազմում հաղթել ու պարտվել, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո պետք է լուծվի Արցախի կարգավիճակի հարցը, եթե Արցախը մնաց Ադրբեջանի կազմում, այն հայաթափվելու է, սա լավ պետք է հասկանա և՛ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, և՛ ընդդիմությունը, և՛ ժողովուրդը:
Հարցին, ի՞նչ տարածքներով պետք է որոշվի Արցախի կարգավիճակը, պատերազմից առաջ եղա՞ծ, թե՞ պատերազմից հետո մնացած տարածքով, Թովմասյանը պատասխանեց՝ պետք է բանակցություններ տարվեն ու պնդենք, որ Հադրութը խաղաղ բանակցային գործընթացով ազատագրվի, ինչպես նաև Շուշին և բոլոր այն գյուղերը, որոնք մնացել են թշնամու վերահսկողության տակ:
«Հիմա ասում են՝ ադրբեջանցիների հետ խաղաղություն, հարաբերություններ, Ալիևն ասում է՝ պետք է ղարաբաղցիներին շան պես քշել Արցախից, դրա հետ պիտի ընկերություն անե՞նք, բարեկամությո՞ւն, խաղաղությո՞ւն: Անհնարին է Ադրբեջանի ենթակայության տակ Արցախի ժողովրդի անվտանգությունը, Արցախում մարդ չի մնա: Մեր սերունդը 3 պատերազմներին է մասնակցել, մեր զոհերը 2001-2002, թվականի ծնվածներ են, ո՞նց շտկենք դրանց հետ մեր հարաբերությունները, այսօր ռուս խաղաղապահը Արցախի բանակի հետ միասին Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է: Արցախի կարգավիճակի հարցը շատ կարևոր է, մենք հիմա այնտեղ ապրում ենք, բայց պետք է հարատևենք, իսկ դա հնարավոր է միայն, երբ ունենանք հստակ կարգավիճակ՝ կլինի վերամիավորում Հայաստանին, որևէ ուղղահայաց ենթակայության տարբերակ Ադրբեջանի հետ բացառվում է»:
Հարցին, թե ընդդիմադիր ուժերն ասում էին, որ Արայիկ Հարությունյանը պարտված ղեկավար է և պետք է հեռանա, տեսակետներ կան, որ նա փորձում է իր մեղքը գցել ուրիշի ուսերին, իր մեղավորության մասին չի խոսում, Թովմասյանը նշեց, որ Արցախի նախագահը գլխավոր հրամանատար չէ, Արցախի նախագահը պատերազմի օրերին եղավ Մարտակերտում, Հադրութում, և իր կոչին ընդառաջ գնացին այն զինվորականները, ովքեր ուզում էին զենքերը ցած դնել:
«Արցախը իր նորօրյա պատմության մեջ ունեցել է 4 նախագահ: Առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանից հետո երկրորդ, երրորդ, չորրորդ նախագահը կառավարիչներ էին: Արցախի առաջին նախագահից հետո մենք գլխավոր հրամանատար Արցախում չենք ունեցել»,- ասաց Թովմասյանը: