Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը կոչ է արել պաշտպանել ԼՂ-ի հայկական քրիստոնեական հուշարձանները
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈՒՄՎ) գլխավոր քարտուղար, Հունաստանի խորհրդարանի անդամ, ՈՒՄՎ քարտուղարության լիազորված դոկտոր Մաքսիմոս Խարակոպուլոսը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական հուշարձանների պաշտպանությանն ուղղված հայտարարությամբ: Հայտարարությունը հնչեցվել է վեհաժողովի կազմակերպած հեռակոնֆերանսի ժամանակ:
Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
«Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը բազմիցս հայտարարել է համաշխարհային քաղաքակրթության հուշարձանները պաշտպանելու անհրաժեշտության մասին` դեմ լինելով դրանց ոչնչացմանը, ինքնության աղավաղմանը կամ նպատակի փոփոխությանը: Մարդկությունը զգալի առաջընթաց է արձանագրել համաշխարհային մշակութային ժառանգության ցուցադրման մեջ: Այն ներառում է կրոնական հուշարձաններ, որոնք կամ շարունակվում են, կամ դադարել են օգտագործվել իրենց նպատակների համար:
Ժամանակակից քաղաքակրթությունը հասկանում եւ ճանաչում է հուշարձանների հսկայական պատմական եւ հոգեւոր արժեքը, որոնց միջոցով տեղի է ունենում երկխոսություն պատմական անցյալի եւ մարդկային ոգու վեհ մտահղացումների միջեւ, ինչը նախադրյալ է մտքի հետագա զարգացման եւ մեր ընդհանուր արժեքների ամրապնդման համար: Բացի այդ, պատմության եւ պաշտամունքի յուրաքանչյուր հուշարձանի նկատմամբ պատշաճ հարգանքը նպաստում է կրոնական համայնքների միջեւ փոխըմբռնմանը եւ հարգանքին եւ, ի վերջո՝ ժողովուրդների խաղաղ գոյակցությանը:
Սակայն, ցավոք, այսօր էլ շարունակում են տեղի ունենալ իրադարձություններ, որոնց արդյունքում այդ սկզբունքները խախտվում են: Կան դեպքեր, երբ երկար պատմություն ունեցող եւ՛ գեղագիտական, եւ՛ գեղարվեստական արժեք ունեցող կրոնական հուշարձանները կամայականորեն վերափոխվել են իրենց համար խորթ կրոնական միջոցառումներ անցկացնելու կամ դրանք այլ նպատակով օգտագործելու վայրերի:
Այսպես, վերջերս, Թուրքիայի քաղաքական ղեկավարության որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվեց մզկիթի, չնայած այն կառուցվել է 6-րդ դարում եւ ընդգրկված է համաշխարհային մշակութային ժառանգության պաշտոնական ցուցակում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո:
Երբեմն պատմության եւ մշակույթի հուշարձաններն ամբողջությամբ ոչնչացվում են, չնայած դրանք վկայում են համապատասխան տարածքներում այլ ժողովուրդների, կրոնների եւ քաղաքակրթությունների դարավոր ներկայության մասին: Նման գործողությունները բազմիցս արձանագրվել են Կոսովոյում եւ Մետոխիայում, Սիրիայի եւ Իրաքի գրավյալ տարածքներում, ինչպես նաեւ թուրքական բանակի կողմից գրավյալ Կիպրոսի Հանրապետության տարածքներում:
Վերոգրյալի հիման վրա` որպես բազմաթիվ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ անհրաժեշտ ենք համարում ամեն անգամ մեր կտրուկ անհամաձայնությունը հայտնել այս կարգի պրակտիկայի հետ եւ հորդորել միջազգային կազմակերպություններին եւ կառավարություններին կանխել դրա օգտագործումը:
Այս կապակցությամբ մենք կցանկանայինք հատուկ ուշադրություն հրավիրել այն իրավիճակին, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում արյունալի պատերազմի ավարտից անմիջապես հետո: 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված Եռակողմ հայտարարության արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցան հսկայական տարածքներ` հայ ժողովրդի եւ նրա Առաքելական քրիստոնեական եկեղեցու մշակութային գանձերով, որոնք համաշխարհային քաղաքակրթության համար ունեն մեծ կրոնական, պատմական եւ գեղարվեստական արժեք:
Կարծում ենք, որ այդ հուշարձանները անհապաղ նկարագրման եւ պաշտպանության կարիք ունեն միջազգային հանրության եւ իրավասու միջազգային կազմակերպությունների կողմից:
Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին` նպաստել ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայ ժողովրդի մշակութային հարստության եւ հուշարձանների պաշտպանությանը եւ կանխել դրանց նպատակի փոփոխությունը կամ ոչնչացումը: Անտարբերությունը կարող է անդառնալի վնաս հասցնել ամբողջ մարդկությանը պատկանող հուշարձաններին»: