Հայաստան-Իրան հարաբերությունները նոր մարտահրավերների համատեքստում
Ահարոն Վարդանյան
Երևանի պետական համալսարանի դասախոս, իրանագետ
ՀՀ անկախացումից և ԻԻՀ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր (1992թ. փետրվարի 9) երկու երկրների հարաբերությունները գրեթե միշտ զարգացել են վերընթաց կորագծով։
Հայաստանի և Իրանի առաջին պետական կազմավորումներն ի հայտ են եկել մոտ 5 հազար տարի առաջ: Այդ ժամանակից սկսած՝ նրանց տարածքներն ու պետական կազմավորումները բազմաթիվ փոփոխություններ են կրել, սակայն հայերն ու իրանական ժողովուրդները՝ որպես այս տարածաշրջանում պետական միավորումներ ձևավորող էթնիկ խմբեր, դարերի ընթացքում չեն փոխվել: Իրանը մշտապես սերտ հարաբերություններ է հաստատել և պահպանել Հարավային Կովկասի ժողովուրդների հետ: Սակայն Հայաստանի հետ հարաբերությունները առանձնանում են՝ պայմանավորված մի շարք գործոններով՝ ավանդական բարիդրացիական, բնական հարևանությամբ, ռազմավարական հարաբերությունների զարգացմամբ, պատմամշակութային կապերով, տնտեսական, աշխարհաքաղաքական և անվտանգային փոխադարձ շահերով:
Իրանի տարածքով են անցնում Հայաստանն արտաքին աշխարհին կապող տրանսպորտային երթուղիները: Հարևան երկու երկրների՝ Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի կողմից տնտեսական և տրանսպորտային շրջափակման պայմաններում էլ ավելի է կարևորվում Իրանի` որպես դեպի Ասիա և Միջին Արևելք ռազմավարական նշանակության ճանապարհ ապահովող երկրի դերը: Չնայած զինադադարի հայտարարությանը վերաբերող 2020թ. նոյեմբերի 10-ի փաստաթղթում նշված է տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակման մասին, բայց բոլորի համար էլ հասկանալի է, թե դա ինչ է նշանակում և ինչ վտանգներ ու ռիսկեր կարող է պարունակել ՀՀ-ի համար։
Արևմուտքը հստակորեն իրականացնում է Իրանի դիվականացման ծրագիրը և փորձում է Իրանն արտաքին աշխարհին ներկայացնել որպես վատի, չարի մարմնացում` այս դեպքում հաշվի առնելով այն հանգամանքը, որ բավականին ազդեցիկ Հայկական սփյուռք և հեղինակավոր հայկական լոբբի կան աշխարհի տարբեր երկրներում, որոնք ճիշտ աշխատելու դեպքում կարող են կապող կամուրջ լինել նաև ոչ բարեկամաբար տրամադրված պետությունների և Իրանի միջև: Փաստորեն, Իրանը կարող է օգտվել հայկական լոբբիի աշխատանքից և ապահովել իր համար բարենպաստ քաղաքական ու տնտեսական լուծումներ:
Մանավանդ որ այս ամենի պատմական փորձը նույնպես կա, եթե հիշենք Սեֆյանների ժամանակաշրջանի Նոր Ջուղայի խոջաներին, որոնք այն ժամանակ նույնպես կատարում էին միջնորդի դեր Իրանի և Ռուսաստանի ու Արևմուտքի միջև։
Բացի այդ`Հայաստանի` որպես հարևան երկրի տարածքը Իրանի համար կարևոր միջանցք է դեպի հյուսիս (Վրաստանով) և հետագայում դեպի Ռուսաստան: Դա ակնհայտորեն շահավետ է Իրանի համար հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում,երբ պատերազմիցհետո Հարավային Կովկասում էապես մեծացել են Թուրքիայի ազդեցությունը և ներկայությունը, որը ձգտում է տարածաշրջանում ԻԻՀ-ի նկատմամբ հասնելու գերակայության գրեթե բոլոր առումներով՝ ռազմական, քաղաքական, տնտեսական և, որ ամենակարևորն է, կրոնական. Թուրքիան ԻԻՀ-ի և Սաուդյան Արաբիայի դեմ այս հարցում անզիջում պայքարի մեջ է։ Թուրքիայի ակտիվությունը Իրանի հյուսիսային սահմաններում վերջինիս համար խիստ վտանգավոր է նաև այն առումով, որ Իրանի հյուսիսում բնակվող թյուրքախոս իրանցիների շրջանում մեծ թիվ են կազմում պանթյուրքական հայացքներով աչքի ընկնողները, որոնք ԻԻՀ-ի համար ներքին անվտանգության տեսանկյունից բավականինռիսկային խումբ են։ Այս ամենը հաշվի առնելով` բնական է, որ պաշտոնական Թեհրանը չի կարող չանհանգստանալ Հարավային Կովկասում Թուրքիայի զգալի ակտիվությունից և ներկայությունից։
Ներկայումս, շփվելով իրանցի ինչպես պահպանողական, այնպես էլ բարեփոխական թևի փորձագետների հետ, նրանց հետ մասնակցելով մի շարք քննարկումների, կարող ենք ասել, որ Իրանում փորձում են հիմնվելով տնտեսական բաղադրիչի վրա շտկել տարածաշրջանում ի վնաս Թեհրանի ստեղծված իրավիճակը։ Մյուս կողմից` նշվում է, որ իրավիճակը կարող է էապես փոխվել Թեհրանի ճիշտ, հաշվենկատ քաղաքականության շնորհիվ։ Բանն այն է, որ Իրանում հաշվարկել են, որ զգալի ներդրումային հոսքեր և տնտեսական ներկայացվածություն ապահովելով, ֆինանսական զգալի կապիտալ ունենալով ինչպես հայաստանյան, այնպես էլ ադրբեջանական տնտեսություններում և Իրանից ենթակառուցվածքների կախվածությունն ապահովելով (խոսքը հատկապես Արցախից գրավված` Իրանին սահմանամերձ հատվածների մասին է) հնարավոր կլինի ապահովել կայուն, մշտական ու զգալի ներկայություն և հետևաբար նաև ազդեցություն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա։
Իհարկե, պետք է նշել, որ Հայաստանի պարագայում իրավիճակը փոքր-ինչ այլ է։ Իրանում շատ լավ հասկանում և ըմբռնում են Երևանի վրա Մոսկվայի մեծապես աճած ազդեցությունը և Հայաստանը դիտարկում են որպես ռուսական ազդեցության գոտի։ Թեհրանում գիտակցում են, որ 2020թ. պատերազմից հետո Հայաստանում Ռուսաստանի քաղաքական և ռազմական զգալի ներկայությունն իրական ռիսկ է ստեղծում այն առումով, որ ապագայում Թեհրանի հետ հարաբերությունները կառուցելիս Երևանն ավելի շատ է հայացքը հառելու Մոսկվային և գնալով խուսանավելու ավելի փոքր հնարավորություն է ունենալու։ Այս առումով այլ է հնարավորությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների պարագայում։ ԻԻՀ ներկա իշխանությունները փորձում են իրենց ներկայությամբ, ակտիվ, նախաձեռնողական քաղաքականությամբ հակակշռել միանգամից մի քանի ուժերի՝
1) իսրայելական,
2) բրիտանական,
3) թուրքական, որը կտրուկ մեծացել է 2020թ. պատերազմից հետո։
Այստեղ Մոսկվան ավանդականորեն չունի այդ ներկայությունը, և այն չի դիտարկվում ՌԴ ազդեցության գոտի, որի հետ Թեհրանը ներկայումս չի ուզում հակասություններ ունենալ։ Այդ պատճառով, ինչպես նաև պայմանավորված այլևայլ գործոններով (կրոնը, Ադրբեջանում իրանալեզու տեղաբնիկ ժողովուրդների առկայությունը, բնակչության մի որոշակի հատվածի համակրանքը Իրանի նկատմամբ և այլն)` Իրանի հարաբերությունները Բաքվի հետ զարգանում են այլ հունով և տեմպով։
2018թ. իշխանափոխությունից հետո ՀՀ իշխանության` որոշում կայացնող օղակներում հայտնվեցին արևմտամետ և ամերիկամետ հայացքներով, տարատեսակ ՀԿ-ների հետ կապ ունեցող անձինք, ինչն Իրանում ընկալվեց ոչ միանշանակորեն, և, ինչպես ցույց տվեցին դրան հաջորդած մոտ երեք տարիները, ՀՀ-ԻԻՀ հարաբերություններում առաջացան խոռոչներ և կնճիռներ։ Փաստացի 2018թ.-ից առ այսօր ՀՀ-ԻԻՀ հարաբերություններում նկատվում է անվստահության մթնոլորտ։
Նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված, այսպես կոչված, «Մեղրիի միջանցքի» գործարկումը կարող է փաստացի խաթարել հայ-իրանական ուղիղ ցամաքային կապը և լուրջ անվտանգային ռիսկեր պարունակել։ Առ այսօր հայտնի չէ, թե ինչ ձևաչափով պետք է գործարկվի այդ «միջանցքը», և այդ հարցի շուրջ խորհրդավորությունն էլ ստիպում է Թեհրանին զգուշավորություն ցուցաբերել այս կետում և նրբորեն ու գերճշգրիտ հաշվարկներով փորձել այնպես անել, որ խաղից դուրս չմնա, քանի որ այդ պարագայում դա չի ներվի ներկա կառավարությանը, որն առանց այն էլ խիստ քննադատությունների ներքո է, հիմնականում տարածաշրջանային քաղաքականության և միջուկային համաձայնագրի պատճառով։
Պատերազմից մոտ 1-1.5 ամիս առաջ իրանական և միջազգային մամուլում, փորձագիտավերլուծական դաշտում և քաղաքական բարձր ղեկավարության մակարդակով խոսվում ու քննարկվում էր Սիրիայից և Մերձավոր Արևելքի այլ երկրներից Թուրքիայի ուղղակի միջամտությամբ, Ադրբեջանում ահաբեկիչների հայտնվելու փաստը։ Այնուհետև`պատերազմի ողջ ընթացքում, խոսվում էր ահաբեկչական տարբեր խմբավորումների ներկայության մասին, սակայն հետագայում՝ պատերազմի ավարտից հետո, այդ թեման կարծեք միանգամից անհետացավ լրատվական դաշտից, բայց պարզ էր, որ դա անհանգստացնում է Իրանին և լրջագույն անվտանգային խնդիրներ է ստեղծում Թեհրանի համար։ 2021թ. հունվարի 27-ին Մոսկվայում և հունվարի 28-ին Երևանում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ-Ջավադ Զարիֆը կրկին բարձրացրեց և միջազգային օրակարգ բերեց ահաբեկիչների թեման։ Ուշագրավն այն է, որ ահաբեկիչների մասին վերջինս խոսեց միայն Մոսկվայում և Երևանում, ինչը, ըստ իս, յուրօրինակ ուղերձ էր Ռուսաստանին և Հայաստանին՝ հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու կամ գոնե այս ոլորտում համատեղ պայքարի հնարավորությունները քննարկելուտեսանկյունից։ Հետագայում՝ սույն թվականի փետրվարի 7-8-ը Մոսկվայում գտնվելու ընթացքում, այդ հարցին անդրադարձավ նաև ԻԻՀ խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը։
Ղալիբաֆը, վերադառնալով Թեհրան, հայտարարեց, որ Իրանը մտադրություն ունի անդամակցելու ԵԱՏՄ-ին, որի հետ 2018 թ. մայիսին ստորագրել էր միջգերատեսչական համաձայնագիր` ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին։ Թեհրանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ՀՀ-ի համար ինչպես նոր հնարավորություններ է ստեղծում, այնպես էլ կարող է որոշակի անհարմարություններ առաջբերել։ Խնդիրն այնէ, որ ԻԻՀ-ԵԱՏՄ հարաբերությունները դեռևս կարգավորվում են ՀՀ-ի միջոցով, քանի որ Հայաստանը միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, և ժամանակին Երևանին էր վստահված այդ դերը։ Սակայն 2020թ. պատերազմը շատ բան փոխեց, այդ թվում` նաև տարածաշրջանում մինչ այդ պահը եղած աշխարհաքաղաքական ստատուս քվոն, ընդ որում` ոչ հօգուտ Թեհրանի. հետպատերազմյան շրջանում ստեղծված իրավիճակով վտանգվել է ՀՀ-ԻԻՀ ցամաքային ճանապարհի մի հատվածը, այդ շրջաններում մեծացել է ՌԴ ազդեցությունը, կամ այն ամբողջովին անցել է ՌԴ վերահսկողության ներքո, չի գործում Մեղրիի ազատ առևտրի տնտեսական գոտին, դադարեցված է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունը, ՀՀ-ն քաղաքական տուրբուլենտության մեջ է, առկա է տնտեսական ճգնաժամ։
Եվ եթե այս ամենին գումարվի նաև այն հանգամանքը, որ ԻԻՀ-նկարող է դառնալ ԵԱՏՄ անդամ, ապա ԻԻՀ հետաքրքրությունը ՀՀ-ի նկատմամբ էականորեն կնվազի։ Մյուս կողմից՝ ՀՀ-ԻԻՀ հարաբերությունները երկկողմ հարթությունում այլ են, իսկ ԵԱՏՄ-ի ներսում կլինեն այլ, և սա յուրահատուկ հնարավորություն կարող է լինել ՀՀ-ի համար`փոքր-ինչ կարգավորելու հետպատերազմյան վիճակում գտնվող տնտեսությունը։