Միացումը մեր ռազմավարական նպատակն էր ու այսօր էլ նպատակն է
Գլխավոր » Լրահոս » Միացումը մեր ռազմավարական նպատակն էր ու այսօր էլ նպատակն է

Միացումը մեր ռազմավարական նպատակն էր ու այսօր էլ նպատակն է

Lragir.am-ի զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը:

Պարոն Իշխանյան, պատերազմից ու հրադադարի հաստատումից հետո Արցախում ի՞նչ իրավիճակ է, 1994 թվականի սահմաններին վերադառնալու հարցեր քննարկվո՞ւմ են, ի՞նչ հնարավորություն եք տեսնում։

Հրադադարից հետո մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու Արցախի Հանրապետությունում ստեղծված ընդհանուր իրավիճակին՝ քաղաքական, սոցիալական, անվտանգային հարցեր, նաև տնտեսական հիմնախնդիրներ։ Եվ այդ առումով մեր գնահատականներն այդքան էլ գունավոր չէին, իրականության արտացոլանքն էր։ Նաև հետպատերազմյան այս ծանր վիճակը հաղթահարելու պրպտումների մեջ ենք։

Այստեղ շատ կարևոր է, որ Արցախի Հանրապետության պետական կառույցները կարողանան ճիշտ ուղղություն որդեգրել՝ յուրաքանչյուրն իր մասով։ Անշուշտ, ժողովրդի ակնկալիքն անվտանգային երաշխիքներն են և անվտանգության հարցերի հետ կապված պատասխաններ ստանալը, բայց պակաս կարևոր չեն այն սոցիալական հարցերը, որոնք ծառացել են տեղահանված բնակչության առաջ։

Այսօր դժվար է ասել, թե մենք կարողացել ենք մեզ համար ճիշտ ուղղություն որդեգրել և ճիշտ ուղու վրա կանգնել։ Բայց նաև պետք է ասել, որ նշանները և ծիլերն այդ առումով ինչ-որ տեղ հուսադրող են։ Թիվ մեկ խնդիրն, ինչպես ասացի, անվտանգային հարցերն են, և ռուս խաղաղապահների այստեղ ներկայությունը դեռևս հնարավորություն է տալիս վերակազմակերպելու և վերակառուցելու մեր կորցրածը և նաև նպատակային առումով մեր առաջ նոր պայմաններում նոր խնդիրներ դնելու։

Որո՞նք պետք է լինեն նպատակային նոր խնդիրները։ Արցախի տարածքների դեօկուպացիայի, Արցախի կարգավիճակի հարցերը առաջնահերթ չպե՞տք է բարձրացվեն։

Մենք զրույցը վարում ենք հենց այն օրերին, երբ տարածաշրջան է այցելել ԵԱՀԿ գործող նախագահը։ Եվ այս առումով, ինչպես և անցած ամիսներին, երկու տարաբնույթ տեսակետներ են հնչեցվել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից։ Ադրբեջանը հայտարարում է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, և նման հարց այլևս գոյություն չունի։ Հայկական կողմը շեշտում է, որ մենք ունենք դեռ չհանգուցալուծված հիմնահարց, և այդ ուղղությամբ մեր ջանքերը դեռևս կօգտագործենք։

Վստահ եմ, որ այդ տեսակետների բախման արդյունքում նաև որոշ խնդիրներ կառաջանան։ Մենք՝ որպես Արցախի Հանրապետություն, որպես առանձին սուբյեկտ, նաև փորձում ենք մեր խնդիրները ձևակերպել և առաջացած նոր խնդիրների մեջ լուծման տարբերակներ գտնել։ Բնականաբար, այդ թվում՝ նաև դեօկուպացիայի խնդիրներն են։

Հպարտությամբ և ուրախությամբ պետք է ասել, որ վերջերս Արցախի խորհրդարանում ընդունված հայտարարությունը շատ կարևոր էր Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման և մեր հետագա քայլերի համար։ Մենք գիտակցում ենք, որ, այո, պատերազմում պարտվել ենք, որ հարվածն ու կարուստները մեզ համար շատ-շատ ծանր են, բայց մենք պետք է կարողանանք վերակազմակերպել մեր ընդհանուր աշխատանքները։

Այդ առումով, տարածքային ամբողջականության վերականգնմանը միտված հարցերը, մեր ինտեգրումը Հայաստանի Հանրապետությանը և վերջնական միացման գաղափարի իրականացումը հենց այն ռազմավարական նպատակներն են, որի շուրջ մենք 30 տարուց ավելի պայքար ենք մղել։ Եվ հասել էինք որոշ հանգրվանի։

Մեզ համար հարցի թվացյալ հանգուցալուծումն այսօր մեզ մատուցել է այլ իրականություն։ Եվ այս իրականության հետ մենք պետք է ինչ-որ տեղ համակերպվենք, բայց սա չընդունենք որպես վերջնական հանգուցալուծում և վերակառուցենք մեր աշխատանքները։ Այդ նպատակին հասնելու համար նաև պետք է գտնենք համապատասխան միջոցները։ Իսկ միջոցները թելադրված չեն միայն այսօրվա մեր պայմաններով։

Կարևորն այդ նպատակը սահմանելն է, իսկ այդ նպատակը մենք սահմանել ենք տասնամյակներ առաջ, 100 տարի առաջ, երբ Ղարաբաղը բռնակցվում էր Ադրբեջանին՝ ինքնավար մարզի կարգավիճակով։ Եվ պայքարի շարունակությունը նաև անհրաժեշտության դեպքում պետք է պատգամենք մեր սերունդներին, եթե չկարողանանք ամբողջական հանգուցալուծել մեր սահմանած նպատակների շրջանակներում։

Միացումը մեր ռազմավարական նպատակն էր ու այսօր էլ նպատակն է։

lragir.am

1