Իշխանությունն արդեն դատապարտված է, այս իրավիճակում կառավարել չի կարող

Իշխանությունն արդեն դատապարտված է, այս իրավիճակում կառավարել չի կարող: Այս մասին Երևանի Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Մենք իսկապես եզակի պետություն ենք, պատկերացրեք մի պետություն, որը խայտառակ պարտություն է կրել, և բազմաթիվ փաստեր ցույց են տալիս, որ երկրի ղեկավարն ունի այդտեղ մեղավորություն: Պատկերացրեք մի երկիր, որի նախագահը, բանակը ամբողջ կազմով, եկեղեցին, ակադեմիան պահանջում են վարչապետի հրաժարականը, մի երկիր, որտեղ ժողովրդի 80 տոկոսը դեմ է իշխանությանը և զգալի մասը պահանջում են հրաժարական, էլ ո՞վ մնաց, ո՞ւմ է կառավարում ինքը: Աշխարհում չկա մի պետություն, որ իմ թվարկածից մեկը, երկուսը բավարար չլինեին հեռացնելու համար ղեկավարին»,-մանրամասնեց նա:
Վազգեն Մանուկյանի խոսքով՝ մի շարք խնդիրներ կան, որ այս փուլում պետք է լուծեն, դրանցից առաջինը վերաբերում է բանակին:
«Բանակը ոչ միայն Գլխավոր շտաբի պետի անունից հրաժարական պահանջեց, այլև 5 կորպուսի հրամանատարների, բոլոր բարձրաստիճան զինվորականների: Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը։ Անօրինական հրամանագիր ներկայացրեց Գլխավոր շտաբի պետին աշխատանքից հեռացնելու համար: Սահմանադրությունն ասում ՝ կա որոշակի ժամանակ, որից շուտ շտաբի պետին հանել չես կարող, օրենքն ասում է, որ այդ ժամկետը 5 տարի է: Այսինքն՝ ինքը ոչ մի իրավունք չուներ այդ բանն անելու»,-ասաց նա:
Վազգեն Մանուկյանն ասաց, որ նախագահը պարտավոր է առարկություններով հետ ուղարկել ԳՇ պետին աշխատանքից ազատելու՝ Նիկոլ Փաշինյանի այդ առաջարկը:
Վազգեն Մանուկյանը նաև կոչ արեց, որ բանակն ընդվզի: Նրա դիտարկմամբ՝ կա՛մ հանում են Նիկոլ Փաշինյանին, կա՛մ կորցնում Հայաստանը:
arfd.am