Լոսանջելեսաբնակ հայ երիտասարդը ցանկանում է վերաբնակվել Արցախում
Գլխավոր » Գաղափարական » Լոսանջելեսաբնակ հայ երիտասարդը ցանկանում է վերաբնակվել Արցախում

Լոսանջելեսաբնակ հայ երիտասարդը ցանկանում է վերաբնակվել Արցախում

Հայրենիքում վերահաստատվելու մտադրությամբ՝ Արսեն Շիրվանյանն Արցախ է ժամանել ԱՄՆ Լոս Անջելես քաղաքից: Լոսանջելեսաբնակ մեր հայրենակիցը, դեռևս Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին թողնելով բավականին խոստումնալից մասնագիտական աշխատանքը ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի գրասենյակում,  վերադարձավ հայրենիք՝ կամավորագրվելու նրա պաշտպանությանը: Այնուհետև, առավել ամրապնդվեց Արսենի՝ Արցախում վերահաստատվելու վաղեմի նպատակը: 

Այժմ նա  ապրում և գործում  է Արցախում՝ փորձելով իր օրինակով վարակել նաև սփյուռքահայ իր մյուս ընկերներին ու հայրենակիցներին: Ի՞նչն է հայ երիտասարդին ամերիկյան տաքուկ անկյուններից բերել Արցախ: Ինչո՞ւ է սփյուռքահայ երիտասարդը հայրենադարձության համար ընտրել հայրենիքի արցախյան հատվածը և անձնական ու գործնական ինչ ծրագրերով է նա Արցախում: Այս և այլ հարցերի շուրջ Արսեն Շիրվանյանն անկեղծացել է մեզ հետ հարցազրույցի ընթացքում:

-Կխնդրեի՝ պատմեք  անցած տարվա աշնանն Արցախում սկսված պատերազմին մասնակցելու մտադրությամբ ԱՄՆ-ից հայրենիք վերադառնալու որոշման մասին:

-Ես աշխատում էի ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ Դատի գրասենյակում՝ որպես կառավարական գործերի վարիչ: Հայրս Պարսկաստանից է վերադարձել հայրենիք և մասնակցել Արցախյան առաջին պատերազմին: Մայրս արցախցի է՝ Ստեփանակերտից: Ես ծնվել եմ Հայաստանում, որից հետո ընտանիքով տեղափոխվել ենք ԱՄՆ: Դեռ պատանեկան տարիքից էի մտածում հայրենադարձության մասին: Գիտակցում էի, որ այլընտրանք չկա և որ չեմ կարող ապրել օտարության մեջ:

Այսպես, մի կողմից ընտանիքիս օրինակով ստացած հայրենասիրական ոգու, մյուս կողմից՝ հայրենիքի հանդեպ պարտքի ներշնչմամբ հայրենիք վերադարձա անցած տարվա հոկտեմբերին՝ Արցախում սկսված պատերազմի ժամանակ: Սկզբում վճռել էի կամավորագրվել և մեկնել ռազմաճակատ, սակայն փաստաթղթային խնդիրների պատճառով ինձ չհաջողվեց: Փոխարենը՝ որոշեցի մնալ և գործել՝ փորձելով օգնություն ցուցաբերել արցախցիներին:

Այս ընթացքում տարբեր ծրագրերի իրագործմանը ձեռնամուխ եղա: Սկզբում նկատեցի, որ առաջնահերթ է Արցախից տարհանված բնակչությանը տաք հագուստով, անկողնային պարագաներով ու էլեկտրական ջեռուցիչներով ապահովելու խնդիրը: Ամենասկզբից մի քանի հարյուր վերմակներ ենք կարել և տրամադրել տարհանված արցախցիներին, այնուհետև նվիրաբերել ենք նաև էլեկտրական ջեռուցիչներ:

Դեկտեմբերին օգնություն ցուցաբերելու ծրագրով արդեն Արցախում էինք: Մեզ հետ բերել էինք սնունդ և հիգիենայի պարագաներ, որոնք տրամադրել ենք ավելի քան հարյուր ընտանիքի: Շարունակում եմ ուսումնասիրել նրանց կարիքները, որպեսզի ըստ անհրաժեշտության շարունակեմ աջակցության ծրագրերը: Այժմ՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի հետ համատեղ ծրագիր ենք մշակում, որպեսզի կապ հաստատենք Ամերիկայի Արևմտյան ափի Դաշնակցության պատանի ու երիտասարդ խմբի հետ՝ ուղիղ ձևաչափով Արցախում տիրող իրավիճակն ու խնդիրները ներկայացնելու համար: Ըստ այդմ՝ կհասկանանք, թե ով ինչով կարող է օգտակար լինել Արցախին:

-Երբ դեռ ԱՄՆ-ում որոշում ընդունեցիք վերադառնալ հայրենիք և մասնակցել պատերազմին, ունեիք ծանոթներ, որոնք նույնպես ցանկանում էին միանալ Ձեզ:

-ԱՄՆ-ում՝ ոչ, բայց Արցախում հանդիպեցի ավելի քան հիսուն սփյուռքահայ երիտասարդի, որոնք եկել էին Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Արգենտինայից և այլ երկրներից: Նրանք  տարաբնույթ աջակցություն էին ցուցաբերում արցախցիներին: Կհորդորեի Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին, որպեսզի բոլորը գան Արցախ և զորակցեն:

— Արսեն, կարո՞ղ ենք ասել, որ վճռել ես վերաբնակվել Արցախում:

-Այդ որոշումը ես կայացրել էի դեռևս քսան տարի առաջ: Դեռ տասնմեկ-տասներկու տարեկան էի: Ժամանակի հետ տրամաբանորեն նաև պատճառները հասկացա: Բացի Հայաստանից ու Արցախից, ուրիշ տեղ ապրելու տարբերակ չկա: Վճռել էի, որ չափահաս դառնալուց հետո պիտի վերադառնամ հայրենիք՝ Հայաստան: Արդեն վերջին հինգ տարիներին մտածում էի Ստեփանակերտում վերահաստատվելու մասին: Այժմ արդեն աշխատում եմ այդ ուղղությամբ և մոտակա մեկ-մեկուկես տարվա ընթացքում արդեն մշտական բնակության համար կտեղափոխվեմ այստեղ: Կփորձեմ օգտակար լինել մեր արցախցիներին՝ ինչով կարող եմ:

Շարունակո՞ւմ ես համագործակցել Ամերիկայի Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախմբի հետ և ի՞նչ ձևաչափով: Ինչ ծրագրեր են այսօր հանձնախմբի օրակարգում:

-Համագործակցությունը միանշանակ շարունակվում է: Հանձնախումբն այսօր աշխատանքներ է իրականացնում Արցախին աջակցելու գործում  ԱՄՆ-ին ընդգրկելու ուղղությամբ: Այստեղից ես փորձում եմ փոխանցել անհրաժեշտ տեղեկությունները: Ընդհանրապես Արցախում իրականացվող տարբեր ծրագրերի շուրջ հիմնականում աշխատում եմ Հայ Յեղափոխական Դաշնակցության Կենտրոնական կոմիտեի հետ:

Մասնավորապես, հերթական ծրագիրը Արցախի բոլոր դպրոցների առաջինից երրորդ դասարանների աշակերտներին գրենական պիտույքներով ապահովելն է: Այդ ծրագիրն արդեն իրականացրել ենք մոտ վաթսուն գյուղի կրթօջախներում:

Ինչ վերաբերում է Հայ Դատի հանձնախմբի առջև ծառացած նոր հրամայականներին՝ պայմանավորված Արցախյան պատերազմի հետևանքներով, ապա՝ առաջնահերթ խնդիրը տեղահանված արցախցիներին ԱՄՆ-ի կողմից ֆինանսական աջակցության կազմակերպումն է: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբերը ներկայումս հորդորում են ԱՄՆ-ի կառավարությանը՝ մոտ երկու հարյուր հիսուն դոլար գումարի չափով աջակցություն ուղարկելու Արցախ: Բացի այդ, կարևորվում է նաև Հալո Թրասթ ականազերծող կազմակերպության  ֆինանսավորումն ու գործունեության շարունակումն Արցախում:

-Արսեն, կարծում եմ՝ կհամաձայնես, որ Սփյուռքը, հատկապես երիտասարդությունն իր մասնագիտական ներուժով բավականին օգտակար կարող է լինել հետպատերազմյան Արցախի վերաշինման ու կենսական խնդիրների լուծման գործում:

-Միանշանակ, համաձայն եմ: Ներկայումս տարբեր խնդիրներ կան Արցախում՝ որոնք պիտի լուծեինք վաղուց, սակայն, արդեն պատերազմից հետո տեսնում ենք, թե դրանք որքան են մեծացել ու խորացել և ինչպիսի դեր են ունեցել դրանք պատերազմի ժամանակ: Հուսով եմ, որ սփյուռքահայերը կգան և իրենց մասնագիտությամբ, լինի քաղաքաշինության, գյուղատնտեսության, առողջապահության ու քաղաքականության կամ այլ ոլորտ, օգտակար կլինեն Արցախին, որովհետև կարիքը մեծ է: Մենք պիտի շարունակենք ապրել Արցախում: Ուրիշ տարբերակ չկա:

-Որքանով տեղյակ եմ, դու նույնպես այդպիսի ծրագրեր ունես՝ Սփյուռքի երիտասարդությանն Արցախի վերաշինման գործում ընդգրկելու համար:

-Այո կա նման ծրագիր, որն իրականացվում է ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի միջոցով: Անձամբ Բյուրոյի  գործադիր տնօրեն Արշակ Մեսրոպյանն այժմ աշխատում է մի ծրագրով, որը հնարավորություն կտա՝ Սփյուռքից մեր հայրենակիցները գան Արցախ և իրենց մասնագիտությամբ, երեքից վեցամսյա ծրագրերի շրջանակում, աջակցեն գյուղատնտեսության բիզնեսի և այլ ոլորտների գործունեությանը: Մոտակա ամիսներին մի քանի սփյուռքահայեր կգան Արցախ և կսկսեն իրենց աշխատանքը: Ես նույնպես փորձում եմ օգնել այդ ծրագրի իրականացմանը:

-Արսեն, իսկ ինչպիսինն են անձնական ծրագրերդ՝ կապված Արցախում վերաբնակվելու հետ:

-Հուսով եմ, որ կկարողանամ այստեղ տուն կառուցել և մշտական տեղափոխվեմ հայրենիք: Կամուսնանամ: Կարևոր է, որ երեխաներս այստեղ մեծանան, արցախցի լինեն: Մասնագիտությամբ քաղաքագետ և պատմաբան եմ: Եթե չկարողանամ աշխատել այդ մասնագիոտթյուններից մեկով, ապա պատրաստ եմ օգնել՝ ինչով կարող եմ: Ամենակարևորը, որ Արցախում ապրեմ, որովհետև Արցախն իմ հայրենիքն է նույնքանով, որքանով այստեղ ծնված ու ապրող արցախցունը: Ուրիշ տեղ ես ինձ չեմ պատկերացնում:

Վան Նովիկով

1