Նախիջևանիկ. ապրելու և արարելու հավատով

Ասկերան քաղաքի հարևանությամբ է գտնում Նախիջևանիկ գյուղը: Դեպի գյուղ տանող ճանապարհից տեսանելի են վերջերս հաստատված նոր բնագծերը: Նախիջևանիկցիներն արդեն հեռվից են հետևում իրենց աճեցրած ու մշակած այգիներին: Նոր հաստատված սահմանագծերից այն կողմ է մնացել գյուղի վարելահողերի, արոտավայրերի և այգիների մեծ մասը:
Նախիջևանիկի դպրոցի պատմության ուսուցիչ, ՀՅԴ Ասկերանի կոմիտեի անդամ Արեն Սարուխանյանի խոսքով՝ նախկինում երբեք նման սահմանագիծ չի եղել:

«GPS-ով անկանոն, ծուռումուռ նոր սահման են գծել, որն անցնում է մեր գյուղի այգիների, արտերի միջով: Հույս ունենք, որ այն կփոխվի»,- ասել է Արեն Սարուխանյանը:
Պատերազմից հետո, նոր պայմաններում բոլորի համար էլ ծանր է, բայց պատմության ուսուցիչը չի ընկճվում, փորձում է ավելի լավ ապագայի իր հույսը փոխանցել աշակերտներին:
Վերջին տարիներին դպրոցի աշակերտների թիվն աճում է: Նախորդ տարվա 88-ի փոխարեն 2020թ. դպրոց են հաճախել 96 աշակերտներ: Նախիջևանիկի Գևորգ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց են հաճախում Նախիջևանիկ, Սառնաղբյուր, Վարդաձոր և Արանզամին գյուղի երեխաները:

Դպրոցի տնօրեն Գալինա Մեժլումյանի խոսքով՝ աշակերտների թվի ավելացման հետ կապված դասասենյակների խնդիր է առաջացել: Դպրոցը պետական հիմնանորոգման ծրագրում էր, բայց պատերազմի պատճառով այդ աշխատանքները հետաձգվել են:

Նախիջևանիկում ներկայումս դժվարացել է հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվելը: Սակայն պատերազմական գործողություններից հետո տեղահանված բոլոր բնակիչները հետ են վերադարձել՝ ապրելու և արարելու հավատով: Գյուղում նաև Շուշիից տեղահանված մեկ ընտանիք է հաստատվել:








