Խոստացել էր վերադառնալ, բայց չեկավ
Գլխավոր » Գաղափարական » Խոստացել էր վերադառնալ, բայց չեկավ

Խոստացել էր վերադառնալ, բայց չեկավ

Երբ թշնամին քայլերը ուղղում է դեպի մեր պապերի ու հայրերի արյամբ գծված սահմանը հայրենիքը գոռում է ՝ Ի ԶԵՆ….

Երբ երկնքում աղավնիների փոխարեն սավառնում են հրանոթի արկերը, մարտի են ելնում մայր հողից ծնված հերոսները… ելնում են պաշտպանելու  Հայերնիքը, եկեղեցին, ընտանիքը…  ելնում են առանց վարանելու,առանց մեկ վայրկյան մտածելու, ելնում են իրենց սրտերում ունենալով երկրաչափական պրոգրեսիայով մեծացող սեր՝ դեպի հայրենիքը, դեպի հայոց հողը, ելնում են հանուն հայրենիքի և մարտիրոսվում են հանուն հայրենիքի… Արթուր Ռուսլանի Բարսեղյան, ծնված 1987 թ. հուլիսի 25-ին՝ ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում, Ռուսլան և Սեդա Բարսեղյանների ընտանիքում, ամուսնացած չէր, ունի մեկ քույր և մեկ եղբայր։

Սովորել է Բերդաշենի Մ. Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցում. ուսուցիչների խոսքերով հետաքրքրասեր ու հայրենասեր պատանի էր մեծանում։ Արթուր նրան հազվադեպ էին դիմում նա բոլորի սիրելի Արթուրիկն էր, որի դեմքից բարությունը մեղրի նման ծորում էր, իսկ ժպիտը իր բնավորության նման արևոտ էր, հայրենիքը նրա համար կարմիր գիծն էր…։ Կարճահասակ էր, բայց մեծ սիրտ ուներ, գերադրական աստիճանով նվիրված էր ընտանիքին և ընկերներին, սիրված էր բոլորի կողմից։ 2005-2007թթ. զորակոչվել է բանակ, ժամկետային ծառայությունը անց է կացրել Մարտակերտում։

Ծառայությունը ավարտելուց հետո սկսել է աշխատել իր սիրելի արհեստով՝ ոսկի ձեռքեր ուներ անսարք ամեն մի իր նրա ձեռքերում նոր կյանք էր ստանում, երկաթին էլ էր շունչ հաղորդում։ Հայրենիքի հանդեպ անսահման սերը ժառանգել էր հորից՝ ով Արցախյան առաջին պատերազմի նվիրյալներից էր, մասնակցել էր պատերազմին՝ ֆիդայական շարժումից մինչև կանոնավոր բանակ, այնուհետև մասնակցել է թե՛ ապրիլյան պատերազմին, թե սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմին։

Արթուրը որպես կամավորական մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին, որտեղ Արթուրը ևս մեկ անագամ ապացուցել էր, որ իր երակներում հոսում է հերոսներ Վազգենի և Մոնթեի արյունը։

2017թ. մեկնում է ՌԴ ավագ եղբոր մոտ, որտեղ կարճ ժամանակահատվածում կարողանում է գտնել աշխատանք, թվում էր  թե նա իր հետագա կյանքը պետք է անցկացներ ՌԴ-ում, բայց օտարության մեջ նրա սերը դեպի հայրենիք բազմապատկվում է, իսկ կարոտը ժամ առ ժամ մեծանում։ Արթուրը մեկ տարի անց կրկին վերադառնում է ծնողների մոտ՝ հայրենի գյուղ։ Որոշ ժամանակ անց Արթուրը ՊԲ-ում ծառայության է անցնում որպես պայմանագրային զինծառայող իսկ մեկ տարի հետո զորացրվելով սկսում է զբաղվել հողագործությամբ ասում էր՝ մեր հողից, մեր տնից լավ տեղ այս աշխարհում չկա, մեր օդը, մեր տունը ոչնչի հետ չեմ փոխի… ամեն բան կարծես իր տեղն էր ընկնում և Արթուրը գնալով իրականություն էր դարձնում իր ծրագրերն ու նպատակները, որոնք բացառապես կապված էին հայրենի գյուղի հետ, նոր մեքենա էր գնել, նոր պլաններ էր մշակում, բազմաթիվ դեռ չիրագործված երազանքներ ուներ… բայց ամեն բան գլխիվայր շուռ եկավ, ճակատագիրն Արթուրի համար այլ բան էր պատրաստել՝ թշնամին նորից դիմել էր զենքին, և վտանգված էր հայոց հողը։ Արթուրը սեպտեմբերի 27-ին ադրբեջանի և թուրքիայի կողմից հրահրված պատերազմին կամավորագրվել էր հենց առաջին օրը, սկզբում մասնակցում էր հայրենի Մարտունու պաշտպանությանը, որտեղ նրան ու նրա ընկերներին հաջողվել էր հակառակորդին պատճառելով կենդանի ուժի մեծ վնաս՝ կատարել դիրքային կարևոր բարելավումներ։ Պատերազմի 13 -րդ օրն էր, վտանգված էր Հադրութը, Արթուրն իմանալով, որ այնտեղ մարտերը թեժ են և շտապ օգնություն է պետք կամավոր մեկնում է Հադրութ, վերջին անգամ զանգել էր մորը և հայտնել իր որոշման մասին, խոստացել էր զգույշ լինել և վերադառնալ… այդ օրվանից Արթուրը այլևս կապի դուրս չեկավ, նրանից և նրա հետ մեկնած իր ընկերներից որևէ տեղեկություն չկար… չկար մեկը որ նրան չսիրեր ու չսպասեր, որ չաղոթեր նրա վերադարձի համար, բայց ավաղ աստված էլ իր մոտ կատարյալներին է տանում… Հունվարի 31-ին՝ չորս ամիս անց Արթուրի անշնչացած մարմինը փոխանցեցին ընտանիքին։ Մայրը պատմում է, որ վերջին անգամ հայրական տան դուռը Արթուրը բացել է հոկտեմբերին՝ Հադրութ մեկնելուց մեկ օր առաջ, եկել էր հոգնած, բայց ինչպես միշտ ժպիտը դեմքին, հագուստը փոխեց, հետո ցանեց իր սիրելի օծանելիքը, մի հայացքով կարծես թե հրաժեշտ տվեց իր հարազատ տանը, իրեն ծանոթ ու անծանոթ իրերին ու հեռացավ ուսին՝ զենքը, սրտում՝ հայրենիքը, շուրթերին՝ մայրը…

Լույս իջնի շիրիմիդ Հերոս, քո սխրանքը մշտնջենական է, դու քո անունը ոսկե տառերով գրեցիր հայոց պատմության էջերում… դու հավերժ ես՝ հավերժ մեր սրտերում, մեր մտքերում…

Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Արթուր Ռուսլանի Բարսեղյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Նյութը պատրաստել է Արմինե Ավետիսյանը

1