ԱՀ ԱԳՆ-ն կոչ է անում բոլոր երկրներին և կազմակերպություններին զգույշ և կոռեկտ լինել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրենց արտահայտություններում
Վերջին ժամանակներս մենք ականատես ենք դարձել Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական արշավի, որը, ձգտելով ցուցադրել, թե իբր վայելում է միջազգային հանրության աջակցությունը Արցախի դեմ թուրք-ադրբեջանական զինված ագրեսիային, տեղեկություններ է տարածում, այսպես կոչված, «գրավյալ» տարածքների «ազատագրման» կապակցությամբ մի շարք երկրների քաղաքական շրջանակների և որոշ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների շնորհավորանքների վերաբերյալ։
Մի կողմ թողնելով նման հայտարարությունների հավաստիության հարցը՝ այնուամենայնիվ, հարկ ենք համարում մեկ անգամ ևս նշել, որ Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիան հանգեցրել է բազում տառապանքների. սպանվել և վիրավորվել են հայազգի հազարավոր անմեղ քաղաքացիներ, հարյուրավորներն անհայտ կորել են, այժմ գտնվում են գերության մեջ, պատանդ են դարձել, այդ ընթացքում ենթարկվել խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, ոչնչացվում է հայկական մշակութային ժառանգությունը:
Կոչ ենք անում բոլոր երկրներին և կազմակերպություններին առավելագույն զգույշ և կոռեկտ լինել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրենց արտահայտություններում, խուսափել հայտարարություններից, որոնք կարող են բացասաբար ազդել հակամարտության համապարփակ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված միջազգային ջանքերին, ինչպես նաև վիրավորել հազարավոր մարդկանց զգացմունքները:
Դիվանագիտական էթիկետը չի կարող և չպետք է հիմք հանդիսանա այնպիսի արտահայտությունների համար, որոնք կարող են դիտարկվել Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիան օրինականացնելու և ամրագրելու և միջազգային հակաիրավական գործողություններն արդարացնելու համատեքստում:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության