Դուք այլևս զինված եք գաղափարախոսության սրով. նորագիրները դաշնակցականի երդմամբ անցան ՀՅԴ շարքերը
Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի՝ Հայոց բանակի տոնի օրվա առիթով, ինչպես և սպասելի էր, «Եռաբլուր» զինվորական պանթեոն մարդկանց հոսքը սկսվել էր վաղ առավոտից և չէր դադարում ողջ օրվա ընթացքում:
Արցախյան վերջին գոյապայքարի արդյունքում տարածքով կրկնապատկված Եռաբլուրում իրենց վերջին հանգրվանը գտած հայորդիներից մեկի՝ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ, նվիրյալ ազատամարտիկ, ՀՅԴ կամավորական վաշտերի կազմում մարտնչած և Արցախի հյուսիսային դիրքերում հերոսաբար ընկած Գեղամ Մուշեղյանի շիրիմին այսօր այցելած մարտական, կուսակցական ընկերները մասնակցեցին նաև օրվա խորհրդի առիթով նախաձեռնված խոստման և երդման ավանդական արարողություններին:
«Թվում է, թե մահը վերջակետ է ամեն ինչին: Բայց արի ու տես, որ հիմա մեր ներկայությունը Գեղամ Մուշեղյանի շիրիմի կողքին հակասում է այդ կարծիքին: Դաշնակցականի, հայ ազատամարտիկի համար նահատակությունից հետո դեռ անելիքներ կան», – իր խոսքում նշեց նորագիրների կնքահայր, ՀՅԴ կամավորական գումարտակի հրամանատար, ազատամարտիկ Հարմիկ Հովսեփյանը և, դիմելով նորագիրներին, շեշտեց. «Դաշնակցության շարքերն անցնելով՝ ձեր առջև դռներ չեն բացվելու, դրանք պետք է բացեք ինքներդ՝ ձեր ամուր կամքով: Դուք լինելու եք թիրախ արտաքին և ներքին թշնամիների համար: Բայց դուք չպիտի վհատվեք, որովհետև դուք զինված եք գաղափարախոսության և հավատքի սրով ու վահանով»:
Խոստման և երդման արարողության միջոցով ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության և Դաշնակցության շարքերն անցան մի քանի տասնյակ նորագիրներ:
yerkirmedia.am