Հանձնաժողովի եզրակացությամբ հանդերձ վեճը կշարունակվի դատարանում
Հունվարի 27-ին հրավիրված ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստն անցել է բուռն քննարկումներով ու սուր հարցադրումներով: Նիստի օրակագրում ընդգրկված էր հունվարի 21-ի նիստի օրակագից հանված մեկ հարց՝ «Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու մասին» հարցը:
Տվյալ պաշտոնում «Արդարություն» խմբակցության կողմից առաջադրվել էր Դավիթ Գալստյանի, իսկ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության կողմից՝ Վահրամ Բաղդասարյանի թեկնածությունը: Նախորդ նիստի օրակարգում ընդգրկված տվյալ հարցի քննարկումը հետաձգվել էր, քանի որ Վահրամ Բաղդասարյանի ներկայացրած փաստաթղթերը թերի էին:
Սակայն նիստի հետաձգումը խնդրո առարկա հարցի վերաբերյալ հստակություն չի մտցրել: Հաշվեքննիչ պալատի մասին Արցախի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով ներկայացվում են Հաշվեքննիչ պալատի անդամին ներկայացվող պահանջները: Դրանում մասնավորապես ցույց է տրված Հաշվեքննիչ պալատի անդամին հավակնող անձանց սահմանափակող պայմանները. հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի համաձայն Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնին նշանակվելուն խոչընդոտող հանգամանք է հանդիսանում 16-րդ հոդվածի հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով սահմանված ցանկում նշված ֆիզիկական արատ կամ հիվանդությունները: Իսկ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում նշանակումը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդության ցանկը համապատասխանում է կառավարության որոշմամբ հաստատված դատավորների պաշտոնում նշանակումները խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկին:
ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը նշել է, որ ԱՀ կառավարության 2020թ. ապրիլի 16-ին N 21/1 որոշման մեջ արտացոլված սահմանափակումները թեկնածուն չի ներկայացրել, իսկ դա նշանակում է, որ Հաշվեքննիչ պալատի անդամին ներկայացվող պահանջները չեն համապատասխանում ԼՂՀ օրենսդրության պահանջներին:
«Բերված փաստերը համադրելով զինապարտության մասին օրենքի 12-րդ հոդվածի դրույթների հետ, որում ըստ էության սահմանված են զինվորական ծառայությունից ազատման հիմքերը, ակնհայտ է, որ թեկնածուն օրենքով սահմանված կարգով զինապարտ է, իսկ դա նշանակակում է, որ Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով չի կարող ընտրվել Հաշվեքքնիչ պալատի անդամ»,- նշել է նա:
Պատասխանելով զինապարտության մասին հարցին՝ Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ դեռևս 1984թ.-ից զինվորական կոմիսարիատի կյանքի կոչված հանձնաժողովի կողմից առողջական խնդիրների պատճառներով համարվել է ոչ զինապարտ՝ ազատվելով զինվորական ծառայությունից: Նախորդ նիստի ժամանակ հարցն օրակարգից հանվել է համապատասխան տեղեկանքներ ներկայացնելու համար: Պատգամավոր Դավիթ Գալստյանի խոսքով՝ ըստ ներկայացված տեղեկանքի առողջական խնդիրը «սրտի սինուսային տախիկարդիան» է:
«Նման հոդվածով մարդիկ ծառայում են և զինապարտ են, պահեստազորում հաշվառվում են: Դուք չեք ծառայել և պահեստազորում հաշվառված չեք: Այսինքն կամ այս տեղեկանքն է կեղծ կամ այն ժամանակ է կեղծվել»,- ասել է պատգամավորը:
Ըստ Վահրամ Բաղդարսայանի՝ հնչած մեկնաբանությունները ճիշտ չեն, «քանի որ հիվանդությունների ցանկը, որի պարագայում հնարավոր չէ զբաղեցնել այդ պաշտոնը ընդհանրապես կապ չունի զինապարտության հետ, զինապարտության հետ կապված այլ ցանկով է քննարկվում: Սրտաբանի գրածը հետևանք է այն հիվանդության, որը ես ունեմ»:
ԱՀ ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը հարց է ուղղել, թե արդյո՞ք երկու թեկնածուները համապատասխանում են օրենքի մյուս պահանջներին: Հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը նշել է, որ քանի որ հանրային ֆինանսների կառավարման ստաժի մասին հոդվածը որևէ տեղ հստակ ձևակերպված չէ, հարցումներ են արել հայաստանյան գործընկերներին: «Հոդվածը մեկնաբանության տիրույթում է, որպեսզի տարընթերցում չլինի, հանձնաժողովը որոշել է, որ երկու թեկնածությունները համապատասխանում են»,- ասել է Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ ՀՀ գործընկերները պատրաստվում են այդ օրենքում փոփոխություններ կատարել:
Արթուր Մոսիյանի խոսքով՝ մեկնաբանության իրավասություն ունի Սահմանադրական դատարանը, իսկ հանրային ֆինանսները պետական ֆինանսական կառավարման համակարգն է (պետական եկամուտներ, հարկային համակարգ, գանձապետական համակարգ) և մունիցիպալը՝ համայնքայինը:
Նիստի ընթացքում Վահրամ Բաղդասարյանը ներկայացրել է իր զինվորական գրքույկը, որտեղ նշված էր, որ նա 1984թ. հաշվառումից հանված է: Պատգամավոր, զինկոմիսարիատի նախկին աշխատող Սեյրան Հայրապետյանը կարծիք է հայտնել, որ զինվորական ծառայության հետ կապված հարցի դեպքում, պետք է գրավոր հարցում ուղարկել զինկոմիսարիատ:
Դավիթ Գալստյանը մտահոգություն է հայտնել նաև այն առումով, որ Հաշվեքննիչ պալատի պարտականությունների մեջ է մտնում 2020թ. բյուջեի հաշվեքննությունը, իսկ 2020թ. Վահրամ Բաղդասարյանը 7 ամիս եղել է ֆինանսների նախարար: Նրա խոսքով՝ այս հանգամանքը կասկածի տակ է դնում պալատի նախագահի օբյեկտիվությունը:
Արթուր Հարությունյանը հակադարձել է՝ նշելով, որ Հաշվեքննիչ պալատն ունի անդամներ և նախագահը միանձնյա որոշումներ չի կայացնում:
Ի վերջո, հանձնաժողովը 2 կողմ, 3 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ քվեարկել է «Արդարություն» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Դավիթ Գալստյանի օգտին, իսկ «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ներկայացրած թեկնածու Վահրամ Բաղդասարյանի օգտին՝ 4 կողմ, 2 դեմ:
Դավիթ Գալստյանը նիստի վերջում հայտարարել է՝ կհանդիպենք դատարանում:
Հիշեցնենք, որ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել 2020թ. հունիս ամսին՝ հանելով Հաշվեքննիչ պալատի անդամի առաջադրման որոշ սահմանափակումներ: Այն ժամանակ ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկել փոփոխություններին՝ առաջարկելով սահմանափակումները հարմարեցնել թեկնածուին, ոչ թե կոնկրետ թեկնածուի համար օրենք փոխել: