Գրական ցերեկույթ՝ նվիրված խնուշինակցի հերոսներին

Հունվարի 24-ին Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի դպոցում տեղի ունեցավ գրական ցերեկույթ՝ նվիրված հայրենիքի պաշտպանության համար զոհված գրող Հայասեր Հովսեփյանի և նրա համագյուղացիներ՝ Գուրգեն Շաքարյանի, Էդգար Դոլուխանյանի, Գրիգոր Գրիգորյանի հիշատակին։
Միջոցառման ընթացքում նահատակ խնուշինակցիների մասին խոնարհումի խոսքերով հանդես եկան դպրոցի աշակերտները, իսկ միջոցառմանը ներկա Հայասերի գրչակից ընկերները ընթերցեցին իրենց ստեղծագործություններից որոշ հատվածներ:


Խնուշինակի դպրոցի տնօրեն Նարինե Հայրապետյանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, շեշտել է, որ մեր պատմության ընթացքում բազում անմահ քաջեր ենք ունեցել, որոնց այսօր միացել են նորօրյա քաջերը՝ հանուն մեր պատառիկ հայրենիքի: Նրա խոսքով՝ Հայասերը համեստության տիպար էր, դեռևս պատանի Էդգարը միշտ բարձր է պահել դպրոցի անունն ու պատիվը՝ թե շրջանում, թե հանրապետությունում, իսկ Գրիգորին ու Գուրգենը աշխատասեր, ընկերասեր երիտասարդներ էին, որոնց բացակայությունը զգացվում է ամեն վայրկյան:

Միջոցառման նախաձեռնող Սոնա Համբարձումյանը տեղեկացրել է, որ երիտասարդ գրողներով ցանկացել են Ստեփանակերտում Հայասեր Հովսեփյանի հիշատակին միջոցառում կազմակերպել, հետո որոշել են այն անցկացնել նրա կրթօջախում, այնտեղ, որտեղ ծնվել, կրթվել, մեծացել է Հայասերը:

«Մենք պետք է նպաստենք, որ Արցախում կյանքը շարունակվի հանուն այն մարտիկների, ովքեր ելան պայքարի, ովքեր չվերադարձան, ովքեր հաշմված վերադարձան, ովքեր ֆիզիկապես կայուն վերադարձան, բայց հոգեպես անկայուն են»,- իր խոսքում նշել է Սոնա Համբարձումյանը՝ ընթերցելով իր բանաստեղծությունից մի հատված:

Սոնա Համբարձումյանը Հայասերի ծնողներին հանձնեց «Գրանիշ» համայնքի հատուկ մրցանակը:


Բանասիրական գիտությունների թեկնածու, դասախոս Տաթև Սողոմոնյանն իր ելույթում նշել է, որ Հայասերը բացառիկ անձնավորություն էր, որովհետև միշտ չէ, որ մարդու խոսքն ու գործն այդքան ներդաշնակ են: «Այդպիսի մարդկանց առջև մենք պետք է խոնարհվենք, հիշենք, մեծարենք: Այս ցերեկույթը այդպիսի մի մեծարում է: Այս երկիրը մեզ համար ոչ թե տաքուկ մի անկյուն է, ապրելուու հարմար վայր, այլ այն դարձել է հայրենիք, որը կարոտ է մեր խոսքին, մեր ոտնահետքին մեր ներկայությանը, մեր լեզվին, մեր ծիծաղին»,- ասել է Տ. Սողոմոնյանը:

Բանաստեղծ, իրավաբան, բանասեր Նանար Պողոսյանը, չի կարողացել հուզմունքը զսպել. սեղանին տեղադրված լուսանկարը ինքն էր արել Գանձասարում:

Խոսելով Հայասերի մասին, նշել է, որ նա մեծատառով մարդ է և ինքը աշխատում է լռել նրա մասին: «Մենք անընդհատ պատերազմում ենք, անընդհատ պայքարում ենք լույսի համար և վստահ եմ, որ այսօր ևս հանուն այս տղաների, մենք պարտավոր ենք ապրել, արարել ու նրանց պատիվը բարձր պահել»,- ասել է նա՝ ընթերցելով պատերազմի օրերին իր հեղինակած բանաստեղծություններից մեկը:
Բանաստեղծ, տնտեսագետ Սերգեյ Սաֆարյանի խոսքով այսուհետ ինչքան էլ ապրենք, պետք է ապրենք մեղքի զգացողությամբ, որ չկարողացանք 30 տարվա խաղաղությանը արժանի արժեք տալ: «Նեմրութ» գրական կեղծանունով հայտնի Սերգեյ Սաֆարյանը մեջբերել է իր տողերից մի հատված՝ «Եվ ինչքան կուզեք աղավնիներ բաց թողեք, միևնույն է՝ խաղաղությունը բերում են արծիվները»:

Միջոցառման մասնակիցներն այնուհետև այցելել են Խնուշինակի գերեզմանոց և հարգանքի տուրք մատուցել զոհված տղաների հիշատակին:



Տաթեւիկ Աղաջանյան