«Դժոխքի ձոր»-ի արարիչը. Գևորգ Ավանեսյան
Գլխավոր » Լրահոս » «Դժոխքի ձոր»-ի արարիչը. Գևորգ Ավանեսյան

«Դժոխքի ձոր»-ի արարիչը. Գևորգ Ավանեսյան

Պատերազմի օրերին «Դժոխքի ձոր» անունով հայտնի դարձած տեսանյութը մեծ տարածում էր գտել: Շատերի համար անհայտ է մնացել, թե ովքեր էին այդ ձորը թշնամու համար դժոխքի վերածածները: Նրանցից մեկը պայմանագրային զինծայառող Գևորգ Ավանեսյանն էր: Մարտակերտի շրջանից Քաշաթաղի շրջանի Մեղվաձոր գյուղի մոտակայք տեղափոխված Գևորգը դարձել էր իրենց խմբի փաստացի հրամանատարն ու ոգևորողը: Դիրքից դիրք էր անցնում, զինամթերք հասցնում ծառայակիցներին, գնդացիրով կրակում: Գևորգը զոհվել է նոյեմբերի 4-ին՝ մեծաթիվ թշնամիների հարձակումը հետ մղելիս: Դիպուկահարի արձակած գնդակը մահացու վիրավորում էր հասցրել վզի շրջանում:

Ձեռքերով փորած դիրքից կրակ էր թափում թշնամու վրա

Համագյուղացի, պահեստազորային Բենիկ Պետրոսյանը հիշում է այդ օրվա հարձակման մասին: Թշնամու մեծաթիվ ուժերին մոտ 40 հոգով են դիմակայել: Տեսնում էին, թե ինչպես է մի քանի օրվա ընթացքում տանկեր, ՀՄՄ-ներ, ուրալներ, զրահապատ մեքենաներ, հետևակ կուտակվում:

Երբ հասան Բերձորի շրջան, դեռ մինչև դիրքավորվելը, թշնամին կրակ բացեց նրանց վրա: Տղաներն ընկրկեցին, իսկ Գևորգը՝ ոչ: Նա ձեռքերով պաշտպանական փոս փորեց, եղունգներն արյունոտելով դիրքավորվեց և կրակ բացեց թշնամու վրա:

Հենց հայկական հրետանին ուղարկում են Շուշիի մոտ, հարձակվում են: «Առավոտյան 10-ի կողմերն էր, թանձր մառախուղ էր, երկու մետրից այն կողմ չէիր տեսնում: Նկատում ենք, որ տանկերի ձայնը կամաց-կամաց մոտենում է: Հետո մառախուռն անցնում է, տանկերը հասել էին մեզանից 50-100 մետր ներքև: Հետո սկսվում է մարտը, որը տևում է մի քանի ժամ»-, պատմում է Բենիկը:

Բենիկ Պետրոսյան

Կռվի թեժ պահին լսում է, որ Գևորգն օգնության կարիք ունի, իր գնդացիրով անցնում է նրա մոտ: Այդ դիրքում զոհվում է նաև Ակնաղբյուրից  Մաքսիմը, մարտը շարունակում են չորս հոգով: «Գևորգի զոհվելուց հետո մյուս երկու հոգին թողնում-փախչում են, դրանից հետո մի կես ժամ մենակ եմ մնում, հետո արկ է ընկնում դիրքը, ճիշտ է բեկորային վնասվածք չեմ ստանում, բայց վիրավորվում եմ»,- պատմում է Բենիկը:

Նա պատերազմի ժամանակ է բացահայտում նույն գյուղում ծնված ու մեծացած Գևորգի ռազմական ու մարդկային որակները. «Մի բատալիոն մարդ կար, բայց միայն ինքն էր բոլորին ոգևորում, կատակ անում, բոլորի զինամթերքը հասցնում: Ասում էր դիրքերից իջնելու եմ, ամուսնանամ, 7 Գևորիկ հետս անիմ»: Հարևան գյուղից մի աղջկա հետ էր շփվում, որի մասին հարազատները իմանում են զոհվելուց հետո, երբ աղջիկը Եռաբլուրում այցելում է նրա շիրիմին:

Նրա մարտընկերոջ խոսքով՝ Գևորգը զգում էր, որ զոհվելու է: Բայց մինչ անմահանալը մոտ 500 հոգու է վնասազերծել: Հերոսական դիմադրության շնորհիվ հաջողվել է կասեցնել գրոհը, իսկ նրանց մղած մարտից հետո թշնամին դիրքում մնացած երկու զոհերի մարմինները հանել ու ծածկել էր զինվորական համազգեստով: Սա իսկական ռազմիկի նկատմամբ հարգանքի նշան է:

Ես չեմ պատմելու, բայց իմ մասին կպատմեն

Որդու կորստյան վշտի հետ մեկտեղ հայրը՝ Արթուր Ավանեսյանը, հպարտություն է զգում: Բայց երանի, հպարտությունն այդքան ցավոտ չլիներ: Որդու հերոսությունների մասին լսելուց չի զարմանում, որովհետև ինքն այդպես է դաստիարակվել: Հարազատները պատմում են, որ Գևորգի հետ խոսելիս մի անգամ ասել է՝ ես չեմ պատմելու, բայց իմ մասին կպատմեն:

Արթուր Ավանեսյան

Գևորգը սիրում էր ընթերցել, իրեն Գևորգ Չաուշի հետ էր համեմատում: Նժդեհի, Դրոյի մասին գրքերը նրա սեղանի գրքերն էին:

Արթուրի խոսքով՝ Գևորգը շատ էր ուզում ռազմական կրթություն ստանալ, բայց բանակ զորակոչվելուց առաջ արված ոտքի վիրահատության և այդ մասին տպագրված հոդվածի պատճառով չի ստացվում: «Իսկ պատերազմի ժամանակ և դասակի, և վաշտի հրամանատար էր: Իրականում սպա էր դարձել»,- ասում է Արթուրը:

Երեք որդի ունի, բայց մտածում էր հենց նրա հետ ապրել. «Նա ավելի խղճմտանքով էր, չէր թողնում որևէ ֆիզիկական գործ անեի»:

Գևորգի խիզախ ոգին դրսևորվել է դեռևս Ապրիլյան պատերազմի ժամանակ: Գյուղի Ազատամարտիկների միության ղեկավարի, ըստ դիմումի պարգևատրման առաջարկը նա հեգնանքոն է ընդունում ու հրաժարվում:

Վանա լիճը երազող որդիները հիմա երազում են սեփական գյուղը տեսնելու մասին

Ծնվել է 1994թ. հունվարի 13-ին, բայց հայրը հունվարի 12-ին է գրանցել զույգ որդիների՝ Գևորգի և Գագիկի ծնունդը:

Դպրոց են հաճախել Ակնաղբյուրում, այնուհետև ստացել արհեստավորական կրթություն: Գերազանցությամբ ավարտում է ուսումնարանը, բայց չի ցանկանում շարունակել այդ մասնագիտության յուրացումը: Ստեփանակերտի Նարեկացու անվան համալսարանի իրավաբանական բաժինն է ընդունվում, այնուհետև զորակոչվում բանակ: Մոր՝ Ջուլիետայի մահից հետո տեղափոխում են Ստեփանակերտի կենտրոնական զորամաս:

Գևորգի մայրը՝ Ջուլիետան

Պարտադիր ծառայությունն ավարտելուց հետո մեկնում է ՌԴ, մի տարի աշխատելուց հետո հետ վերադառնում: Զորացրվելուց հետո Ստեփանակերտ այցելելիս գնում էր զորամասը, զրուցում նախկին հրամանատարների հետ: Մտերիմ էր հատկապես Աշոտ Ղուլյանի (Բեկոր) որդու՝ Արթուրի հետ:

Գևորգի հայրենի գյուղը՝ Ակնաղբյուրը, այժմ գտնվում է թշնամու վերահսկողության տակ: Գևորգի հայրը համոզված է, որ պետք է կազմակերպվել, հայությունն այդ ներուժն ունի. «Մենք ավելի վատթար վիճակներ ենք տեսել, բայց մոմի մարխի լույսը երբեք չի հանգել, մենք ճառագել ենք, մոխրի միջից փյունիկի նման հառնել ենք, հիմա էլ այլ տարբերակ չունենք»: Նշում է՝ Վանա լիճը երազող որդիները հիմա երազում են սեփական գյուղը տեսնելու մասին:

Տնից-տեղից զրկված, որդու կորստյան ցավը սրտում երկարամյա ուսուցչի միակ խնդրանքն այն է, որ հայությունը հայաշունչ դառնա, իսկ հոգով վիրավորվածներին մի հարց է ուզում տալ. Ո՞ւմից եք խռովել, կարող ես խռովել նախագահներից, իշխանավորներից, բայց հայրենի հողից չես կարող խռովել:

Հունվարի 12-ին ծնվել է Արթուրի թոռը, ում անվանակոչել են Գևորգի անունով:  «Պիտի ուրախանամ թոռնիկիս ծնունդով, բայց չեմ կարողանում»,- արցունքները զսպելով ասում է Արթուրը: Նրա մխիթարանքն այն է, որ որդին հաղթանակած է զոհվել: «Նորից կհպարտանամ այն ժամանակ, երբ հայությունը իր էությունը գտնի ու երեխայիս երազանքը՝ հաղթանակը, իրականություն դառնա»,- նշում է Արթուր Ավանեսյանը:

Տաթեւիկ Աղաջանյան

1