Սահմանամերձ դարձած Մաճկալաշենը
Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղն է: Գյուղի հենց մուտքի մոտ տեղադրված է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհված մաճկալաշենցիներին նվիրված հուշակոթող՝ «Կյանքս՝ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ» գրությամբ: Այս կարգախոսի ներքո են 1990-ականներին մաճկալաշենցիները միացել ազատագրական պայքարին, հաղթել, արարել և այդ կարգախոսի ներքո են նրանք 2020 թ. պատերազմի ժամանակ հերոսաբար դիմակայել թշնամու գրոհներին:
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գյուղից 28 հոգի են զոհվել, իսկ այժմ գյուղում սգում են 10 մաճկալաշենցիների մահը, մի հոգու ճակատագիր էլ դեռևս անհայտ է: Երևանում բնակվող Վահե Ավանեսյանը, ով մաճկալաշենցու թոռ է, պատերազմի բռնկումից հետո շտապում է առաջնագիծ: Մարտերի ժամանակ, կրակելով մոտենում է թշնամու դիրքին, նռնակ նետում, մտնում դիրքը: Դրանից հետո ծառայակիցները տեսնում են, որ նրան բռնել են ու մինչև օրս տեղեկություն չկա Վահեից:
Մաճկալաշենի մերձակայքում մարտական գործողությունները սկսվել են հոկտեմբերի 22-ին, թշնամին որոշակի առաջխաղացում է ունեցել ու մինչև օրս մնացել նույն դիրքում: Հիմա Մաճկալաշենը «վերադարձել է» 1990-ականներից առաջ առկա վիճակին: Այն տարիներին հարևանությամբ ադրբեջանական գյուղ կար, իսկ այժմ գյուղի մոտակա բլուրների վրա են ադրբեջանցիները դիրքավորվել:
Թթենիների միջով ճանապարհը տանում է դեպի համայնքապետարանը, որտեղ հանդիպում ենք համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանին: Գյուղապետարանի նրա սենյակում կախված է միայն Մոնթեի նկարը: Ասում է՝ նրա սիրած էկիպաժն էինք: Համայնքի ղեկավարի աջ ձեռքը դեռևս անշարժ է, վիրավորվել է գյուղի պաշտպանության ժամանակ. անտառում հանդիպել է զինված թշնամուն, իրար վրա կրակել են, վերջինս հասցրել է միայն մի կրակոց արձակել:
20 տարի ՊԲ-ում ծառայած սպան մեծ տարբերություն է նկատում Արցախյան նախորդ պատերազի և 44-օրյա պատերազմի միջև: «Այս անգամ հիմնականում անօդաչու թռչող սարքերն են կռվել: Ջաբրայիլում մարտական գործողությունների ժամանակ կարողանում էին խորքում տանկ խոցել: Մինչև դիրքեր հասնելը վերացրել են բոլոր պահեստային ուժերը: Հենց դրանից է սկսվել մեր պարտությունը»,- ասել է Լ. Ավանեսյանը:
Մինչ պատերազմը 596 բնակիչ ուներ Մաճկալաշենը, մշտապես 400-ից շատ մարդ էր ապրում, դպրոցը՝ 67 աշակերտ, իսկ մանկապարտեզը 24 սանիկ ունի:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ գյուղի բնակիչների մեծ մասն արդեն վերադարձել է: Բայց բնակիչների զբաղվածության հարցը կդժվարանա: «Հիմնականում հողագործությամբ, անասնապահությամբ էին զբաղվում գյուղում, բայց մեր վարելահողերի 60-70%-ը անցել է ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ: Մնացած հողատարածքների մեծ մասն էլ տեսանելի է իրենց կողմից: Արոտավայրերի բացակայության պայմաններում անասնապահությամբ զբաղվելն էլ կդժվարանա»,- նշել է Լեռնիկ Ավանեսյանը:
Բայց համայնքի ղեկավարին ավելի շատ մտահոգում է ստեղծված անորոշ վիճակը, համոզված է, որ որոշակի հստակության պարագայում գյուղում կյանքը կաշխուժանա:
«Գյուղից դուրս գալը բացառվում է: Ես չեմ պատկերացնում ուրիշ տեղ ապրելը ու ինձ նման շատերն են մտածում»,- նշել է Մաճկալաշենի համայնքի ղեկավարը՝ ավելացնելով, որ առաջնայինը անվտանգության ապահովումն է: