Իշխանությունները անկարող են ապահովել հայության կենսական շահերի պաշտպանությունը
ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի մեկնաբանությունը Հադրութի շրջանում ստեղծված կացության շուրջ.
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ոտնձգությունը Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի՝ Արցախի վերահսկողության տակ գտնվող Խծաբերդ, Հին Թաղեր բնակավայրերի եւ մեր ժողովրդի սրբավայրերից մեկի՝ Դիզափայտի Կատարո վանքի ուղղությամբ:
Այս ոտնձգությունը խախտում է սույն թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարորության հիմնարար սկզբունքը, համաձայն որի հակամարտող կողմերը պետք է մնան իրենց զբաղեցրած դիրքերում: Ռուսաստանի Դաշնությունը, որպես այս հայտարարությունը ստարագրող կողմ եւ դրա պայմանների իրականացման երաշխավոր, պարտավոր է անհապաղ վերականգնել նոյեմբերի 9-ի դրությամբ գոյություն ունեցող պաշտպանական բնագիծը:
Այս իրողոթյունը եւս մեկ ապացույց է մեր այն համոզմանը, որ Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների օրվա իշխանույթունները անկարող են ապահովել հայության կենսական շահերի պաշտպանությունը:
Նկատի ունենալով վերոհիշյալը, պահանջում ենք ԱՀ իշխանություններից անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ զինելու մեր քաղաքացիներին՝ անհրաժեշտության դեպքում ազգաբնակչության ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար: