Այսօր ոգեկոչման օր է, նոր օր է ուժ առնելու, մեջքներս ուղղելու
Գլխավոր » Գաղափարական » Այսօր ոգեկոչման օր է, նոր օր է ուժ առնելու, մեջքներս ուղղելու

Այսօր ոգեկոչման օր է, նոր օր է ուժ առնելու, մեջքներս ուղղելու

Այսօր հավաքվել ենք այստեղ հիշատակելու մեր քաջ նահատակներին. Զինվորների եւ սպայական կազմի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, մոմովառության երթի ավարտին Մատենադարանի մոտ իր ելույթում նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը:

«Վստահ եղեք, որ անհավասար մարտում մեր քաջ բանակը, քաջ հերոս տղաները մի քանի անգամ կորուստ են պարգեւել նրանց: Մեր քաջերը խեղճ մատաղացու չեն եղել, սա 1915 թվականը չի եղել: Մեր քաջերը տվել են արժանի պատասխան: Անհավասար մարտում, երբ մեր բանակը, անձամբ ես առաջին օրերից հետո, այն կորուստները, որ ես տեսա, մտածեցի, որ մեկ շաբաթ հետո մեր բաակւ կկազմալուծվի, չի դիմանա այդ հարվածին: Բայց փառք ու պատիվ մեր գեներալներին, որոնք մոտակա կռվի մեջ մտնելով, զինվորին իրենց կրծքով պաշտպանելով կարողացան օրինակ ծառայել եւ պաշտպանել: Հազար փառք 18-20 տարեկան զինվորներին եւ կամավորական այն տղաներին, որոնք տունը չնստեցին, գնացին սահմանները պաշտպանելու:

Այսօր մենք խեղճանալու, գլխիկոր քայլելու առիթ չունենք: Պարտվել ենք, ցավ է, մենք զինադադարի հաջորդ պահից ճիշտ չենք պատրաստվել: Մեր նահատակները մեզ հրամայում են, վաղվանից պետք է պատրաստվենք, այնքան ուժեղ լինենք, որ որեւէ թշնամի չհամարձակվի ոտնձգություն անել»,-ասաց Տարոն Տոնոյանը:

«Խորին խոնարհում այն բուժքույրերին, որոնք վիրահատականի սեղանը չէին լքում, վազեին տեսնեին իրենց վիրավոր երեխային բերեն, թե չէ: Խորին խոնարհում այն զինվորին, որ հրամանատարը զանգեց ասեց՝ բժիշկ, քո հարազատն էստեղ է, չի ենթարկվում հրամանին, ասել են՝ Հադրութի վաշտը պիտի դուրս գա: Ասեցի, հեռախոսը փոխանցեք իրեն, ասացի՝ Նարեկ ջան, դուրս պետք է գաք, արդեն գրեթե շրջափակման մեջ եք: Ասեց՝ 70 հոգի էինք, մնացել ենք 27-ը, մենք էդ տղերքին երդում ենք տվել, որ էս պոստը չենք թողի: Մենք տենց հերոս տղերք ունենք: Էդ տղերքը մեզ հրամայում են՝ երբեք չխեղճանաք, երբեք ոչ մեկի մտքով չանցնի՝ գաղթի ճանապարհը բռնի եւ ավելի բարեկեցիկ կյանք փնտրի: Մնանք, հզորացնենք, կառուցենք այն երկիրը, որի համար զոհվեցին մեր երեխաները: Նրանք երեխաներ չէին, հասուն քաջեր էին, կազմավորված, հերոս, կրակների տակ իրենց վիրավոր ընկերներին հանող, պատվով արժանապատիվ քաջ տղաներ էին:

Սիրելի որդեկորույս մայրեր, ծանր վշտի առաջ ենք կանգնած, բայց ես լիահույս եմ՝ մենք ոտքի ենք կանգնելու եւ մի օր այսպես բռունցքված պիտի թշնամու գանգին տանք ու պետք է վերադառնանք մեր Շուշի, Հադրութ, Սղնախ, Բերդաձոր: Սա է մեր զոհերի հրամայականը: Այսօր ոգեկոչման օր է, նոր օր է ուժ առնելու, մեջքներս ուղղելու, ամեն օր ազնիվ աշխատելու»,-ասաց նա:

arfd.am

1