Հրադադար` մարդասիրական նկատառումներով
Գլխավոր » Լրահոս » Հրադադար` մարդասիրական նկատառումներով

Հրադադար` մարդասիրական նկատառումներով

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են հոկտեմբերի 10-ից հրադադար հաստատել և դադարեցնել տասներեք օր շարունակված պատերազմը, որն ամենաարյունալին ու լայնատարածն էր 1994-ի հրադադարից ի վեր:

Պայմանավորվածությունը ձեռք բերվեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ Մոսկվայում` Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի միջև ավելի քան տասը ժամ տևած բանակցություններից հետո: Դռնփակ հանդիպման ավարտին տարածվեց արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որով կողմերը համաձայնում են հրադադար հաստատել հոկտեմբերի 10-ից` ժամը 12:00 -ից` մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար` Կարմիր Խաչի միջնորդությամբ:

Նշվում է, որ հրադադարի առավել հստակ պայմանները դեռ պետք է համաձայնեցվեն: Միաժամանակ, կողմերը հավաստում են, որ բանակցությունների ձևաչափը փոփոխության ենթակա չէ, ինչպես նաև հայտարարում, որ սկսում են հակամարտության կարգավորման շուրջ առարկայական բանակցություններ` Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, հիմնարար սկզբունքների հիման վրա` խնդրի խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու համար:

Եռակողմ հանդիպումը տեղի էր ունեցել Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ, ով երեկ ուշ երեկոյան հորդորել էր Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին մարդասիրական հրադադար հաստատել և այդ նպատակով Մոսկվա էր հրավիրել երկու երկրների արտգործնախարարներին: Ավելի վաղ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ մի շարք հեռախոսազրույցներ էր ունեցել նաև Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը: Ելիսեյան պալատի խոսնակը «Ֆրանսպրեսին» ասել էր, որ կողմերը գնում են դեպի հրադադարի, որը կարող է հայտարարվել առաջիկա օրերին:

1