«Եթե Էրդողանը գործնականում կյանքի կոչի իր պանթյուրքական տեսությունը, Ռուսաստանը գոյություն չի ունենա». Եվգենի Սատանովսկի
Ռուսաստանցի արևելագետ Եվգենի Սատանովսկին անդրադարձել է Արցախում վերսկսված պատերազմական գործողություններին։
Նա Ռուսաստանի համար մեծ վտանգ է տեսնում, քանզի այդ իրադարձությունների հետևում կանգնած է Թուրքիան՝ իր առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավակնոտ ծրագրերով: «Եթե Էրդողանը գործնականում կյանքի կոչի իր պանթյուրքական տեսությունը, Ռուսաստանը գոյություն չի ունենա»,- կանխատեսում է գիտնականը:
Սատանովսկին ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Ղարաբաղի վերաբերյալ Մինսկի խմբի հայտարարությունից հետո արձագանքել է ոչ թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այլ Թուրքիայի ղեկավար Էրդողանը: Միևնույն ժամանակ, ըստ Սատանովսկու, Էրդողանը մերժել է Մինսկի խմբի առաջարկը` դադարեցնել ռազմական գործողություններն ու բանակցությունները` «փաստացի գրողի ծոցն ուղարկելով ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին»:
Քաղաքագետը նշում է, որ Թրամփն ու Մակրոնը ոչինչ չեն ձեռնարկի այս հարցում, քանի որ Ղարաբաղը հեռու է Ֆրանսիայից, առավել ևս` ԱՄՆ-ից։ «Ի՞նչ: Պատրաստվո՞ւմ ենք նրանց հետևից գնալ նույն հասցեով: Շատ թանկ կնստի մեզ վրա»,- նշել է Սատանովսկին: Նա շեշտել է, որ այստեղ հարցը Հայաստանը չէ, բայց Ռուսաստանը չի կարող ինչ-որ մեկին թույլ տալ ինչ-որ բան անել Ռուսաստանի սահմանների մոտ:
«Ադրբեջանը հանձնելով Էրդողանին և թույլ տալով նրան պատերազմ վարել նախկին ԽՍՀՄ տարածքում` Ռուսաստանը կստանա այնպիսի մի ապտակ, որը Ուկրաինայից ավելի վատ կլինի», — կարծիք է հայտնել Սատանովսկին։
«Հին թշնամին վերակենդանացել է. օսմանյան Բարձր դուռը՝ նոր տեսքով: Մեր սեփական փողերի, մեր գազի, նավթի, ագահության ու անփութության վրա: Մենք նրան դաստիարակեցինք և բացարձակ անպատժելիության զգացում սերմանեցինք»,- նշել է է Սատանովսկին իր թելեգրամյան ալիքում` ավելացնելով, որ Էրդողանը կարողացել է խուսափել ռուս օդաչուի և դեսպանի սպանության պատասխանատվությունից: «Մենք իսկապե՞ս ապուշեր ենք: Դե, նա մեզ այդպիսին է տեսնում: Եվ նա մեզ հետ այդպես է վարվում։ Մենք դրան արժանի ենք», — եզրափակել է փորձագետը:
yerkir.am